Ծննդոց գրքի մեկնություն 27:1

Ա. Լոպուխին

1-2. Երբ Իսահակը ծերացավ, և նրա աչքերի տեսողությունը վատացավ, կանչեց Եսավին՝ իր ավագ որդուն, և  նրան ասաց. «Որդյա՛կ իմ»։ Եվ նա պատասխանեց. «Ես այստեղ եմ»։ [1] Իսահակն ասաց. «Ես ծերացել եմ և չգիտեմ, թե երբ պիտի մեռնեմ։ (Սինոդական թարգ․)
   
   Իսահակն ասաց. «Ես ծերացել եմ և չգիտեմ, թե երբ պիտի մեռնեմ։  Եսավի փոխարեն Հակոբին օրհնելու պատմությունը մարդկային ձգտումների և աստվածային կամքի բախման, առաջինների անպտղության և  վերջինների անխախտելիության (Մաղ. 1։2, Հռ. 9։10–13) ամենից զարմանալի օրինակներից է: Այն հարցին, թե «ինչո՞ւ Աստված Իր կամքը չհայտնեց Իսահակին», Երանելի Թեոդորետը պատասխանում է. «Որպեսզի Աստծո խնամքն Իսահակի հանդեպ առավել արտահայտիչ լիներ: Սա բացահայտվում է նրանով, որ թեև Իսահակը ձգտում էր օրհնել Եսավին, սակայն Աստծու կամքով նա Հակոբին  օրհնեց: Իսահակն ինքն էլ սա հասկացավ: Բոլոր միջոցները կիրառելով` նա, պատահածից զարհուրած, չվշտացավ որդուց խաբված լինելու համար, այլ գիտակցեց, որ սա Աստծո  մտադրությունն է, և հաստատեց իր տված օրհնությունը» (Եր. Թեոդորետ, Պատ. 81–րդ հարցին, հմմտ. Հովհան Ոսկեբերան, Զրույցներ Ծննդոց գրքի վերաբերյալ, գլ. 53):

   Իսահակի կուրանալու մասին է խոսվում, որովհետև հենց նրա կուրության պատճառով է, որ Ռեբեկան և Հակոբը  նրան խաբելու հնարավորություն ունեցան: Րաբբիների կարծիքով (M. Bereschit–rabba, S. 311) Իսահակը կորցրեց տեսողությունն այն ժամանակ, երբ հայրը նրան զոհաբերում էր. նա այդ պահին իր աղոթական՝ չափազանց լարված հայացքը սևեռել էր երկնքին։ Իրականում, սակայն,  կուրությունը նրա ծերության հետևանքն էր. նա 137 տարեկան էր. Դրանից 14 տարի առաջ մահացել էր նրա եղբայր Իսմայելը (Ծննդ. 25։17)։ Հենց այդ հանգամանքը էր Իսահակին մահվանը  պատրաստվելու տրամադրում (որին նաև Եսավն էր սպասում, Ծննդ. 27։41)։ Իսահակի նշյալ տարիքը, ինչպես նաև Իսահակի և Հակոբի կյանքի ժամանակագրությունը հետևյալ կերպ են հաշվում. երբ Հակոբը իր ընտանիքով հանդերձ տեղափոխվեց Եգիպտոս, նա 130 տարեկան էր (Ծննդ. 47։9), Հովսեփը՝ 39 (նա 30 տարեկան էր, երբ փարավոնը նրան բարձր դիրք տվեց, Ծննդ. 41։46՝ գումարած բերքի 7 տարիները, Ծննդ. 41։47՝ գումարած սովի 2 տարիները, Ծննդ. 45։6), ըստ այդմ, Հովսեփը ծնվեց Հակոբից, երբ վերջինս 91 տարեկան էր, համաձայն Ծննդ. 30։25, 31։41–րդ համարների, Հակոբի Միջագետք գալու 14–րդ տարում։ Այսպես, Հակոբը փախուստի դիմեց, երբ 77 տարեկան էր, իսկ Իսահակը՝ 137 (ըստ Ծննդ. 25։26–րդ համարի՝ Եսավի և Հակոբի ծննդյան ժամանակ Իսահակը 60 տարեկան էր), որը դրանից հետո ապրեց ևս 43 տարի  (մահացավ 180 տարեկանում, Ծննդ. 35։28–29)։
--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) Երբ Իսահակը ծերացաւ, եւ վատացաւ նրա աչքի տեսողութիւնը, կանչեց իր աւագ որդի Եսաւին ու ասաց նրան. «Որդեա՛կ իմ»: Սա ասաց. «Այստեղ եմ»:
(Արարատ թարգ․) Եվ երբ Իսահակը ծերացավ, ու նրա աչքերը տկարացան, կանչեց իր ավագ որդի Եսավին ու ասաց. «Որդի՛»: Եվ նա ասաց. «Ահա այստեղ եմ»:
(Գրաբար) Եւ եղեւ իբրեւ ծերացաւ Իսահակ, եւ վատեցին աչք նորա ի տեսանելոյ. կոչեաց զԵսաւ զորդի իւր զերէց` եւ ասէ ցնա. Որդեակ իմ: Եւ նա ասէ ցնա. Ահաւասիկ ես: