Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 25:24

Հովհաննես Ծործորեցի

24-25. Մօտեցաւ նաեւ նա, որ մէկ քանքար էր առել, ու ասաց. «Տէ՛ր, գիտէի, որ դու մի խիստ մարդ ես, հնձում ես, ինչ որ չես սերմանել, եւ հաւաքում ես այնտեղից, ուր չես ցանել. վախեցայ. գնացի եւ թաքցրի քո այս քանքարը հողի մէջ: Արդ, ահա՛ւասիկ, քոնը՝ քեզ»:

   

   Մոտեցավ նաև նա, ով մի քանքար էր ստացել, և ասաց. «Տե՛ր, գիտեի, որ խիստ մարդ ես. հնձում ես` ինչ որ չես սերմանել, և ժողովում այնտեղից, որտեղ չես ցանել: Վախեցա, գնացի և քանքարդ հողի մեջ թաքցրի. արդ ահա՛ քոնը` քեզ»:

   Այստեղ թող ամաչեն պարսավասերները, ովքեր ասում են, թե ինչո՞ւ [Աստված] ամենքին կրկնակի շնորհ չի պարգևում` հոգևոր և մարմնավոր: Որովհետև եթե այս ծույլ հոգին մեկը ստացավ և դրանով գործ չարեց, ի՞նչ կլիներ, եթե բազմաթիվ շնորհներ առած լիներ: Տվողն էլ շատ լավ գիտեր, որ նա բնավ գործ չէր անելու, սակայն տվեց, որպեսզի պատրվակներ չփնտրեն նրանք, ովքեր պատրվակել են կամենում:

    «Գիտեի,- ասում է [ծառան],- որ խիստ մարդ ես»: Շատ մեծ է նրա հանդգնությունը, այնքան, որ իր հետ է կռիվ տալիս և հակառակ իրեն խոսում, ինչպես առաջին Ադամը, ով ոչ թե սեփական թուլամորթությունը, այլ կնոջը ստեղծած Աստծուն համարեց չարի պատճառը: Այդ պես էլ այս մարդը ոչ թե իր ծուլությունը, այլ Նրա խստությունն է պատճառ բերում: «Գիտեի,- ասում է,- որ խիստ մարդ ես», այսինքն` բռի և անհավան:

   «Հնձում ես` ինչ որ չես սերմանել, և ժողովում այնտեղից, որտեղ չես ցանել».

   «հնձում ես», այսինքն` շնորհ չտվեցիր և մահվամբ ամբարեցիր դժոխքում, և «ժողովում ես», այսինքն` արքայության մեջ ժողովեցիր նրանց, ովքեր ոչ շնորհներ ստացան, ոչ էլ բարի գործեր կատարեցին: Առաջինի օրինակ են փարավոնն ու Եսավը 1407 ,իսկ երկրորդի` ավազակն ու մաքսավորը 1408: Ուրեմն` այսպիսին է անմիտը, ով դատում է Աստծո գործերը` լսած լինելով հանդերձ. «Կողորմեմ` ում ողորմելու եմ և կգթամ` ում գթալու եմ» (Ելք 33։19): [Նրանց] պատասխանն այն է, որ նրանք իրենց անձը չպատրաստեցին Աստծո շնորհին, ինչ պես փարավոնը, իսկ մյուսները տեղի տվեցին Աստծո ողորմությանը, ինչպես ավազակն ու այլք: Հետևաբար, ոչ մի անարդարություն չկա այստեղ, ինչպես ասաց [այս ծառան] թե` «Հնձում ես` ինչ որ չես սերմանել, և ժողովում այնտեղից, որտեղ չես ցանել»:

   Հանդգնության հետ տես նաև նրա ստախոսությունը, որ ամեն անիրավ պատրաստ է այսպես պատասխան տալու: Եթե չսերմանեց ու չցանեց, ինչպես ասում ես, որտեղի՞ց ունես այն, ինչը վերադարձնում ես թե` «Ա՛ռ քոնը»: Նշանակում է` ստախոսությա՛մբդ չարիք բերեցիր գլխիդ:

   «Վախեցա,- ասում է,- գնացի և թաքցրի քո քանքարը».

   հազիվ ճիշտ խոսեց թե` վախկոտության հիվանդությամբ էի բռնված, այդ պատճառով էլ շնորհդ տիղմի մեջ թաղեցի: Սրա կապակցությամբ արժե ասել. ո՛վ ապիրատ, ինչո՞ւ վախեցար, մի՞թե կասկածեցիր, թե շատերն օգուտ կստանան և ուսուցչիդ պատվիդ կհավասարվեն, որովհետև չես կարող ասել թե` «Վախեցա, գուցե շնորհները կորցնեն», քանի որ դա քո՛ գործը չէ, այլ Նա՛ է, որ պիտի հարցաքննի և պահանջի: Ապա ուրեմն` հանդգնությանդ, ծուլությանդ ու ոչ բանական վախիդ կողքին նաև նախանձի ախտը ցուցաբերեցիր, քանի որ չկամեցար, որ Աստծունը Աստծուն պատկանածները վայելեն: «Գնացի և քանքարդ հողի մեջ թաքցրի». ամբողջ կյանքս, ասում է, որում ծուլությամբ ընթացա, ավարտին հասցրի և հաճույքների տակ թաղեցի Քո շնորհը` դանդաղկոտ ու երկրասեր լինելով, մինչև որ գերեզման մտա. արդ` ա՛ռ, ասում է, Քոնը` Քեզ: Եթե չիմանար, որ պահանջ է ներկայացվելու իրեն և եթե մահվան օրվան չհասներ, ոչ էլ կկամենար Նրանը վերադարձնել Նրան, այլ մահվան վճռից պարտադրված և հաշվետվության պահանջից բռնադատված` հազիվ կարողանում է ասել. «Ա՛ռ Քոնը»:

   

Մաղաքիա արք. Օրմանյան

Մօտեցաւ նաեւ նա, որ մէկ քանքար էր առել, ու ասաց. «Տէ՛ր, գիտէի, որ դու մի խիստ մարդ ես, հնձում ես, ինչ որ չես սերմանել, եւ հաւաքում ես այնտեղից, ուր չես ցանել.
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 25:14