Ծննդոց գրքի մեկնություն 2:7

Սրբ. Եփրեմ Ասորի

7-17. Տէր Աստուած մարդուն ստեղծեց երկրի հողից, նրա դէմքին կենդանութեան շունչ փչեց, եւ մարդն եղաւ կենդանի էակ: Աստուած դրախտ տնկեց Եդեմում՝ արեւելեան կողմը, եւ այնտեղ դրեց իր ստեղծած մարդուն: Տէր Աստուած երկրից բուսցրեց նաեւ ամէն տեսակի գեղեցկատեսիլ ու համեղ մրգեր տուող ծառեր, իսկ կենաց ծառը եւ բարու ու չարի գիտութեան ծառը տնկեց դրախտի մէջտեղում: Գետ էր բխում Եդեմից, որպէսզի ոռոգէր դրախտը, եւ այնտեղից բաժանւում էր չորս ճիւղերի: Մէկի անունը Փիսոն էր: Նա է, որ պատում է ամբողջ Եւիլատ երկիրը, այնտեղ, ուր ոսկի կայ: Այդ երկրի ոսկին ազնիւ է: Այնտեղ կայ նաեւ սուտակ եւ դահանակ ակնաքարը: Երկրորդ գետի անունը Գեհոն է: Նա պատում է Եթովպացւոց երկիրը: Երրորդ գետը Տիգրիսն է: Սա հոսում է դէպի Ասորեստան: Չորրորդ գետը  Եփրատն է: Տէր Աստուած իր ստեղծած մարդուն տեղաւորեց բերկրութեան դրախտում, որպէսզի սա մշակի ու պահպանի այն: Տէր Աստուած պատուիրեց Ադամին ու ասաց. «Դրախտում ամէն ծառի պտուղներից կարող ես ուտել, բայց բարու եւ չարի գիտութեան ծառից մի՛ կերէք, որովհետեւ այն օրը, երբ ուտէք դրանից, մահկանացու կը դառնաք»:

   

   Մենք հանդիմանում ենք նրանց, ովքեր ասում են, թե Ադամը ստեղծվեց յոթերորդ օրը, որովհետև ասվում է, թե վեցերորդ օրը ավարտվեց երկրի և երկնքի արարչությունը. «Եվ վեցերորդ օրը ավարտեց Աստված իր բոլոր գործերը»: Եվ որպեսզի իսկապես հասկանաս, տե´ս, թե ինչպես է ասում. «Սրանք են երկնքի և երկրի արարածները այն օրը, որ ստեղծվեցին»: Այսինքն նկարագրեց իր արարչության սկիզբը. «Այն օրը, ասում է, որ Աստված ստեղծեց երկինքը և երկիրը»: Ո՞ր օրը. ասում է` առաջին օրը, և այդ օրը դաշտի բոլոր ծառերը դեռևս չկային, քանի որ երրորդ օրը ստեղծվեցին: Եվ եթե որևէ մեկն ասի, թե այն ժամանակ, երբ ասաց թող երկրից բուսնի, չբուսնեց, այդպես չէ, քանի որ գրված է, թե երբ երկրին հրամայվեց բուսնել, ասում է գրված է` բուսնեց: Ասվում է, որ առաջին օրն Ադամը երկրի վրա գործ չձեռնարկեց, քանի որ երկինքն ու երկիրը ստեղծվեց նրա համար, ինչպես վերն ասացինք: Եվ հաջորդիվ ասում է. «Աստված ստեղծեց Ադամին» իր համար ստեղծվածներից հետո` շուտափույթ հաջորդելով վեցօրյա ժամանակի մասին պատմությանը: Դարձյալ հավելում է` ասելով. «Աստված տնկեց դրախտը Եդեմում»: Երրորդ օրը մյուս ծառերի հետ միասին, երբ ասաց. «Թող երկրի վրա բուսնեն պտղաբեր ծառեր», տնկեց Եդեմի պարտեզը:

   

Ա. Լոպուխին

Եվ Տեր Աստված մարդուն ստեղծեց երկրի հողից, նրա դեմքին կենդանության շունչ փչեց, և մարդը եղավ կենդանի հոգի: (Սինոդական թարգ․)[7]
   
   Որպեսզի ավելի հստակեցնենք այս համարի կապը նախորդի հետ, հարկ է նրա սկզբում դնել «այն ժամանակ» բառը, որից հետո ամբողջ այդ ժամանակաշրջանը կստանա ավարտուն և որոշակի տեսք հետևյալ ձևով. «Այն ժամանակ երբ արդեն ստեղծվել էին երկինքը և երկիրը, բայց դեռ չէին հայտնվել որևէ դաշտային բուսականություն և հացահատիկային բույսեր, քանի որ անձրև չկար, մարդը դեռևս գոյություն չուներ, բայց ամբողջ երկրի վրա թանձր մառախուղ էր տիրում. այդ ժամանակ էլ Տեր Աստված արարեց մարդուն»:
   
   Տեր Աստված... Այստեղ, ինչպես նաև Աստվածաշնչի շատ այլ բաժիններում (Ծննդ. 3։1, 9 և այլն), երկու վիճելի (իհարկե միայն ռացիոնալիստների կարծիքով) աստվածային անունները ՝ Եհովան և Էլոհիմը միացված են, որն էլ վերացնում է նրանց արմատական տարբերության մասին միտքը, ինչպես փորձում են ապացուցել Աստվածաշնչի հակառակորդները (այսինքն՝ ժխտողական, ռացիոնալիստական քննադատության ներկայացուցիչները):

    Եվ Տեր Աստված մարդուն ստեղծեց երկրի հողից... Մարդու ստեղծման փաստը հիշատակվել էր ավելի վաղ (Ծննդ. 1։27) աշխարհի արարման պատմության մեջ, բայց թերևս հիշատակվում էր միայն աշխարհաստեղծման այդ ընդհանուր պատմության մեջ իբրև նրա բաղադրիչ մաս. իսկ այստեղ այն մանրամասնություններով փոխանցվում է որպես շարադրանքի հատուկ, ինքնուրույն առարկա: «Երկրորդ գլխի սկզբում հիշատակելով այն մասին, ինչն արդեն ասվել էր, (Մովսեսը) ծավալուն շարադրում է այն, ինչը չէր ասվել», - ասում է սբ. Եփրեմ Ասորին այդ տեղի իր մեկնության մեջ: Մարդու, ըստ էության մարդու արտաքին թաղանթի արարման միտքը երկրից կամ ավելի մոտ բնօրինակին երկրի հողից ընդհանուր է Սուրբ Գրքի ինչպես Հին, այնպես էլ Նոր կտակարանին (Ծննդ. 3։19, 18։27, Հոբ. 10։9, 25։6, Սաղմ. 29։10, 102։14, 118։73, 138։14–16, Ժողով. 3։20, 12։7, Սր. 17։1, Ա Կորն. 1։47–49, Բ Կորն. 5։1–4 և ուր.): Երկրի հողից մարդու մարմնի ստեղծման մեջ տրված է մարդու և ողջ տեսանելի բնության, հատկապես կենդանական աշխարհի ազգակցության-նմանության գաղափարը, որը առաջացել է այդ նույն հողից արարչական հրամանով (Ծննդ. 1։24): Մյուս կողմից, որպես մարդու ֆիզիկական բնության նյութականության նշան տրվել է նրա քայքայման ենթակա կամ մահկանացու լինելու միտքը: Այս ամենը Հովհան Ոսկեբերանի խոսքերով խոնարհության հիանալի բարոյական դաս է. «Որպեսզի մեր արարման պատկերով իսկ մեզ մշտապես դաս տա՝ չերազենք ինքներս մեր մասին չափից դուրս, որի համար Մովսեսն ամեն ինչ պատմում է ամենայն մանրամասնությամբ և ասում է. Տեր Աստված մարդուն ստեղծեց երկրի հողից» (Ծննդոց գրքի մասին տասներեքերորդ Զրույցը):

   նրա դեմքին կենդանության շունչ փչեց... Կամ եբրայերենից ճշգրիտ թարգմանությամբ՝ «ռունգերի մեջ կյանքի շունչ փչեց»: Ինչպես նախորդ մասում ՝ մարդու գոյացումը-կազմավորումը հողից, այնպես էլ նրա այս շնչավորումն Աստծուց չի կարելի հասկանալ կոպիտ զգացական իմաստով՝ իբր սկզբում Աստված կավից ծեփեց մարդու կազմվածքը, հետո նրան վերցրեց ձեռքերի մեջ և փչեց նրա վրա: Բոլոր նմանատիպ հատվածները, եր. Թեոդորիտոսի խորհրդով, պետք է մեկնաբանվի «աստվածավայել» (θεοπρεπώς), այսինքն՝ Աստծու զորությանը, սրբությանը և հոգեղինությանը համապատասխան: Մասնավորապես, տվյալ մասը պետք է պարզաբանել այսպես, որ մարդու արտաքին տեսքը առաջացավ հողից Ամենակալի արարչական գործողությամբ և, որ հենց այդ նույն պահին, երբ երկրային փոշին ընդունեց մարդու կառուցվածքը (ձևը), Աստծու հատուկ հրամայական գործողությամբ ստացավ նաև հոգի՝ իբրև բանական կյանքի սկիզբ: Մարդու արարման մասին ամբողջ աստվածաշնչյան պատմության գաղափարը միտված է մարդուն ներկայացնել իբրև երկու աշխարհների՝ երևացող ֆիզիկական և անտեսանելի հոգևոր աշխարհների միջև կապ, իբրև բնության թագավոր և Աստծու պատկեր երկրի վրա, և հաստատել մարդկային հոգու անմահության ճշմարտությունը. իսկ լեզուն, որով արտահայտվել է այդպիսի վերացական-վեհագույն գաղափարը, դա կերպարների և պատկերների լեզուն է, որով մտածում էր նախնադարյան մարդկությունը նմանատիպ դեպքերում: Իսկ այն գաղափարը որ մարդը մասնակցում է աստվածային կյանքին, հաստատվում է Սուրբ Գրքի նաև այլ տեղերում (Հոբ. 26։4, 33։4, Ժողով. 12։7, Գոծրք. 17։25 և այլն):

   Եվ մարդը եղավ կենդանի հոգի... Բարձրագույն աստվածային սկզբի (Աստծո շնչի) միացման արդյունքում ցածրագույն նյութականի (երկրի հողի) հետ ստեղծվեց մարդը որպես կենդանի հոգի, այսինքն՝ որպես գիտակից անձ /անհատ/՝ օժտված բանականությամբ և ազատ կամքով: Բայց դրա հետ մեկտեղ, մարդը ՝ այս «կենդանի հոգին» անսահման տարբերվում է Աստծուց՝ Կենդանարար Հոգուց (Ա Կորն. 15։46), և հարաբերվում է Նրան՝ իբրև դժգույն մի պատճեն իր անզուգական բնօրինակին:
--------------------------------
[7](Էջմիածին թարգ․) Տէր Աստուած մարդուն ստեղծեց երկրի հողից, նրա դէմքին կենդանութեան շունչ փչեց, եւ մարդն եղաւ կենդանի էակ:
(Արարատ թարգ․) Եվ Տեր Աստված երկրի հողից ստեղծեց մարդուն, նրա ռունգերի մեջ կենդանության շունչ փչեց, և մարդը կենդանի հոգի եղավ:
(Գրաբար) Եւ ստեղծ Տէր Աստուած զմարդն հող յերկրէ. և փչեաց յերեսս նորա շո՛ւնչ կենդանի, և եղև մարդն յոգի կենդանի: