Ծննդոց գրքի մեկնություն 26:26

Ա. Լոպուխին

26-30. Գերարայից նրա մոտ գնացին Աբիմելեքը, նրա սենեկապետ Ոքոզաթը և նրա զորքերի սպարապետ Փիքողը: [26] Իսահակը նրանց ասաց. «Ինչո՞ւ եք եկել ինձ մոտ, չէ՞ որ դուք ատեցիք ինձ և հալածեցիք ձեր մոտից»: Նրանք պատասխանեցին. «Պարզ տեսանք, որ Տերը քեզ հետ է, ուստի խորհեցինք՝ «թող երդում լինի մեր միջև», այսինքն՝ մեր և քո միջև, և քեզ հետ ուխտ կապենք: Որպեսզի մեր դեմ չարիք չգործես,  ինչպես մենք քեզ ձեռք չտվեցինք, այլ բարի վարվեցինք քեզ հետ և քեզ խաղաղությամբ ճանապարհեցինք: Եվ այժմ դու Տիրոջ օրհնյալն ես: Իսահակը նրանց համար խրախճանք սարքեց. կերան և խմեցին: (Սինոդական թարգ․)
   
   Եբրայերեն Achusath merehu (հայերենում՝ սենեկապետ Ոքոզ) արտահայտությունը Յոթանասնիցում թարգմանվել է Οχοζαθ ὁ νυμφαγωγὸς αὐτοῦ, քանի որ առաջին բառը որպես հատուկ անուն է ընկալվել՝ Օնկելոսի թարգումը: Արաբ թարգմանիչներն ու Հերոնիմոս Երանելին առաջին բառն իբրև հասարակ անուն են թարգմանել՝ collegium amicorum: Սակայն առաջին մոտեցումը նախընտրելի է ոչ միայն,  որ տրամաբանական է, այլև  նկատի ունենալով Ոքոզ անվան զուգադրությունը (անալոգիան) Գողիաթ (Ա Թագ. 17։4) և Գանեբաթ (Գ Թագ. 11։20) անունների հետ։

   Փիքողը հիշատակվում է Աբրահամի պատմության մեջ (Ծննդ. 21.22–23) և կարող է նույն մարդը լինել։ Ծննդ. 26։26–31–ում Իսահակի և Աբիմելեքի դաշինքի մասին պատումի և Ծննդ. 21։22–32–ի պատմության նմանությունն առավել ցայտուն է ցույց տալիս, որ  Իսահակը շատ ավելի  հեզ ու զիջող է, քան Աբրահամը, ինչպես նաև` Աբիմելեքի անազնվությունը, որի խոսքերը (Ծննդ. 26։29) բացահայտ աղավաղում են ճշմատությունը։
--------------------------------
[26](Էջմիածին թարգ․) Գերարայից նրա մօտ գնացին Աբիմելէքը, նրա սենեկապետ Ոքոզաթը եւ նրա զօրքերի սպարապետ Փիքողը:
(Արարատ թարգ․) Եվ Աբիմելեքն իր բարեկամ Ոքոզաթի և իր սպարապետ Փիքողի հետ Գերարից նրա մոտ գնաց:
(Գրաբար) Եւ Աբիմելէք չոգաւ առ նա ի Գերարա եւ Ոքոզաթ տաճարապետ նորա, եւ Փիքաւղ սպարապետ զաւրաց նորա: