Ա. Լոպուխին
19-27․ Հակոբը հորն ասաց. «Եսավն եմ՝ քո անդրանիկը: Արեցի այն, ինչ ասացիր ինձ: Վե՛ր կաց, նստի՛ր ու կե՛ր իմ որսից, որ քո հոգին օրհնի ինձ» [19] Իսահակը որդուն հարցրեց. «Այդքան շուտ ինչպե՞ս որս գտար, որդյա՛կ»: Նա պատասխանեց. «Տերը՝ քո Աստվածը, իմ առջև բերեց այն»։ Իսահակը Հակոբին ասաց. «Մո՛տ արի, որ շոշափեմ քեզ, որդյա՛կ, որ իմանամ արդյոք դո՞ւ ես իմ որդի Եսավը, թե՞ ոչ»։ Հակոբը մոտեցավ իր հորը՝ Իսահակին: Վերջինս շոշափեց նրան ու ասաց. «Ձայնը Հակոբի ձայնն է, իսկ ձեռքերը Եսավի ձեռքերն են»։ Եվ չճանաչեց նրան, որովհետև նրա ձեռքերն իր եղբայր Եսավի ձեռքերի նման մազոտ էին։ Իսահակը օրհնեց նրան ու ասաց. «Դու իմ որդի Եսա՞վն ես»։ Նա պատասխանեց. «Ես եմ»։ Իսահակն ասաց. «Մատուցի՛ր ինձ, որ ուտեմ քո որսից, որդյա՛կ, որպեսզի օրհնեմ քեզ»։ Հակոբը մատուցեց նրան, և նա կերավ։ Նրան գինի բերեց, և նա խմեց։ Ապա Իսահակը նրան ասաց. «Մո՛տ արի և համբուրի՛ր ինձ, որդյա՛կ»։ Հակոբը մոտեցավ ու համբուրեց նրան։ Իսահակն առավ նրա հագուստի հոտը և օրհնեց նրան՝ ասելով. «Իրապես իմ որդու բուրմունքը նման է բարեբեր անդաստանի բուրմունքին, որ օրհնված է Տիրոջ կողմից։ (Սինոդական թարգ․)
Եսավի փոխարեն ներկայանալով՝ Հակոբը խաբեության է դիմում, այն էլ Աստծո անունը կանչելով (Ծննդ. 27։20), ինչի պատճառով էլ մեղքն ավելի է ծանրանում։ Աստծո արդար դատաստանի համաձայն՝ Հակոբի խաբեության պատճառով նրա կյանքն անցնում է ծանր փորձություններով։
Եկվորի անձի նկատմամբ մի քանի անգամ կասկածամտություն դրսևորելուց հետո (Ծննդ. 27։21, 22, 24) Իսահակը անցնում է (Ծննդ. 27։27) որդու օրհնությանը, որը, ի տարբերություն Ծննդ. 27։23–րդի սովորական ողջույնի, նաև մարգարեություն է Իսահակի և նրա սերնդի ապագայի մասին (հմմտ. Ծննդ. 9։25–27 և այլն)։ Բանաստեղծական ձևը, պատկերավորությունը և օրհնության անմիջականությունը երևում են այն բանից, որ օրհնությունը սկսվում է Եսավի հանդերձների հաճելի բուրմունքի նկարագրությունից: Յոթանասնիցում այն αγρουπληρους է, Վուլգաթայում՝ agri pleni, սլավոներենում` «нивы исполнены», ռուսերենում՝ «արտի», եբր. sadeh: Այստեղ «անդաստան»–ը Քանանն է։
--------------------------------
[19](Էջմիածին թարգ․) Յակոբը պատասխանեց հօրը. «Ես Եսաւն եմ՝ քո անդրանիկ որդին: Արեցի այնպէս, ինչպէս ասացիր ինձ: Արի նստի՛ր ու կե՛ր իմ որսից, որ օրհնես ինձ»:
(Արարատ թարգ․) Եվ Հակոբն ասաց իր հորը. «Ես քո անդրանիկ որդին եմ՝ Եսավը: Ես արեցի, ինչ որ պատվիրեցիր: Վե՛ր կաց, նստի՛ր և կե՛ր իմ որսից, որ քո հոգին օրհնի ինձ»:
(Գրաբար) Եւ ասէ Յակոբ ցհայրն. Ես եմ Եսաւ անդրանիկն քո, արարի որպէս եւ խաւսեցար ընդ իս, արի նիստ եւ կեր յորսոյ իմմէ. զի աւրհնեսցէ զիս անձն քո:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: