Ծննդոց գրքի մեկնություն 23:2

Ա. Լոպուխին

Եվ Սառան մահացավ Կարիաթ Արբայում՝ ներկայիս Քեբրոնում՝ Քանանի երկրում: Աբրահամը եկավ, որ ողբա ու սգա Սառայի մահը: [2] (Սինոդական թարգ․)
   
   «Եվ Սառան մահացավ Կարիաթ Արբայում` ներկայիս Քեբրոնում»…Սուրբ Ֆիլարետը, պարզաբանելով այն թյուրիմացությունը, թե ինչու Սառան մահացավ Քեբրոնում և ոչ թե Բերսաբեեում (Երդման Ջրհորում), որտեղ ապրում էր Աբրահամը և որտեղից եկավ սգալու նրա մահը, ասում է, որ Աբրահամն իր կյանքի մայրամուտին երկու բնակավայր ուներ, որտեղ էլ հերթով տեղափոխվում էր իր հոտերի հետ: Այդ բնակավայրերից մեկում՝ հնագույն Կարիաթ Արբայում, խաղաղության մեջ ապրում էր զառամյալ Սառան: Բնակավայրն առանձնանում էր բարենպաստ եղանակով: Իսկ Աբրահամն ավելի հաճախ մյուս տեղում էր լինում, այսինքն՝ Բերսաբեեում, որտեղ կենտրոնացված էին նրա հիմնական հոտերը:

   Քեբրոն քաղաքի անվան վերաբերյալ Ծննդոց  գրքի 13:18–ի ծանոթագրությունը:

   «Եվ Աբրահամը եկավ, որ ողբա և սգա Սառայի մահը»…Այսինքն՝ նա որոշ ժամանակ անցկացրեց իր երկրի հուղարկավորության ծեսերը կատարելու համար, որոնք թե՛ կորստյան վշտի բնական արտահայտությունն էին, թե՛ շնորհակալության ու հարգանքի տուրք էին հանգուցյալին (Ծննդ. 27:41, 50:1, 3–4, 10, Գ Թագ. 13:29–30, Երեմ. 16:5, Ժող. 7:2 և այլն):
--------------------------------
[2](Էջմիածին թարգ․) Նա մեռաւ կիրճի մէջ գտնուող Արբոկ քաղաքում: Սա Քանանացիների երկրում գտնուող Քեբրոնն է: Աբրահամը եկաւ, որ ողբայ ու սգայ Սառայի մահը:
(Արարատ թարգ․) Եվ Սառան մեռավ Կարիաթարբայում՝ Քեբրոնում, որ գտնվում է Քանանի երկրում: Եվ Աբրահամը եկավ, որ սգա ու ողբա Սառայի մահը:
(Գրաբար) Եւ մեռաւ Սառա ի քաղաքի Արբոկա՛ ի ձորն, ա՛յն ինքն է Քեբրոն յերկրին Քանանացւոց։ Եւ եկն Աբրաամ կոծե՛լ զՍառա և սո՛ւգ առնուլ։