Ա. Լոպուխին
30-32. Երբ Իսահակն ավարտեց իր որդի Հակոբին օրհնելը, և հենց Հակոբը գնաց իր հայր Իսահակի մոտից, որսից եկավ Եսավը՝ նրա եղբայրը: [30] Նա ևս խորտիկներ պատրաստեց, մատուցեց իր հորը և նրան ասաց. «Վե՛ր կաց, հա՛յր իմ, և կե՛ր քո որդու որսից, որպեսզի օրհնես ինձ»: Իսահակը՝ Եսավի հայրը, նրան հարցրեց. «Ո՞վ ես դու»: Նա պատասխանեց. «Ես Եսավն եմ` քո անդրանիկ որդին»։ (Սինոդական թարգ․)
Եսավին օրհնելու պատումը ներկայացված է բավականին պատկերավոր։ Դրանով ընդգծվում է, որ Հակոբի օրհնությունը ավելի կարևոր էր, քան Եսավինը. դա երևում է պատումի բոլոր մանրամասներից։ Սուրբ Հովհան Ոսկեբերանը նշում է. «Ո՞վ չի զարմանա Աստծո նախախնամության վրա. քանի դեռ չէր կատարվել օրհնությունը, Եսավը չվերադարձավ որսից: Նա վերադարձավ այն ժամանակ, երբ Հակոբը, օրհնություն ստացած, գնաց նրա մոտից»։ Րաբբիների կարծիքով Եսավը եկավ անմիջապես Հակոբի դուրս գալուց հետո։
Եսավի՝ հոր հետ ունեցած զրույցը նման է Հակոբի զրույցին, սակայն, ինչպես նշում է Ռաշին, Եսավի` հորը ճաշին կանչելը ավելի կոպիտ է հնչում (27։31), քան Հակոբինը (27։19–ում թե՛ եբրայերեն բնագրում և թե՛ Յոթանասնիցում «վեր կենալ» բայը երրորդ դեմքով է դրված, իսկ 27.31–ում՝ երկրորդ)։
--------------------------------
[30](Էջմիածին թարգ․) Երբ Իսահակը իր որդի Յակոբին օրհնելը վերջացրեց, եւ Յակոբը գնաց իր հայր Իսահակի մօտից, որսից եկաւ նրա եղբայր Եսաւը:
(Արարատ թարգ․) Երբ Իսահակը վերջացրեց Հակոբին օրհնելը, Հակոբը դուրս եկավ իր հոր՝ Իսահակի մոտից, ու նրա եղբայր Եսավը եկավ որսից:
(Գրաբար) Եւ եղեւ յետ դադարելոյն Իսահակայ յաւրհնելոյ անտի զՅակոբ զորդի իւր. իբրեւ ել Յակոբ յերեսաց Իսահակայ հաւր իւրոյ: Եւ եկն Եսաւ եղբայր նորա յորսոյ:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: