Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 27:11

Հովհաննես Ծործորեցի (†1338)

Եւ Յիսուս կանգնեց կուսակալի առաջ. կուսակալը հարցրեց նրան ու ասաց. «Դո՞ւ ես հրեաների թագաւորը»: Եւ Յիսուս ասաց. «Դու ես ասում»:
   
    Եվ Հիսուսը կանգնեց կուսակալի առաջ: Կուսակալը հարցրեց Նրան` ասելով. «Դո՞ւ ես հրեաների թագավորը»: Հիսուսն ասաց. «Դո՛ւ ասացիր»:

    Ամեն ինչ փոփոխում ու այստեղայնտեղ էին ընկնում, որպեսզի կարողանային որևէ կերպ Նրան մահվան դատապարտել: Քանի որ հասկանում էին, որ Պիղատոսի համար Օրենքն արժեք չունի, [Հիսուսին] ամբաստանեցին արքունիքի դեմ մեղքի մեջ, այսինքն` որ Իրեն «թագավոր» է կոչում: Այդ պատճառով էլ կուսակալը նախ այդ մասին հարցրեց, թե` ինչպես ասում են, Դո՞ւ ես հրեաների թագավորը` ծնված, ինչպես մարգարեներն էին խոսել: Եվ Հիսուսը պատասխանեց. «Դո՛ւ ասացիր», այսինքն` ոչ թե Ինձնից դա լսեցիր, այլ ի՛նքդ ասացիր, թե թագավոր եմ, բայց ո՛չ երկրավոր, այլ երկնավո՛ր թագավոր, ինչպես այլուր ասաց Պիղատոսին. «Իմ թագավորությունն այս աշխարհից չէ» (Հովհ. 18։36), և` «Ես դրա համար եմ ծնվել և եկել աշխարհ» (Հովհ. 18։37): Սա ասաց, որպեսզի ոչ նա, ոչ էլ այլք պատասխանի հնարավորություն չունենային, որ այդպիսի ամբաստանություն էին ներկայացնում: [Ոմանք] ասում են, թե ինչո՞ւ չասաց այս ամենը, [այսինքն] թե` [կայսեր] հարկը տվեցի և ուրիշներին էլ հրամայեցի տալ, և երբ կամեցան Ինձ թագավոր դարձնել, փախա: Քանի որ կամքով կուրացած էին և չարիք էին խորհում, այդ պատճառով էլ կարճ պատասխան տվեց թե` <em«Դո՛ւ ասացիր», և լռեց:
   

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

Եւ Յիսուս կանգնեց կուսակալի առաջ. կուսակալը հարցրեց նրան ու ասաց. «Դո՞ւ ես հրեաների թագաւորը»: Եւ Յիսուս ասաց. «Դու ես ասում»:
   
    Հարցաքննություն կատարելու համար Պիղատոսը կամեցավ պաշտոնական դիրք ընդունել և պահել պաշտոնական ձևակերպումները. պրետորիոնի դռան առջևի քարահատակից ներս մտավ, բազմեց դահլիճի իր աթոռին, Հիսուսին էլ ներս բերել տվեց և կանգնեցրեց առջև, մինչ հրեաները գավթից կարող էին տեսնել ողջ կատարվելիքը, թեև ոչ բոլոր խոսքերը կարող էին լսել։ Ենթադրվում է, թե հարցաքննությունը սկսելու կարգը կարող էր կատարված լինել, որոնք մեզ չեն հետաքրքրում։ Պիղատոսը բուն ամբաստանության նյութի մեջ մտնելով և խոսքը Հիսուսին ուղղելով՝ ասում է. «Դո՞ւ ես հրեաների թագավորը¦։ Հիսուս Պիղատոսին պատասխանում է հարցով. «Արդյոք դու ինքդ որևէ բան գիտե՞ս կամ որևէ բա՞ն ես ուզում իմանալ, թե պարզապես ուրիշներից լսածդ ես կրկնում»։ Պիղատոսը վրա է բերում. «Ես հրեա չեմ, որ հրեից հատուկ ավանդույթները ևգաղափարներն իմանամ, հասկանամ, թե ինչ է նշանակում Մեսիա կամ Քրիստոս։ Քո ազգի գերագույն ժողովի իշխաններն ու ազգայիններն են ասում, թե մի Մեսիա կամ Քրիստոս պիտի գա, հրեաների թագավորն ու ազատարարը լինելու, և թե դու ասել ես, որ այդ անվամբ թագավորն ես, այս պատճառով քեզ հանցավոր են համարել, եկել են ինձանից քո մահապարտության վճիռը պահանջելու։ Անշուշտ այս ամենը դու ևս լսել ես ու գիտես, ուրեմն ինձ ասա, թե ի՞նչ գործ է սա և ի՞նչ է քո արածը»։
    Պիղատոսին հուզած խնդիրը կարևոր էր։ Որքան էլ Պիղատոսը դրանից իմանալու բան չուներ, սակայն Հիսուս չկամեցավ լռել, և հեթանոս դատավորի հասկանալու չափով, ուզեց մեսիայության խնդիրը բացատրել. §Երբ դու թագավորության անունը լսում ես, չլինի թե քո կարծածի նման աշխարհիկ թագավորություն կամ քաղաքական իշխանություն ընդունես. իմ ընթացքում այսպիսի բան չկա և ոչ էլ հրեաների մեսիայությունն է այս։ Այն Երկնքի Արքայություն կամ երկնային թագավորություն է, բարոյական իշխանություն՝ մարդկանց ճշմարտությունն ուսուցանելու և հոգևոր փրկություն տալու. այս է Մեսիայությունը և այս է իմ իշխանությունը կամ թագավորություն ասվածը, որ աշխարհային չէ։ Սա էլ այնչափ է հայտնի, որ եթե ես աշխարհային թագավորության հետամուտ լինեի, անշուշտ օգուտ քաղած կլինեի այն ժողովրդական խանդավառությունից, որ ամենուր ունեցել եմ և հազարներով մարդիկ են եկել հետևիցս, որի մի օրինակը դեռ մի քանի օր առաջ՝ քաղաքում տեսան։ Եթե իմ նպատակը աշխարհային իշխանությունը լիներ, կքաջալերեի այդ ամբոխին, նրանցով կշրջապատվեի, և ինձ հետևողների ձեռքով ինքս ինձ կպաշտպանեի և հրեաների ձեռքը չէի ընկնի»։
«Ուրեմն,- ասում է Պիղատոսը,- քո կարծիքով մի ուրիշ տեսակի թագավոր էլ դու ես»։
    Հիսուս պատասխանում է. «Եթե իմ տված բացատրությամբ վերցնենք, ասածդ ճիշտ է, թե ես մի թագավոր եմ, բայց ոչ այս աշխարհում իշխանություն վարելու հետամուտ թագավոր։ Իմ աշխարհ գալու և աշխարհում գործելու միակ նպատակն այն է եղել, որ ճշմարտությունը սովորեցնեմ, և ճշմարտությունը տիրի աշխարհում, և բոլոր նրանք, ովքեր սիրում են ճշմարտությունը, ընդունեն իմ քարոզչությունը, հետևեն իմ վարդապետությանը և ճշմարտությունն իշխի նրանց»։
    «Ի՞նչ է ճշմարտություն ասածդ,- հարցնում է Պիղատոսը,- ես այսպիսի վերացական և հոգևոր խոսքերից բան չեմ հասկանում»։ Սա ասում է ոչ թե հարցնելու և որևէ բան իմանալու նպատակով, այլ հարցաքննությունը ավարտելու և խոսքը վերջացնելու համար։ Տեսնում է, որ իբրև թագավորության հետամուտ ամբաստանված անձը ամենևին էլ այն տեղերից չէ, այլ՝ երկնքից, հոգուց, բարոյականից խոսող անվնաս մեկն է, ինչը որ հաստատում էր նախօրոք Նազովրեցի Հիսուսի մասին ունեցած իր գաղափարը։ Այս տեսությամբ առավել ևս իր նախկին կարծիքի վրա է հաստատ մնում, թե քաղաքական հանցանքի տեր և մահապարտության արժանի մեկը չէ Հիսուս, այլ միայն հրեաների մեջ եղող ընտանեկան վեճերի ու հակառակությունների զոհը։