Սրբ. Եփրեմ Ասորի
22-23. Տէր Աստուած Ադամից վերցրած կողոսկրից կին արարեց եւ նրան բերեց Ադամի մօտ: Ադամն ասաց. «Այժմ սա ոսկոր է իմ ոսկորներից եւ մարմին՝ իմ մարմնից: Թող սա կոչուի կին, որովհետեւ իր ամուսնուց ստեղծուեց»:
«Եվ Ադամի վրա ասում է նիրհ բերեց», որ եբրայերեն ասվում է քուն: Եվ ասում է. «Վերցրեց մի ոսկոր նրա կողից և նրանով ստեղծեց կնոջ պատկերը», որպեսզի լինի աշխարհի սկիզբը և Ադամից ստեղծեց Եվային, որպեսզի կատարվի խոսքը, որ ասում է «Արու և էգ ստեղծեց նրանց», որպեսզի ոչ ոք չկարծի, թե կնոջն այլ արարիչ է ստեղծել: Աստված Եվայի վրա շունչ չփչեց, որովհետև երբ ստեղծեց Ադամի կողը՝ շնչով հանդերձ կազմեց այն, որովհետև շունչը շնչից չի ծնվում, ինչպես մարմինը մարմնից: «Ասում է, ոսկոր իմ ոսկորներից»: «Եվ թող լինեն ասում է, երկուսը մի մարմին», այլ ոչ թե շունչ: Այս ասում ենք, որովհետև երբ ժամանակին ստեղծեց կողը, այն կազմեց բոլոր անհրաժեշտ պարագաներով: Այլ կրկին ասում ենք, եթե Եվան Ադամի պես ստեղծված լիներ հողից, միգուցե հրապուրվեր իշխանության փառքով: Եվ ոչ էլ գլխից ստեղծեց կնոջը, որպեսզի հանդուգն չլինի: Ինչպես օրինակ ամեն խոսք գլխինն է, այնպես էլ ամեն լռություն` կողինը: Այդ պատճառով էլ առաքյալը պատվիրում է և ասում. «Որպեսզի չխոսի եկեղեցում, ինչպես խոսեց դրախտի մեջ»: Միգուցե կանայք տրտմեցին, լսելով իրենց հնազանդության մասին, մինչդեռ պետք է ուրախ լինեն, որովհետև նրանց ավելին է տրված, քան Ադամին: Ադամը ստեղծվեց և կազմվեց չմշակված հողից, իսկ կանայք բանական կենդանուց ստեղծվեցին, որով մեծարվում է նրանց անձը: Որովհետև ինչպես նախամայր Եվան խափանեց մարդկության կյանքը, այնպես էլ կույս Մարիամը, որ ծնեց Քրիստոսին, ուղղեց և նորոգեց աշխարհի կյանքը:
Ա. Լոպուխին
Եվ Տեր Աստուած Ադամից վերցրած կողոսկրից կին արարեց և նրան բերեց Ադամի մոտ: (Սինոդական թարգ․)[22]
Եվ Տեր Աստված ... կողոսկրից կին արարեց… Աստվածաշնչյան այդ մանրամասնությունը շատերին գայթակղություն է թվում և, դրա հիման վրա, ոմանք (ռացիոնալիստները) առաջին կնոջ արարման մասին ամբողջ պատմությունը առասպել են համարում, ուրիշները այն մեկնում են այլաբանորեն (նույնիսկ Եկեղեցու հայրերից և ուսուցիչներից ոմանք): Սակայն աստվածաշնչյան տվյալ շարադրանքի բուն բնույթը, որն այնքան խնամքով է նշում բոլոր մանրամասնությունները, բացառում է այլաբանության հնարավորությունը: Իսկ ինչ վերաբերում է տվյալ գործընթացի՝ իբր ակնհայտ անհավանական և անբնական լինելու հղումներին, ապա երբ խոսքը սովորական երևույթի մասին չէ, այլ հրաշքի, գերբնական իրադարձության, նմանատիպ հղումները առնվազն տեղին չեն: Մարդկության սկիզբը անհրաժեշտության հետևանքով արտառոց դարաշրջան էր, և այն ժամանակ շատ բան տեղի էր ունենում այլ կերպ, քան հետագայում. Եվան չէր կարող մայր ունենալ, հետևաբար, պետք է, առաջանար անսովոր, գերբնական ճանապարհով, և այդ պատճառով ինչու Արարիչը չէր կարող ՝ դրա միջոցով մեզ մեծ դասեր տալու համար, նրան արարել բառացիորեն այնպես, ինչպես մեզ հաղորդում է սրբազան տեքստը: Այս պատմության բառացի իմաստը հաստատվում է նաև Սուրբ Գրքի այլ տեղերով (Ա Տիմ. 2։11–13, Եփես. 5։25–26), որտեղ բացահայտվում է նրա խորը նշանակությունը, այն է՝ ամուսնու և կնոջ, և դրա միջոցով, նաև ամբողջ մարդկության միասնական բնություն ունենալու փաստը, նրանց փոխադարձ ձգողության հիմքը և նրանց պատշաճ փոխհարաբերությունների բնույթը:
--------------------------------
[22](Էջմիածին թարգ․) Տէր Աստուած Ադամից վերցրած կողոսկրից կին արարեց եւ նրան բերեց Ադամի մօտ:
(Արարատ թարգ․) Եվ Տեր Աստված Ադամից վերցրած այն կողոսկրից մի կին ստեղծեց և նրան բերեց Ադամի մոտ:
(Գրաբար) Եւ շինեաց Տէր Աստուած զկողն զոր ա՛ռ յԱդամայ ի կին, և ած զնա առ Ադամ:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: