Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 26:69

Հովհաննես Ծործորեցի (†1338)

69-70. Իսկ Պետրոսը նստած էր դուրսը՝ գաւթում. մի աղախին մօտեցաւ նրան ու ասաց. «Դո՛ւ էլ գալիլիացի Յիսուսի հետ էիր»: Նա ուրացաւ բոլորի առաջ ու ասաց. «Չգիտեմ՝ դու ինչ ես խօսում»:

 

    Իսկ Պետրոսը նստած էր դրսում` բակում: Մոտեցավ նրան մի աղախին և ասաց. «Դու ևս գալիլեացի Հիսուսի հետ էիր»: Նա ուրացավ բոլորի առաջ և ասաց. «Չգիտեմ` ինչ ես խոսում»:

    Ըստ Տիրոջ խոսքի` փորձության սկիզբը եկավ հասավ Վեմին` շարժելու նրան մի աղջկա ձեռքով. սա նոր ու զարմանալի բան է ինձ թվում: Որովհետև երբ դեռ միայն բռնված էր տեսնում Ուսուցչին, այնպես էր եռում, որ սուրը մերկացրեց և ծառայի ականջը հատեց, իսկ երբ պետք էր զայրանալ, վառ վել ու բորբոքվել, որ այդքան չարախոսություն լսեց, այդ ժամանակ բոլորովին ուրացավ և վախից իրեն կորցրեց:

   

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

69-70. Իսկ Պետրոսը նստած էր դուրսը՝ գաւթում. մի աղախին մօտեցաւ նրան ու ասաց. «Դո՛ւ էլ գալիլիացի Յիսուսի հետ էիր»: Նա ուրացաւ բոլորի առաջ ու ասաց. «Չգիտեմ՝ դու ինչ ես խօսում»:
   
    Պետրոսն իր եռանդուն հետաքրքրությունը բավարարել էր՝ քահանայապետարանից ներս էր մտել և անճանաչելի մնալով, ցանկանում էր հետևել անակնկալ պատահարի նորանոր դրսևորումներին։ Գուցե հիշելով հրաշագործ Վարդապետի կարողությունները, րոպե առ րոպե սպասում էր տեսնել տարօրինակ ձևով վտանգի փարատվելը, Հիսուսի ազատվելը և իրենց ապահովվելը։ Սակայն այդպիսի նշան չէր երևում։ Սինեդրիոնը համարձակվում էր Հիսուսին ուզածի պես նեղել և նախատել․ Պետրոսի սիրտը վախի և հույսի ազդեցության տակ շվարած և գրեթե թմրած էր։ Անշուշտ չէր ուզում, որ իր արտաքինը իրեն մատներ և բոլորին անծանոթ հյուրը ներկաների ուշադրությունը գրավեր։ Հատկապես Հովհաննեսի խոսքի վրա իրեն ներս թողնող դռնապան կինը կասկածոտ զննում էր Պետրոսին և
վերջապես նրա դեմքն ու պահվածքը չհավանելով, մոտենում է նրան և հանկարծակի հարցնում․ «Արդյոք Նազովրեցի Հիսուսի մարդկանցից չե՞ս» ։ «Խելքի՜ արի, ա՜յ կին,-պատասխանում է Պետրոսն առանց շփոթվելու,- ասածներդ չեմ հասկանում․ ո՛չ Նազովրեցու ընկերներից եմ, ո՛չ նրա հետ գործ եմ ունեցել և ո՛չ էլ նրա ով լինելը գիտեմ»։ Պետրոսի համարձակ պատասխանը հանգստացնում է աղախնուն, որ այլևս վրա չի տալիս և ոչ էլ ուրիշներին է բան ասում։ Պետրոսն էլ, վտանգից ազատվածի գոհունակությամբ ինքն իրեն ավելի է հավաքում և մի պահ ծառաների խումբը թողնելով, հեռանում է և շրջելով կրկին վերադառնում իր տեղը, կրակի մոտ «քանզի ցուրտ էր», - գրում է Հովհաննեսը։ Որքան էլ եղանակը գարնանամուտ էր և գավառը հարավային, այնուամենայնիվ գիտենք, որ այս կողմերում գիշերային ցուրտը զգացնել է տալիս։ Կես գիշեր էր կամ քիչ էր անցել, երբ այս դեպքերը տեղի ունեցան Կայիափայի քահանայապետարանում։