Ա. Լոպուխին
28-29․ Թող Աստված քեզ տա երկնքի ցող, երկրի բերրիություն և ցորենի ու գինու առատություն: [28] Թող քեզ ժողովուրդներ ծառայեն, և ազգերը քեզ երկրպագեն: Քո եղբայրներիդ տերը լինես, և մորդ որդիները քեզ երկրպագեն: Քեզ անիծողը թող անիծյալ լինի, իսկ քեզ օրհնողը՝ օրհնյալ: (Սինոդական թարգ․)
Ամառային և շոգ ամիսներին գրեթե անանձրև Արևելքում պտղաբերության առաջին պայմանն ցողն է (Բ Օր. 38։18, 28, Ովս. 14։6)։ Օրհնության առաջին մասն ամբողջացնողը Աստվածաշնչից հայտնի Պաղեստինի պտղաբերությունն է (Ելք 3։8, 33։3 և այլն)։ Օրհնության այս հատվածը կարծես չի համապատասխանում Աբրահամին տրված խոստումներին. դա բացատրվում է այն հանգամանքով, որ Իսահակը (ինչպես և հետագայում Հակոբը) արդեն զբաղվում էր հողագործությամբ (Ծննդ. 26։12) և սկսում է իր խոսքը հողագործության բարիքներից։ Եսավի ենթակայությունը Հակոբին երևում է ի դեմս Դավթի օրոք նրա սերունդների (Բ Թագ. 8։14, Սաղ. 59։2)։ Իսահակի մորեղբայրների մեջ ներառվում են նաև Աբրահամի բոլոր սերունդները՝ ոչ միայն Սառայից, այլև Ագարից և Քետտուրայից ծնվածները։ Իսահակի խոսքերը՝ օրհնողներին օրհնելու և անիծողներին անիծելու մասին, հիշեցնում են Աբրահամին տրված խոստումները, բայց, ի տարբերություն վերջինների, չկա խոստում այն մասին, որ բոլոր ազգերը կօրհնվեն Հակոբի սերնդի միջոցով: Դա կարծես պատիժ է օրհնությունը անպատշաճ կերպով ստանալու համար, և միայն այն ժամանակ, երբ Հակոբը, հոր տնից փախչելով, սկսում է քավել իր մեղքը, նրան տրվում է վերոհիշյալ օրհնությունը (Ծննդ. 28։16)։
Իսահակի օրհնության նշանակության մասին Ս. Թեոդորիտոսը ասում է. «Հակոբից մարմնով պիտի սերեր Քրիստոս՝ ազգերի սպասումը և ամբողջ տիեզերքի Տերը... Իսահակը խոստանում է նրան երկնային ցող և երկրի պարարտություն, ինչը խորհրդանշում է ի վերուստ տրվող շնորհ և երկրային բարիքներ. երկնային ցողը խորհրդանշում է Տիրոջը՝ Քրիստոսին, իսկ երկրի պարարտությունը՝ մեզանից վերցված մարդկային բնությունը (83–րդ հարցի պատասխանն է)։
--------------------------------
[28](Էջմիածին թարգ․) Թող Աստուած քեզ մաս հանի երկնքի ցօղից, երկրի պարարտութիւնից եւ ցորենի ու գինու առատութիւն պարգեւի:
(Արարատ թարգ․) Թող Աստված քեզ տա երկնքի ցողից ու հողի պարարտությունից, թող քեզ ցորենի և գինու առատություն տա:
(Գրաբար) Եւ տացէ քեզ Աստուած ի ցաւղոյ երկնից` եւ ի պարարտութենէ երկրի, եւ բազմութիւն ցորենոյ եւ գինւոյ:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: