Հովհաննես Ծործորեցի
Եւ բազում ժողովուրդ իրենց զգեստները փռեցին ճանապարհի վրայ, իսկ ուրիշներ ծառերից ճիւղեր էին կտրում ու սփռում ճանապարհի վրայ:
Եվ ժողովրդից շատերը փռում էին իրենց հագուստները:
Ժողովրդի` [Հիսուսին] ընդառաջ ելնելու պատճառը Հովհաննեսն է նշում` [ասելով], որ [Հիսուսը] Ղազարին գերեզմանից կանչեց ու հարություն տվեց, այդ պատճառով էլ ժողովուրդը Նրան ընդառաջ գնաց` շարժված թե՛ Հոգուց, թե՛ հրաշքներից, ինչպես ասել եմ. մեծ Արքային ընդառաջ ելան թե՛ ծերեր, թե՛ մանուկներ: Ծերերը հագուստներ էին փռում ճանապարհին` ի պատիվ Ուսուցչի (ինչպես սովոր են [տարբեր] երկրների ժողովուրդներն անել քաղաքների դռների մոտ, երբ մտնում են ինքնակալները) և որպես խորհուրդ իրենց մեջ [Նրա] բնակվելու, որպեսզի էշի ոտքերն իրենց հագուստները տրորեին և ոչ թե գետինը:
Իսկ այլաբանորեն` աշխարհի բոլոր ծագերը, որոնք հավատացին Քրիստոսին, հնազանդվեցին ավետարանին և Նրա առաջ սփռեցին իրենց սիրտը` հանելով անօրինության զգեստն այս կյանքի ողջ ճանապարհին: Կամ էլ` լույսն իբրև զգեստ Հագնողը 1121 հագավ մեր հողեղեն բնությունը և ձորձի պես մեռած դարձավ, և այս խորհրդով էր, որ [մարդիկ] տարածեցին ձորձերը` խորհրդանշելով Տիրոջ` թաղմամբ տարածվելը նոր գերեզմանում: Ուրիշ կերպ ևս [կարելի է մեկնել]. հանուն Նրա սիրո` սրբերից շատերն իրենց մարմինը, որ [այստեղ] ձորձով է խորհրդանշվում, մարտիրոսության արյամբ տարան Տիրոջ մոտ` Քրիստոսի մահվան ճանապարհով ընթանալով, որով դեպի երկինք ուղևորվեցին:
Ուրիշներ էլ ծառերից ոստեր էին կտրում և սփռում ճանապարհին:Ըստ տարիքի բնության` նաև գործը կազմեցին. ծերերը` հագուստ, իսկ մանուկները, ըստ իրենց աշխույժ տարիքի, ոստերով փառավորեցին Նրան, որովհետև գարնանային եղանակ էր, որը խորհրդանշում է հոգևոր գարունը և Թագավորի հաղթանակը մահվան ու դժոխքի հանդեպ: [Ոստեր սփռելով] նաև ցույց էին տալիս, որ [արարչագործության] սկզբում Նա էր ասողը. «Թող երկիրը ծաղիկ ու պտղաբեր ծառ աճեցնի» (հմմտ. Ծննդ. 1։11), որովհետև ինչպես որ [Քրիստոսի] ծննդյան ժամանակ մոգերի թագավորները 1122 խորհրդակիր ընծա բերեցին` Նրա մեռնելը կանխագուշակելով, այդպես էլ այստեղ [մանուկները] ոստերով հայտնեցին Նրա արարիչ լինելը: Նա, Ով ծառերի գեղեցիկ ծաղիկները փուշ դարձրեց, այժմ դարձյալ սկզբնական աստվածանման գեղեցկությամբ` տերևներով ու ծաղիկներով է զարդարում` վերացնելով երկրի փշաբերության անեծքը 1123: Այլև, մեղանչումից հետո մոռանալով Արարչին, [մարդիկ] ծաղկած ճյուղերը ձոնում էին կուռքերի դևերի պաշտամունքին, իսկ այժմ, ըստ Դանիելի տեսիլքի 1124 ճանաչելով եկած Թագավորին` կռապաշտությունը վերացնողին, [դրանք] ընծայեցին ճշմարիտ Տիրոջը, ինչպես այն կրակը, որն ընծայվեց Տաճարում 1125:
Քանի որ արմավենու և ձիթենու ոստեր էին, ուստի դրանք աստվածային և թագավորական սպասավորությունն են [խորհրդանշում]: Արմավենին բարձր է ու քաղցրապտուղ` բարձրությամբ խորհրդանշելով [Քրիստոսի] գալուստը բարձունքներից` ըստ Հովհաննեսի. «Ով վերևից է գալիս, ամենքից վեր է» (Հովհ. 3։31), իսկ քաղցրությամբ` Նրա անուշ վարդապետությունը` ըստ այսմ. «Քաղցր են իմ քիմքում Քո խոսքերը» (Սաղմ. 118։103): Ձիթենին էլ [խորհրդանշում է] ողորմության յուղը, այլև մկրտության շնորհով օծումը` ըստ ձիթենու այն տերևի, որը Նոյի օրերին աղավնին բերեց 1126, և որը խորհրդանշում էր Եկեղեցու պարգևները:
Այլև քանի որ դեպի դրախտի [արգելված] ծառն ընթանալով` ընդունեցինք պատվիրանազանցության պտուղը, որով մերկացանք և տերևով ծածկվելու կարիքն ունեցանք, այդ պատճառով էլ, երբ ճանապարհին նույն ոստերը սփռեցին և Հիսուսը նրանց վրայով ընթացավ ու մեր հակառակորդի զորությունը ոտնակոխ արեց, մեզ վերստին անապական զգեստ հագցրեց:
Նաև` Երուսաղեմն այս աշխարհն է [խորհրդանշում], և [Քրիստոսի] այս գալուստը [Երուսաղեմ] խորհրդանշում է Նրա երկրորդ գալուստը, երբ ծերերը` առաքինությամբ և մանուկներն արիությամբ ընդառաջ գնալով և իրենց գործերը Փրկչին մատուցելով, «ամպերով հափշտակվելով Տիրոջ առաջ` այդպես ամեն ժամ Տիրոջ հետ են լինելու» (հմմտ. Ա Թես. 4։16): Ըստ մարգարեի` «Արդարներն արմավենու պես ծաղկելու են և պտղալից ձիթենու պես տնկվելու Տիրոջ տան մեջ, ծերության մեջ հյութեղ, խոշոր ու փափուկ են լինելու» (հմմտ. Սաղմ. 91։13-15):
Իսկ այլաբանորեն` խոսվում է առաքյալների քարոզության մասին, որով ծառերից ոստեր պոկվեցին, այսինքն` որդիները` հայրերից` ըստ Տիրոջ. «Եկա բաժանելու որդուն հորից և դստերը` մորից» (հմմտ. Մատթ. 10։35), և բերվեցինք Փրկչի ճանապարհի վրա` քրիստոնյա անվանվելով: Այլև յուրաքանչյուրն իր սովորություններից կտրվեց, որոնք կպած էին [նրան], ինչպես [մարմնի] անդամը` մարմնին կամ ոստը` ծառին, որովհետև հնացած սովորությունը բնություն են կոչել, և դրանից կտրվեցին [մարդիկ] և այս նոր կրոնին աշակերտեցին:
Ստեփանոս Սյունեցի
Եւ բազում ժողովուրդ իրենց զգեստները փռեցին ճանապարհի վրայ, իսկ ուրիշներ ծառերից ճիւղեր էին կտրում ու սփռում ճանապարհի վրայ:
«Բազում ժողովուրդներ իրենց զգեստները փռեցին» և այլն: «Ուրիշներ ծառերից ճյուղեր էին կտրում»:
Ժողովուրդների բազմությունները [նրանք են], ովքեր իրենցում ճանապարհ պատրաստեցին կենարար Խոսքի համար:
[Կտրում էին] հին գրի կապված և անհայտ խոսքերը, որոնք նոր վարդապետները՝ Սուրբ Հոգու ազդեցությամբ, Քրիստոսին վերագրեցին՝ իսկապես գիտենալով, թե Նրա վերաբերյալ ասվեցին:
Մաղաքիա արք. Օրմանյան
8-9․ Եւ բազում ժողովուրդ իրենց զգեստները փռեցին ճանապարհի վրայ, իսկ ուրիշներ ծառերից ճիւղեր էին կտրում ու սփռում ճանապարհի վրայ: Առաջից եւ յետեւից գնացող ժողովրդի բազմութիւնը աղաղակում էր ու ասում. «Օրհնութի՜ւն Դաւթի Որդուն, օրհնեա՜լ է նա, որ գալիս է Տիրոջ անունով, օրհնութի՜ւն՝ բարձունքներում»:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 21:4
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: