Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 25:21

Հովհաննես Ծործորեցի

Իր տէրը նրան ասաց.«Ապրե՛ս, բարի՛ եւ հաւատարի՛մ ծառայ, որովհետեւ այդ քչի մէջ հաւատարիմ եղար, շատի վրայ կը կարգեմ քեզ. մտի՛ր քո տիրոջ ուրախութեան մէջ»:

   

   Նրա տերն ասաց նրան. «Ազնիվ 1403, բարի ու հավատարի՛մ ծառա. քանի որ սակավի մեջ հավատարիմ ես, շատի վրա կկարգեմ քեզ. մտի՛ր քո տիրոջ ուրախության մեջ»:

   «Ազնիվ» կոչելով` [Տերը ծառային] Իրեն է նմանեցնում. որովհետև ինչպես որ քանքարները տված մարդն «ազնիվ» կոչվեց 1404, այդպես էլ ծառան, ով դրանք աճեցրեց: Սրանից ավելի մեծ ի՞նչ երանություն կամ զարմանալի բան կարող է լինել, որ ծառան տիրոջն է հավասարեցվում: Որովհետև բոլոր առաքինությունների գլուխն ու նպատակը սա՛ է` աստվածանմանությունը, որի վրա զարմանալով` Սողոմոնն ասում է. «Երբ ծառան թագավորի» (Առակ. 30։22), և Պողոսը թե` «Աստված կլինի աստվածացածների մեջ» 1405, որովհետև ով վայել է, որ ծառա կոչվի, միայն արարված լինելով է տարբերվում [Աստծուց] և ո՛չ այլ բանով: «Բարի և հավատարիմ», այսինքն` բոլորի հանդեպ Ինձ նման բարեգործ, որ գթացիր` տեսնելով ընկերոջդ կարիքները, և հավատարիմ, որ անձիդ կարիքների համար չխորեցիր [տրված շնորհները] կամ անօգուտ չվատնեցիր, այլ հավատացիր փոխարենը բազմապատիկ ստանալուն:

   «Քանի որ սակավի մեջ հավատարիմ ես, շատի վրա կկարգեմ»,

   այսինքն` քանի որ անցավոր ու սակավօրյա կյանքումդ հավատարիմ գտնվեցիր, եկ ժառանգի՛ր մշտնջենավորն ու անվախճանը, որովհետև [Սուրբ] Գրքին հատուկ է «սակավ»-ն ու «շատ»-ը ոչ միայն ըստ փոքրության ու մեծության [իմաստների] գործածել, այլև ըստ նվազության և առավելության, որով ցույց է տրվում, որ սրբերն այս կյանքի պայծառությունից ավելի մեծ շնորհով են փառավորվում, քանի որ առաջինը որպես սակավ սերմ է` բազմապատիկ արդյունքով փոխհատուցման դիմաց: «Մտի՛ր,- ասում է [Տերը],- քո տիրոջ ուրախության մեջ». բոլոր ուրախություններն արտահայտում է մեկ բառով` «ուրախությամբ», որը Տերն ունի և քեզ էլ է շնորհում. մտի՛ր, այսինքն` արդյունքի հույսով վայելի՛ր:
   

Մաղաքիա արք. Օրմանյան

Իր տէրը նրան ասաց.«Ապրե՛ս, բարի՛ եւ հաւատարի՛մ ծառայ, որովհետեւ այդ քչի մէջ հաւատարիմ եղար, շատի վրայ կը կարգեմ քեզ. մտի՛ր քո տիրոջ ուրախութեան մէջ»:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 25:14