Ծննդոց գրքի մեկնություն 27:40

Ա. Լոպուխին

Քո սրով պիտի ապրես և քո եղբորը ծառայես։ Եվ կգա ժամանակը, ու դու  կքանդես և կթոթափես նրա լուծը քո պարանոցից»: [40] (Սինոդական թարգ․)
   
   «Սրով ապրել».  իրոք, եդոմացիները ավազակային հարձակումների էին ենթարկում քարավանները և ճամփորդներին։ Իսահակի մարգարեությունը ամենայն ճշտությամբ կատարվեց. Նախ՝ Եսավի սերունդը բազմացավ, հարստացավ և Իսրայելից ավելի վաղ թագավորներ ունեցավ (Ծննդ. 36.31)։ Բայց արդեն առաջին թագավոր Սավուղը հաջողության հասավ Եդոմի դեմ կռվում (Ա Թագ. 8։14), իսկ Դավիթի օրոք բոլոր եդոմացիները ստրկացվեցին (Բ Թագ. 8:14): Այնուհետև, ըմբոստանալով և´ Սողոմոնի (Գ Թագ. 11։14), և´ Աքազի (Դ Թագ. 14:7, 22) և այլ թագավորների օրոք, Եդոմի մնացորդին ջախջախելուց հետո (Ամ. 9։11–12, Երեմ. 49։1) թլփատության միջոցով նրանք վերջնականապես մտան Հուդայի թագավորության կազմի մեջ։ Սակայն «եկավ ժամանակը», ըստ Թալմուդի, «երբ Իսրայելը մերժեց օրենքի լուծը, այնժամ և Եդոմը  հրաժարվեց այդ լծից», և, ի դեմս Հերովդես Մեծի և նրա տան, Հուդան թագավորներ ունեցավ անգամ եդոմացիներից։
--------------------------------
[40](Էջմիածին թարգ․) Քո սրով պիտի ապրես եւ քո եղբօրը պիտի ծառայես: Բայց պիտի գայ ժամանակ, որ դու պիտի քանդես եւ շպրտես նրա լուծը քո պարանոցից»:
(Արարատ թարգ․) Եվ ապրես քո սրով ու ծառայես քո եղբորը: Եվ երբ լինի, որ դու ընդդիմանաս, այնժամ նրա լուծը ցած կգցես քո վզից»:
(Գրաբար) Եւ սրով քով կեցցես. եւ եղբաւր քում ծառայեսցես. եւ եղիցի յորժամ քակեսցես եւ լուծցես զլուծ նորա ի պարանոցէ քումմէ: