Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 23:39

Հովհաննես Ծործորեցի

բայց ձեզ ասում եմ, որ այսուհետեւ ինձ այլեւս չէք տեսնի, մինչեւ որ ասէք՝ օրհնեա՜լ է նա, որ գալիս է Տիրոջ անունով»:

 

    Բայց ասում եմ ձեզ. այսուհետև այլևս չեք տեսնի Ինձ, մինչև ասեք. «Օրհնյա՜լ է Տիրոջ անունով Եկածը»:

    Կամ այս խոսքերն ասելուց հետո այլևս չտեսան Նրան մինչև Ծաղկազարդի օրը, երբ ավանակով մտավ Երուսաղեմ, և մանուկները երգեցին «Օվսաննա»ն ու Տիրոջ անունով օրհնությունը 1285: Եվ ինչո՞ւ է ասում այս մասին. որովհետև կամենում է սիրո միջոցով նրանց դեպի Իրեն ձգել, քանի որ նրանք շարունակ մեղադրում էին Նրան այն բանում, որ [Իրեն] Աստծո [տեղ է դնում] և Աստծուն հակառակ է: Ուստի սրանով հորդորում է նրանց սիրելու Իրեն, որով Հոր հետ միաբան է ցույց տալիս Իրեն` թե՛ մանուկների, թե՛ ժողովրդի վկայությամբ: Կամ էլ` [այս խոսքով] ակնարկում է հարության ու Իր երկրորդ գալստյան մասին: Իսկ որ «այսուհետև» ասաց, բնավ մի՛ զարմացիր, որովհետև խաչելության ժամանակը նշանակեց, որպես թե ասեր. «Այլևս չեմ կամենում ձեզ ուսուցանել կամ քարոզելով զրուցել մինչև հաջորդ գալուստս, երբ գալու եմ Հոր փառքով, և ամենքդ, որ այժմ անհավատության մեջ եք, կերկրպագեք` շարունակ փառավորելով Իմ անունը Հոր հետ, բայց դրանից ոչ մի օգուտ չեք ունենա, այլ մանավանդ կդատապարտվեք, քանի որ դա փրկության ժամանակը չէ, այլ դատաստանի ու հատուցման»: Մանավանդ որ ոչ թե հոժարությամբ, այլ ակամա, [Տիրոջ] փառքից պարտադրված է «ամեն լեզու Տեր խոստովանելու Հիսուս Քրիստոսին Հայր Աստծո փառքի մեջ» (Փիլ. 2։11), եկած երկրորդ անգամ, որպեսզի փրկի Իր անունը խոստովանողներին և արժանացնի «մեր խոնարհ մարմինը կերպարանակից դառնալու Իր փառավոր մարմնին» (Փիլ. 3։21), որպեսզի «Աստված լինի ամեն ինչ ամեն ինչում» (Ա Կոր. 15։28)` Հոր շնորհով և Սուրբ Հոգու գթությամբ: [Նրանց] փառք և պատիվ այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից: Ամեն:
   

Մաղաքիա արք. Օրմանյան

բայց ձեզ ասում եմ, որ այսուհետեւ ինձ այլեւս չէք տեսնի, մինչեւ որ ասէք՝ օրհնեա՜լ է նա, որ գալիս է Տիրոջ անունով»:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 23:33