Ա. Լոպուխին
42-46․ Ռեբեկային տեղեկացրին Եսավի՝ իր երեց որդու խոսքերը: Նա մարդ ուղարկեց, կանչեց իր կրտսեր որդուն՝ Հակոբին, ու նրան ասաց. «Քո եղբայր Եսավը սպառնում է սպանել քեզ։ [42] Արդ, լսի՛ր իմ խոսքը, որդյա՛կ, վե՛ր կաց, փախի՛ր [Միջագետք]՝ Խառան՝ իմ եղբայր Լաբանի մոտ։ Նրա մոտ բնակվիր որոշ ժամանակ, մինչև որ քո եղբոր զայրույթն անցնի, և մոռանա այն, ինչ արել ես։ Ապա ես մարդ կուղարկեմ և ետ կբերեմ քեզ այնտեղից. չլինի թե ձեր երկուսից էլ զրկվեմ նույն օրը»։ Ապա Ռեբեկան Իսահակին ասաց. «Կյանքիցս զզվել եմ Քետի դուստրերի պատճառով։ Եթե Հակոբն էլ կին առնի այս երկրի՝ քետացիների դուստրերից, էլ այս կյանքն ինչի՞ս է պետք»։ (Սինոդական թարգ․)
Այս մտադրությունը Եսավը արտահայտում է բացահայտ: Այդ մասին իմանալով՝ Ռեբեկան շրջահայացորեն Հակոբին ուղարկում է Խառան՝ Լաբանի մոտ («որոշ ժամանակ», այսինքն՝ կարճ ժամանակով, հմմտ. Ծննդ. 28.20): Միայն Հակոբի առաջ է բացահայտում, թե ինչու է նրան ուղարկում Խառան, իսկ Իսահակին ներկայացնում է այլ պատճառ՝ ազգակից ընտանիքից հարս փնտրելը (հմր. 46)։ Այսպես՝ «Աստված նրա մտքում դրեց այն ամենը, ինչ կարող էր նպաստել հետագա տնօրինությանը և նրա որդու փրկությանը» (Հովհան Ոսկեբերան, էջ 579)։
--------------------------------
[42](Էջմիածին թարգ․) Ռեբեկային տեղեկացրին իր աւագ որդի Եսաւի խօսքերը, եւ նա մարդ ուղարկեց, կանչեց իր կրտսեր որդի Յակոբին ու ասաց նրան. «Ահա քո եղբայր Եսաւը սպառնում է սպանել քեզ:
(Արարատ թարգ․) Եվ Ռեբեկային պատմեցին իր ավագ որդու՝ Եսավի ասած խոսքերը, և նա մարդ ուղարկեց ու կանչեց իր կրտսեր որդի Հակոբին ու ասաց նրան. «Ահա քո եղբայր Եսավն ուզում է վրեժխնդիր լինել ու քեզ սպանել:
(Գրաբար) Ազդ եղեւ Ռեբեկայ բանքն Եսաւայ որդւոյ իւրոյ երիցու. եւ յղեաց կոչեաց զորդի իւր զկրտսեր զՅակոբ` եւ ասէ ցնա. Ահա Եսաւ եղբայր քո սպառնայ սպանանել զքեզ:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: