Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 25:1

Հովհաննես Ծործորեցի

«Այն ժամանակ երկնքի արքայութիւնը պիտի նմանեցուի տասը կոյսերի, որոնք իրենց լապտերներն առած՝ փեսային եւ հարսին դիմաւորելու ելան:

 

   Այդ ժամանակ երկնքի արքայությունը կնմանվի տասը կույսերի, ովքեր իրենց լապտերները վերց նելով` փեսային ու հարսին ընդառաջ ելան:

   [Տերը] նախորդող խոսքերի համար օրինակ է սահմանում. ինչպես որ Իր գալստյան համար թզենու [օրինակը բերեց], այդպես չար ծառաների համար` կույսերին: Իսկ ինչո՞ւ է տասը կույսերի մասին առակ պատմում: Նախ` որովհետև կուսությունը մեծ [առաքինություն] է. դա երևում է [Տիրոջ] հետևյալ խոսքից. «Կան ներքինիներ, որ իրենք իրենց ներքինացրին Աստծո արքայության համար: Ով կարող է տանել, թող տանի» (Մատթ. 19։12). Պողոսն էլ ասում է. «Կուսության մասին հրաման չունեմ Տիրոջից» (հմմտ. Ա Կոր. 7։25), և հնում այդպիսի առաքինություն չէր պահանջվել: Ուրեմն` քանի որ [այս առաքինությունը] մեծ է և առանց հարկադրանքի սահմանվեց, որպեսզի ոչ ոք, այն ունենալով, չկարծի, թե ամբողջովին կատարյալ է և մյուս [առաքինությունների] մասին չհոգա, այստեղ [Տերը] ցույց է տալիս, որ կուսություն [ունեցողը] թեկուզ մնացած բոլոր առաքինություններն ունենա, բայց եթե ողորմության յուղ չունի, պոռնիկների ու տմարդիների հետ դուրս կնետվի: Եվ երկրորդ` [այս առակում Տերը] բոլոր հոգիների մասին չէ, որ խոսում է, այլ ուղղափառ հավատացյալների, և «կույս» [է կոչում], որովհետև պարկեշտությամբ ապրեցին այս կյանքում, ինչպես վայել է քրիստոնյաներին: Ինչպես որ ամուսնության մեջ ան փորձն է «կույսե կոչվում, այդպես էլ այս տասը նրանք են, ում զգայարանները սատանայի կողմից չեն փորձվել:

   Կույսերը տասն են կամ հոգու և մարմնի տասը զգայարանների 1377 պատճառով, որոնք մաքուր պահեցին, քանի որ տասը սուրբ [թիվ] է, կամ էլ Օրենքի, ինչպես նաև հավատքի ու աղոթքի տասը խոսքերի 1378 պատճառով: Այլև այս աշխարհը տասն է, որով նրանք ապրեցին 1379: Կամ էլ երկու կողմերի` իմաստունների ու հիմարների [հինգական] զգայարանների մասին է խոսքը, որովհետև ամեն հոգի մարմնի մեջ է, հոգին ունի հինգ զգայարան, որով ներգործում է մարմնի վրա, և սրանք միմյանց միացնելով է, որ [Տերը] տասը կույսի մասին խոսեց և ապա երկու հինգի բաժանեց: Այլև «տասն» է կոչում բոլոր մարդկանց բնությունները` [միասին վերցված], որովհետև ինը [դասից] հետո տասներորդը սրանք են` ըստ դրամի և ոչխարի [առակների] 1380: Կամ` տասը կատարյալ թիվ է, ուստի նշանակում է Ադամի կատարյալ բնությունը, իսկ [կույսերին Տերը] երկու հինգի է բաժանում, որովհետև ամեն մարդ հինգ զգայարանով է շարժվում, և հինգ զգայարանները տասն են [դառնում], քանի որ յուրաքանչյուր զգայարան կրկնակի է, ինչպես` երկու աչք, զույգ լսելիք, հոտոտելիք, ճաշակելիք ու շոշափելիք. այս պատճառով էլ [Տերը] տասն է ասում և հինգի բաժանում: Իսկ կույսերի է [օրինակ] բերում, որովհետև նրանք սկզբում մեղքի փորձ չունեին, կամ էլ որովհետև զգայարանները, եթե չեն կառչում նյութին, անվնաս ու անարատ են: Եվ «իմաստուն» ու «հիմար» են, որովհետև ոմանք ճիշտ են գործածում զգայարանները, իսկ ոմանք` սխալ:

   «Ովքեր իրենց լապտերները վերցնելով` փեսային ու հարսին ընդառաջ ելան»: [Տերն այս խոսքով] նախ ցույց է տալիս կույսերի հավասարությունը և ապա՛ տարբերությունը. որովհետև կուսության, լապտեր բռնելու և ընդառաջ ելնելու մեջ հավասար էին, այսինքն` բոլորը մաքուր ու հավատացյալ էին, ինչպես ասացինք, կամ էլ [մարմնով] կույս էին: «Լապտեր»-ով կամ կուսության շնորհը նկատի ունի, ինչպես ասում են ոմանք, կամ բարի գործերը, որովհետև բոլորն էլ [դրանք] ունեին` ըստ այսմ. «Թող ձեր լույսը փայլի մարդկանց առաջ», «Ճրագը չեն վառում ու դնում ամանի տակ», և` «Որպեսզի տեսնեն ձեր բարի գործերը» (Մատթ. 5։15, 16), որովհետև տեսնում են աչքերով, իսկ [աչքերն] էլ լույսին են նայում: Կամ էլ առաքյալների և [հոգևոր] ուսուցիչների վարդապետության լուսավորությունն է [Տերը] «լապտեր» կոչում, որովհետև [կույսերը] սա էլ հավասարապես վայելեցին: [Փեսային ընդառաջ] ելնելով ևս հավասար են, որովհետև ամենքն էլ ներկայանալու են Քրիստոսի առաջ` ըստ առաքյալի 1381, և թե` «Ձեզ ամենքիդ` իբրև կույսի, նշանեցի` ներկայացնելու Քրիստոսի առաջ» (հմմտ. Բ Կոր. 11։2): Եվ կամ` «ընդառաջ ելան» ասելը ցույց է տալիս, որ նախքան Փեսայի գալուստը բարձրացան առաքինությամբ` պատրաստելով իրենց Նրա գալստյանը: Այլ կերպ ևս [կարելի է բացատրել]. շատերն այս կյանքից հեռացան նախքան Խոսքի գալուստը:

   Իսկ «փեսային ու հարսին» խոսքը կամ Քրիստոսի` կույսերի հետ ընտանությունն է ցույց տալիս, կամ «փեսա» է կոչում Խոսքին և «հարս»` Նրա մարմինը, որովհետև ինչին միացավ, նրա հետ միությամբ էլ գալու է երկնքից, ինչպես և գնաց: Կամ էլ «փեսա»-ն Քրիստոսն է, և «հարս»-ը` նախահարուցյալ սրբերն ու [երկրից երկինք] հափշտակվածները, որոնց «Անդրանիկների Եկեղեցի» է կոչում Պողոսը 138: Հասկացիր նաև հրեշտակներին, որովհետև նրանք էլ են Քրիստոսի մերձավորներ:
   

Ստեփանոս Սյունեցի

«Այն ժամանակ երկնքի արքայութիւնը պիտի նմանեցուի տասը կոյսերի, որոնք իրենց լապտերներն առած՝ փեսային եւ հարսին դիմաւորելու ելան:
   
   «Այն ժամանակ երկնքի արքայությունը պիտի նմանեցվի տասը կույսերի»:

   Տասը կույսերը մեր տասը զգայություններն են. հինգը հոգևոր և հինգը մարմնավոր: Եվ մարմնավորներն են՝ տեսանելիքը, լսելիքը, հոտոտելիքը, ճաշակելիքը և շոշափելիքը: Նույն օրինակով և հոգեղենը:

   Արդ ասաց. «Ով ինձ տեսավ, տեսավ իմ Հորը» (Հովհ. 14։9): Մարմնավոր աչքերով նաև հրեաները տեսան Քրիստոսին, բայց Հորը չտեսան, ապա ուրեմն հոգու տեսողության [մասին] է ասում: Նույնպես և լսելը, հոտոտելը, ճաշակելը և շոշափելը:

   Արդ, ով հոգու զգայություններով ծառայեցնում է մարմնական զգայությունները, ըստ խոսքի. «Տասնալար նվագարանով սաղմոս պիտի երգեմ քեզ» (Սաղմ. 143։9), այնպիսին իմաստուն է, քանի որ հինգ իմաստուն զգայություններով առաջնորդվեց, իսկ ով միայն մարմնավոր զգայություններով է [առաջնորդվում], այնպիսին հիմար է, քանզի ոչնչով չի զանազանվում անասուններից:
   Սրանք էլ լամպեր ունեին, ինչպես իմաստունները, որովհետև ամենքի հոգին հավասար է, ինչպես առաքյալների և այլ վարդապետների վարդապետությունը:
   

Մաղաքիա արք. Օրմանյան

1-13. «Այն ժամանակ երկնքի արքայութիւնը պիտի նմանեցուի տասը կոյսերի, որոնք իրենց լապտերներն առած՝ փեսային եւ հարսին դիմաւորելու ելան: Նրանցից հինգը յիմար էին, իսկ հինգը՝ իմաստուն: Յիմարները լապտերներն առան, բայց իրենց հետ պահեստի ձէթ չվերցրին: Իսկ իմաստունները իրենց լապտերների հետ միասին ամաններով ձէթ վերցրին: Եւ երբ փեսան ուշացաւ, ամէնքն էլ նիրհեցին եւ քուն մտան: Եւ կէսգիշերին ձայն լսուեց՝ ահա՛ փեսան գալիս է, նրան դիմաւորելո՛ւ ելէք: Այն ժամանակ բոլոր կոյսերը վեր կացան եւ իրենց լապտերները կարգի բերեցին: Յիմարները իմաստուններին ասացին. «Ձեր այդ իւղից տուէ՛ք մեզ, որովհետեւ ահա մեր լապտերները հանգչում են»: Իմաստունները պատասխան տուեցին եւ ասացին. «Գուցէ թէ՛ մեզ եւ թէ՛ ձեզ չբաւականացնի, ուստի գնացէ՛ք վաճառողների մօտ եւ ձեզ համար գնեցէ՛ք»: Երբ նրանք գնացին, որ գնեն, փեսան եկաւ, եւ ովքեր պատրաստ էին, նրա հետ հարսանիքի սրահը մտան, ու դուռը փակուեց: Յետոյ եկան միւս կոյսերն էլ ու ասացին. «Տէ՛ր, տէ՛ր, բա՛ց արա»: Նա պատասխան տուեց ու ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ձեզ չեմ ճանաչում»: Արթո՛ւն կացէք, որովհետեւ չգիտէք ո՛չ օրը եւ ո՛չ էլ ժամը»:
   

    Արթնության պատվիրանն է, որն Հիսուս կրկին ու կրկին օրինակներով ցանկանում է հանձնարարել իրեններին՝ ոչ միայն Երուսաղեմի կործանման վտանգի ժամանակ փորձանքից ազատվելու, այլ ավելի լայն իմաստով, աշխարհի ընդհանուր վախճանի և յուրաքանչյուր անհատի մասնավոր կատարածի առիթով պատրաստ գտնվելու համար: Ձիթենյաց լեռան քարոզի այդ երկրորդ մասը միայն Մատթեոսն է ներկայացնում, և մենք էլ, նրա հետևողությամբ, անդրադառնում ենք այդ դրվագին:
    Երկնքի Արքաությունը՝ ուրիշ բացատրությամբ Մարդու Որդու գալուստը և կամ Ավետարանի Նոր Ուխտը, Հիսուս նմանեցնում է մի հարսանյաց հանդեսի և այնտեղից էլ վերցնում տասը կույսերի առակի նյութը: Այս կույսերը հարսին ընկերակցող աղջիկներն են, որոնք պահպանված են նաև մեր ժամանակի սովորությունների մեջ և ժողովրդական անվամբ կոչվում են հարսնաքույր: Հրեաներն էլ ունեին այդ սովորությունը, և թե՛ փեսան, թե՛ հարսը ներկայանում էին իրենց հասակակից ընկերներով, որոնք կազմում էին փեսավերների և հարսնաքույրերի զվարթ խումբը: Հարսնառի արարողությունը կատարվում էր գիշերը, և փեսան փեսավերներով գնում էր հարսի տուն, որտեղ դիմավորվելով հարսնաքույրերի կողմից՝ ներկայանում էր հարսին: Գիշեր լինելու պատճառով, սովորություն էր, որ հարսնաքույրերը փեսային դիմավորելու ժամանակ վառված լապտերներ ունենային: Հարսի տանը որպես հարսնաքույր տասը կույսեր էին հավաքվել՛ յուրաքանչյուրը իր լապտերով, բայց փեսայի գալու ժամը որոշակի չէր: Սրանցից հինգը մյուս հինգից ավելի մտածող ու հոգացող էին: Կասկածելով, որ միգուցե փեսան ուշանա, լապտերում եղածից բացի, միաժամանակ փոքրիկ սրվակներով ձեթ էին վերցրել պահեստի համար՝ ինչի մասին որ մյուս հինգը չէին մտածել՝ և այս պատճառով առակում նրանց յիմար անունն է տրվում: Եվ իրոք, փեսան ուշացավ, իսկ կույսերը իրենց լապտերները վառած էին պահում՝ հանկարծակիի չգալու համար: Նրանք, հոգնած ու սպասելուց ձանձրացած, սկսեցին քնել, մինչ մյուս կողմից, լապտերների ձեթը հետզհետե սպառվում էր, և ձէռքի լապտերները մարելու մոտ էին: Հանկարծ, կեսգիշերին նուր է գալիս, թե փեսան ճանապարհին է, և միանգամից հոգևորներին ձայն են տալիս պատրսատվելու համար: Հարսնաքույրերն էլ սթափվում են, բայց տեսնում են, որ լապտերներն արդեն մարում են: Հինգ իմաստունները, առանց շփոթվելու հանում են սրվակները և ավելացնում լապտերների ձեթը, իսկ հինգ հիմարները շփոթվում և աղաչում են ընկերներին, որ պահեստի ձեթից իրենց էլ բաժին հանեն: Իմաստունները պատասխանում են, որ իրենց ունեցածը հազիվ իրենց կբավականացնի և եթե կիսեն, բոլորն էլ դատարկ կմնան, ուստի ավելի լավ է, որ իրենք իրենց վառված լապտերներով առաջ շարժվեն, իսկ նրանք էլ ճանապարհին խանութպանների մոտ գնան, մի քիչ ձեթ գնեն, լապտերները նորոգեն և հասնեն իրենց: Խեղճ հիմարները պարտադրված համակերպվում են: Փեսան հասնում է, հարսնառը կատարվում, և հարսանեկան թափորը վերադառնում է փեսայի տուն: Հրավիրյալները հավաքվում են, հարսանիքը սկսում և դռները փակվում են: Հինգ հիմար հարսնաքույրերը, որ խանութպանների մոտ գնալու համար ժամանակ էին կորցրել, հասնում են հարսանիքի տուն դռները փակվելուց հետո և սկսում են դուռը բախել ու փեսայի հետ խոսելով՝ աղաչել. «Տէր, Տէր, բաց մեզ»: Պատասխան չստանալով՝ կրկնում են իրենց աղաչանքը: Սակայն իզուր. դուռը չի բացվում, և վերջապես նրանց թախանձանքը լռեցնելու համար փեսան ներսից ձայն է տալիս. «Անիմաստ մի հոգնեք, դուռը բացվելիք չունի, եկողները եկան, իսկ դուք ո՞վ եք չգիտեմ, ձեզ չեմ ճանաչում»: Եվ այստեղ էլ վերջանում է Ավետարանի առակը:
    Այս առակում կարիք չկա այնպիսի պարագաներ փնտրել, որոնք առակախոսի նպատակից դուրս լինելու պատճառով անտեսված են: Ինչպես, օրինակ, ավելորդ է հարցնել, թե արդյո՞ք հարսի տանն էլ մի փոքր ձեթ չկար՝ հարսնաքույրերին ամոթով չթողնելու համար: Կամ թե ի՞նչ օրենքով է, որ հարսանիքի տուն ուշ եկողների առջև դռները չեն բացվում, քանի որ սա պարզ պատվասիրության հարց է: Այս և սրանց նման քննություններ առակների վրա չեն անում, որովհետև նրանք միայն նպատակահարմար պարագնաերով են կազմվում և մյուսները նկատի չեն առնվում:
    Առակի մեկնությունը ինքը՝ Հիսուսն է տալիս ասելով. «Արթուն կացէ՛ք, զի ոչ գիտեք զօրն եվ ոչ զժամն»: Արթուն կացէք խոսքը պետք չէ մի՛ քնէք իմաստով վերցնել, որովհետև փեսայի ուշանալու պատճառով քնել էին սկսել նաև իմաստուն կույսերը. «Նիրհեցին ամենեքեան», այլ պետք է պարզապես պատրաստ գտնվելու իմաստով հասկանալ, որովհետև ամբողջ գովեստը հինգ իմաստունների պահեստի ձեթ ունենալու մասին է: Այդ պահեստի ձեթը պետք է մեկնել առաքինությունների և բարեգործությունների պաշար ունենալու իմաստով, որով միայն իմաստուններն են կարող Երկնքի Արքայության հարսնետունը մտնել, որտեղ փեսան Քրիստոսն է, իսկ հարսը՝ Եկեղեցին: Այդ պատճառով էլ պետք է հարսնաքույրերն ու հարսնևորն անհոգ չմնան, այլ միշտ պարտաստ գտնվեն Իր գալուստին: Դարձյալ Մարդու Որդու հանկարծակի գալստյան խնդիրն է, որ կրկնվում է իր ամբողջական առումով բայց ավելի մոտից՝ աշխարհի կատարածի և մանավանդ անձնական կատարածի կամ մահվան առումով: