Ա. Լոպուխին
1-2. Երկրում սով եղավ. այն նախորդ սովից բացի, որ եղել էր Աբրահամի ժամանակ: Իսահակը գնաց Գերարայի փղշտացի արքա Աբիմելեքի մոտ: [1] Տերը երևաց նրան ու ասաց. «Մի՛ գնա Եգիպտոս, այլ բնակվի՛ր այն երկրում, որ քեզ կասեմ: (Սինոդական թարգ․)
26–րդ գլուխը Ծննդոց գրքի միակ գլուխն է, որը նվիրված է բացառապես Իսահակի պատմությանը, մինչդեռ 20–25–րդ գլուխներում, ինչպես նաև 27––28.16–ում Իսահակի պատմությունը միահյուսվում է իր որդիների պատմությանը, իսկ ավելի վաղ այն ներառված էր Աբրահամի պատմության մեջ: Այս գլխում շարադրված են Իսահակի կյանքի արտաքին իրադարձությունները, որ տեղի են ունեցել Աբրահամի՝ Գերարա և Բերսաբե այցելելու նմանօրինակ դեպքերից ավելի քան 75 տարի անց (Ծննդ. 20 և 21): Սուրբգրային պատումների ակներև նմանության հետ մեկտեղ դրանք նաև բավականաչափ տարբերվում են. ակնհայտ տարբեր է դրանց թեմատիկան: Այնպես որ որոշ սուրբգրային քննադատների այն կարծիքները (օրինակ՝ Н. Gunkel. Handkommentar zum Alten Testament. Hrgs. von W. Nowack. Genesis. Göttingen, 1901), թե իբր 26–րդ գլխի հիշված դրվագները պարզապես 20 և 21–րդ գլուխների համանման պատումների անհաջող կրկնօրինակներն են, ոչ մի կերպ չեն հիմնավորվում:
«Աբիմելեք»–ը՝ «իմ հայր թագավոր» կամ «թագավոր իմ հայր», փղշտական թագավորների սովորական տիտղոսն է, ինչպես «փարավոն»–ը՝ եգիպտացիների: Աբիմելեք տիտղոսը կրում են Աբրահամի (Ծննդ. 20–21), ինչպես նաև Իսահակի (Ծննդ. 26) և Դավթի (Սղ. 30 հմմտ. Ա Թագ. 21:13) ժամանակաշրջանի փղշտացի արքաները։ Հավանաբար, Իսահակը գործ ուներ Աբրահամի ժամանակ եղած Աբիմելեքի ժառանգի հետ. Աբրահամի օրերի Աբիմելեքն ավելի ազնվաբարո է երևում, քան Իսահակի Աբիմելեքը։ Սակայն հնարավոր է, որ երկու դեպքում էլ նույն անձի մասին է խոսքը (հիշենք, որ այն ժամանակ մարդիկ երկարակյաց էին)։ Նույնը կարելի է ենթադրել նաև Աբիմելեքի զորապետ Փիքողի մասին, որն ի հայտ է գալիս և՛ Աբրահամի, և՛ Իսահակի պատմություների մեջ, թեև ոմանք հակված են այն ընկալելու որպես հասարակ անուն՝ փիկող (եբր.՝ «բոլորի բերան»)՝ փղշտացիների թագավորին ժողովրդի խնդրանքները կամ բողոքները զեկուցող։ Ըստ Դելիչի՝ Գերարը այժմ Պաղեստինի հարավում գտնվող Քիրեթ–էլ–Գերարն է։ Իսահակի պատմությունը 26–րդ գլխում սկսվում է նույն սովի աղետով, ինչը տեղի է ունեցել Աբրահամի՝ Քանանում բնակվելու առաջին տարիներին (Ծննդ. 12:10)։ Հոր օրինակով Իսահակը պետք է գնար Եգիպտոս։ Սակայն Աստված Իր բոլոր ընտրյալներին առաջնորդում է ըստ Իր կարիքների և ամենից առաջ՝ ըստ Իր իմաստագույն ծրագրերի: Դրա համար Նա թույլ չի տալիս Իսահակին գնալ Եգիպտոս, ինչը թույլ էր տվել Աբրահամին. «Տեր Աստված,— ասում է Ս. Թեոդորիտը (Ծննդ. 78–րդ),— ամեն հարցում ցույց է տալիս Իր վերին իմաստությունը և խնամատարությունը։ Ուստի Աբրահամին թույլ տվեց գնալ Եգիպտոս ոչ թե որ չէր կարողանում նրան կերակրել Պաղեստինում, այլ որպեսզի եգիպտացիներին ցույց տա այս մարդու առաքինությունը և նրանց մեջ նահապետին նմանվելու ցանկություն առաջացնի։ Իսկ Իսահակին հրամայեց մնալ Պաղեստինում և նրան ապահովեց անհրաժեշտ մթերքով... Քանզի երբ հողի անպտղության պատճառով անհրաժեշտ մթերքը նվազեց, Իսահակը ցանեց և առատ բերք հավաքեց (Ծննդ. 26:12)։ Հրեա մեկնաբանների կարծիքով Իսահակը՝ որպես զոհաբերությամբ սրբացվածը, չէր կարող լքել սրբազան երկիրը (L. Philippson, Die israelitsche Biel, Th.1, 1859, S. 124): Հնարավոր է, որ այստեղ պատճառներից մեկն այն էր, որ սովը կարճ էր տևում։
--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) Սով եղաւ երկրում. ոչ այն սովը, որ եղել էր Աբրահամի ժամանակ:
(Արարատ թարգ․) Եվ երկրում սով ընկավ, ոչ այն սովը, որ եղավ Աբրահամի օրերին: Եվ Իսահակը գնաց Գերար՝ փղշտացիների Աբիմելեք թագավորի մոտ:
(Գրաբար) Եւ եղեւ սով յերկրին. թող զառաջին սովն որ եղեւ ի ժամանակս Աբրաամու: Եւ չոգաւ Իսահակ առ Աբիմելէք արքայ Փղշտացւոց ի Գերարա:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: