Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 28:1

Հովհաննես Ծործորեցի (†1338)

Շաբաթ օրուայ երեկոյեան, երբ կիրակին լուսանում էր, Մարիամ Մագդաղենացին եւ միւս Մարիամը եկան գերեզմանը տեսնելու:

   

   Շաբաթ երեկոյան, երբ լուսանում էր միաշաբաթը, Մարիամ Մագդաղենացին և մյուս Մարիամը եկան գերեզմանը տեսնելու:

   Նախքան պարկեշտ յուղաբեր կանանց մասին խոսելը պարզենք այն կարծեցյալ անհամաձայնությունը, որ թվում է` կա ավետարանիչների ասածների միջև, մանավանդ Մարիամանց վերաբերյալ: Որովհետև ովքեր անճիշտ քննությամբ են հասկանում նրանց վերաբերյալ խոսքերը, դրանք դատարկախոսություն են համարում: Եվ նախևառաջ Մարիամանց մասին ենք խոսում, որովհետև կան մարդիկ, որ ասում են, թե կա հինգ Մարիամ. մեկն ամենօրհնյալ տիրուհի Կույսն է` Տիրոջ մայրը, երկրորդը` Մագդաղենացին, երրորդը` Հակոբի ու Հովսեսի մայրը, չորրորդը` Կղեովպասի [Մարիամ] կոչվողը, և հինգերորդը` Ղազարոսի քույրը: Մարկոսը սրանց ավելացնում է Սաղոմեին, և Ղուկասը` Հոհաննային: Հանվանե սրանք են հիշվում, բայց կային և այլ շատեր, ինչպես ասում է Ղուկասը. «...և այլք նրանց հետ, ովքեր պատմեցին սա առաքյալներին» (Ղուկ. 24:10), որովհետև շատ կանայք էին եկել [Հիսուսի] հետ Գալիլեայից` ծառայելու Նրան իրենց միջոցներով:

   Արդ` Մագդաղենացին նա է, ումից յոթ դև ելավ, և ում մասին արդեն ասել ենք: Իսկ Հակոբի ու Հովսեսի մայրը, ասում են, կինն է Աստվածահայր անվանվող Հովսեփի, ումից ծնեց Հակոբին, Հովսեսին, Սիմոնին, Հուդա Թադեոսին և նրանց քույր Սաղոմեին, ով դարձավ Զեբեդեոսի կինն ու Որոտման որդիների մայրը, և ով ընտանիքի անդամ լինելու պատճառով գահերիցություն խնդրեց իր որդիների համար 1646: Կղեովպասի [Մարիամն] էլ, ասում են, [Կղեովպասի] դուստրն էր, իսկ նա` Հովսեփի եղբայրը, և այսքան ընտանության պատճառով է, որ Հովհաննեսը [Կղեովպասի Մարիամին Հիսուսի] «մորաքույրն» է անվանում (Հովհ. 19:25): Ղազարոսի [քույր Մարիամը] պարզ է` ով է 1647, ինչպես նաև Տիրոջ մայրը: Իսկ Հոհաննան Հերովդեսի հազարապետ Քուզայի կինն էր, ինչպես ասում է Ղուկասը 1648:

   Ուրեմն` հիշատակվող կանայք սրանք են, և սրանցից գերեզման այցելածներն են Մարիամ Մագդաղենացին և Հակոբի ու Հովսեսի Մարիամը, ում «մյուս Մարիամ» է Մատթեոսը կոչում: Մարկոսն ու Ղուկասը սրանց հիշատակում են, և ապա մեկն ավելացնում է Սաղոմեին, մյուսը` Հոհաննային, մինչ Հովհաննեսը միայն Մագդաղենացուն է հիշատակում 1649: Ղազարոսի քրոջը, Կղեովպասի [Մարիամին] ու Տիրամորը չեն նշում հանվանե, թե եկել են Տիրոջ գերեզման. բայց կարող է մեկը համարել, թե նրանք եղել են նրանց հետ, ում մասին ասում է [Ղուկասը]` «և այլ կանայք նրանց հետ»: Իսկ եթե ոմանք ասում են, թե Աստվածածինը գերեզման է եկել, ինչպես մեկնություններում ու եղանակավոր երգերում է ասվում, սրա համար ապացույց չունենք. որովհետև եթե նա եկել էր գերեզման, ինչպե՞ս է, որ ավետարանիչները մյուսներին հիշում են որդիների կամ վայրերի անունով, իսկ սրան, որ արժանի է բոլոր բարի հիշատակներին, չեն հիշում:

   Այս [մեկնությունը ներկայացրինք] ըստ այլոց: Իսկ մենք, ստուգությամբ քննելով սա ավետարանիչների, ինչպես նաև այլ բազմաթիվ իմաստուն այրերի [գործերում], ասում ենք, որ երեք Մարիամ կա: Մեկը Տիրոջ մայրն է, երկրորդը` նրա քույրը, որ Կղեովպասի դուստրն է` Ալփեոսի կինն ու Հակոբոսի, Հովսեսի և մյուս [եղբայրների] մայրը 1650, ինչպես արդեն ասել ենք, և երրորդը` Մարիամ Մագդաղենացին, ով յուղով օծեց Տիրոջը և մաքրեց Նրա ոտքերը, երբ մեղավոր էր, և ապա` Նրա գլուխը Բեթանիայում` իր եղբայր Ղազարոսի տանը` սեղան նստածների առաջ 1651, Այժմ էլ երրորդ անգամ Է եկել օծելու ամբողջ մարմինը գերեզմանում, ինչպես ասում Է [ավետարանիչը]. «Շաբաթվա երեկոյան, երբ լուսանում էր միաշաբաթը, Մարիամ Մագդաղենացին [և մյուս Մարիամը] եկան [գերեզմանը տեսնելու]»:

   Կանանց զանազանության վերաբերյալ խոսեցինք, այժմ էլ խոսենք ավետարանիչների [ներկայացրած տեղեկությունների տարբերության] մասին: Որովհետև Մատթեոսն ասում է` «շաբաթվա երեկոյան», Մարկոսը` «միաշաբաթի առավոտյան` արևագալին» (հմմտ. Մարկ. 16:2), Ղուկասը` «միաշաբաթին` վաղ առավոտյան» (Ղուկ. 24:1), և Հովհաննեսը` «Արշալույսին Մարիամ Մագդաղենացին գալիս է գերեզման» (հմմտ. Հովհ. 20:1): Հարկ է պարզել, թե արդյոք ինչո՞ւ տարբեր ձևով ներկայացրին: Արդ` ոմանք ասում են, թե Տիրոջ նախախնամությամբ սա եղավ` Նրա ծառաների համար, որովհետև եթե ամեն ինչ նույն կերպ ներկայացնեին, հերձվածողներն ու հեթանոսներն առիթ կունենային ասելու, թե բոլորը համաձայնության եկան և միանման գրեցին 1652: Ահա այս պատճառով էլ ժամանակի հարցում մի փոքր տարբեր կերպ ներկայացրին` դեպքերը հաստատելու համար:

   Բայց ես կարծում եմ` սրա համար երկու պատճառ կա: Կամ չորս անգամ եղավ կանանց գալուստը` խոր գիշերից, որի մասին Մատթեոսն է խոսում, մինչև արևագալը, որի մասին Մարկոսն է գրում (և բոլորը [ժամանակը նշելուց] հետո Մագդաղենացուն են [հիշատակում]` նրա մեծ սիրո և ջանասեր ու արի հոգու պատճառով): Ուստի ավետարանիչները յուրաքանչյուր այցելությունն ու ժամանակը առանձին նշեցին: Կամ էլ տարբեր ժամանակներով միևնույն այցելությունն են ցույց տալիս, քանի որ այդ ժամանակները նույն նշանակությունն ունեն. «երեկոյան» բառը գիշերվա և մթության [իմաստ է արտահայտում]` ըստ այսմ. «Կերեկոյանա ձեզ համար, այնպես, որ չեք տեսնի» (հմմտ. Միք. 3:6), և` «Եղավ երեկո» (Ծննդ. 1:5), այսինքն` գիշեր, որովհետև խոր երեկոն, առավոտն ու այգաբացը միևնույն ժամանակն են, որ գործածվում են ավետարանիչների կողմից մթությունն [արտահայտելու] համար, քանի որ զինվորների պատճառով ինչպե՞ս կհամարձակվեին [կանայք] ցերեկն այցելել 1653: «Շաբաթ երեկոյան,- ասում է [ավետարանիչը],- երբ լուսանում էր միաշաբաթը»:

   «Շաբաթ»-ը եբրայերենից թարգմանվում է որպես «հանգիստ» և յոթերորդ օրն է, որում շաբաթանում էր [հրեա] ժողովուրդը և հանգիստ տալիս ծառաներին, աղախիններին, եզին ու էշին` ըստ Մովսեսի սահմանած Օրենքի կանոնի 1654: Որովհետև Աստված ևս առաջին արարչագործության ժամանակ յոթերորդ օրը հանգստացավ Իր բոլոր գործերից, որ սկսել էր անել, Նա, Ով հանգիստն է բոլոր աշխատածների և Իր կամքով միայն կարող է գործեր անել, ուստի մեզ ևս հաստատուն հույս տվեց, որ ովքեր այստեղ Աստծո գործերն են անում, այնտեղ Աստծո հետ հանգստանալու են, ինչպես մանուկները` իրենց հայրերի անկողնում 1655: Սա նույնպես նախօրինակ էր մեր Քրիստոս Աստծո երկրորդ արարչագործության, Ով տնօրենության խորհրդի կատարումից հետո հանգստյան նույն` շաբաթ օրը մարմնով իջավ գերեզման, որպեսզի Իր հետ վեր հաներ կապված հոգիներին և անանց հանգիստը պատրաստեր նրանց: Իսկ այսօր` միաշաբաթ օրվա լուսաբացին, ծագեց մեզ համար Արեգակը խավարի գբից. ինչպես որ առաջին միաշաբաթ օրը ստեղծական լույսն արարեց և նրանով փարատեց սկզբնական խավարը, այդպես էլ այս օրը հարություն առնելով` մեղքի և անգիտության խավարը հալածեց աշխարհից` ըստ այսմ. «Արևածագին հավաքվում են և իրենց որջերում հանգիստ առնում» (Սաղմ. 103:22): Այսինքն` չար գազանները, որ մեղքերն ու անօրինություններն են, հեռանալով հավատացյալներից, հավաքվեցին իրենց որջերում` չարության մոր` առաջին Բանսարկուի մոտ, և նույն այդ անտառով պատրաստվում են անշեջ գեհենին մատնվելու: Ուստի մարդիկ, զորանալով Տիրոջ հարության ծագմամբ, ելնում են մահվան ստվերի և մեղքի խավարի միջից` իրենց բարի գործերը [կատարելու], ասես սկզբից մինչև այս կյանքի հավիտյանի լրման երեկոն, երբ լինելու է Երկրորդ գալուստն այս միաշաբաթ օրը` կիրակի, ինչպես ասում է [ավետարանիչը]. «Շաբաթվա երեկոյան, երբ լուսանում էր միաշաբաթը»:

   Թեպետ «միաշաբաթ» բառը ցույց է տալիս գալիք մշտնջենավոր ժամանակի մի օրը 1656, որում երկարաձիգ հանգիստ են առնելու արդարներն Աստծո հետ անվախճան հավիտյանում, և որին երբեք չի փոխարինում մի ուրիշ օր` ըստ առաքյալի, ով ասում է, թե մեկն է Աստծո շաբաթը 1657, բայց այս կյանքում շաբաթվա օրերի` հաշվարկման ենթարկվելու պատճառով [այդ օրը] կոչվում է «միաշաբաթ», այսինքն` շաբաթից հետո առաջին օրը, ինչպես որ մյուսներն էլ են ըստ կարգի [կոչվում] «երկուշաբթի», «երեքշաբթի» [և այլն]: Որովհետև օրերն անուն չունեն, բացի մեկից, որում հանգստացավ Աստված, և որն ըստ գործի կոչվեց «շաբաթ». մյուսները դրա անունով են հերթով թվարկվում, ինչպես ասացի:

   Նաև եթե [Տերը] հարություն առավ միաշաբաթի լուսանալու ժամանակ, ինչպես ասացի, ինչո՞ւ է [ավետարանիչը] «շաբաթի երեկո» ասում և ոչ թե «միաշաբաթի»: Ինձ թվում է` ավետարանիչը փոխում է հրեական սովորությունը, որ գիշերն էին համարում օրվա սկիզբը 1658, և սովորեցնում, որ լույսից են սկիզբ առել արարածները և ոչ թե խավարից: Ուստի այն գիշերը, որում լուսանում էր միաշաբաթը, «շաբաթվա երեկո» է ասում և առավոտը` միաշաբաթի սկիզբ: Սուրբ հայրերն այն «կիրակի» անվանեցին, որ նշանակում է «տերունի օր», որովհետև, ըստ մարգարեի 1659, ճշմարտապես սա այն օրն է, որում ցնծում ենք, քանի որ սրանում Աստծո գործեր կատարվեցին:

   «Մարիամ Մագդաղենացին ու մյուս Մարիամը եկան` գերեզմանը տեսնելու»,

   որովհետև յուղ պատրաստեցին` օծելու Տիրոջ մարմինը: Շաբաթ օրը պատվիրանի պատճառով հանգիստ էին առել, իսկ երբ շաբաթն անցավ, միաշաբաթի լուսանալու ժամանակ եկան տեսնելու, թե այնտե՞ղ են զինվորները, թե՞ ոչ, քնա՞ծ են արդյոք, թե՞ արթուն, որպեսզի զգուշանային և ըստ պատշաճի ողբային Ողջին, Ում մեռյալների շարքում էին համարում, քանի որ տակավին կատարյալ չէին, նաև որպեսզի մարմինն օծեին, իսկ եթե դա չհաջողվեր կնքված քարի պատճառով, գերեզմանը խնկարկեին` ըստ [հրեական] սովորության: Ավետարանիչը «մյուս Մարիամ» է կոչում Հակոբոսի ու Հովսեսի մորը, ով Կղեովպասի դուստրն էր1660:
   

Ստեփանոս Սյունեցի (†735)

Շաբաթ օրուայ երեկոյեան, երբ կիրակին լուսանում էր, Մարիամ Մագդաղենացին եւ միւս Մարիամը եկան գերեզմանը տեսնելու:

   
    «Շաբաթ օրվա երեկոյան, երբ կիրակին լուսանում էր, Մարիամ Մագդաղենացին և մյուս Մարիամը եկան գերեզմանը տեսնելու»:
Հարության ժամի վերաբերյալ, թե ո՞ր ժամին հարություն առավ, ամենքին էլ անհայտ է: Մաթեոսն ասում է. «Շաբաթ երեկոյան, երբ կիրակին [լուսանում էր]», իսկ Հովհաննեսի ասելով՝ «Մարիամ Մագդաղենացին առավոտյան արշալույսին է [գերեզման] գալիս»: Ղուկասը հաստատապես [ասաց]՝ «կիրակի օրը՝ առավոտյան շատ վաղ», իսկ Մարկոսը նույնը, ինչպես և Ղուկասը (Հովհ. 20:1, Ղուկաս 24:1, Մարկոս 16:2):

   Եվ խնդիր է, արդյոք ինչո՞ւ ավետարանիչները զանազան ժամեր ասացին. ուրիշ [մեկնիչներն] ինչ-ինչ պատճառներ բերելով պատասխանեցին [այս հարցին], իսկ ես այսպես գիտեմ, թե համաձայն Քրիստոսի նախախնամության և մարդասիրության՝ իր ծառաների համար [այսպես արեց], քանզի եթե բոլորինն էլ նույնը լիներ, ապա հերձվածողներից և հեթանոսներից ոմանք կասեին, թե ամենքը միաբանվեցին, և այդ պատճառով նույնը հայտնեցին: Թվում է՝ թե այս պատճառով ավետարանիչների [խոսքերը] մի փոքր զանազանվեցին: Արդ, նրանց զանազանությունը մի կողմ թողնելով՝ անցնենք առաջ:

   

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

Շաբաթ օրուայ երեկոյեան, երբ կիրակին լուսանում էր, Մարիամ Մագդաղենացին եւ միւս Մարիամը եկան գերեզմանը տեսնելու:
   
    Մատթեոսը հայտնապես ասում է, թե «յերեկոյի շաբաթուն» Մագդաղենացին, Կղեովպայի Մարիամի հետ, «եկան տեսանել զգերեզմանն»։ Մարկոսն ավելացնում է, որ շաբաթվա օրինական հանգիստը լրանալուց հետո՝ «իբրեւ անց շաբաթն», նույն երկու Մարիամ որը և Սողոմե չոգան, գերեզմանից տուն վերադարձան, «պատրաստեցին խունկս»։ Խունկ պատրաստելու գործը շարունակությունն ու լրումն էր ուրբաթ երեկո՝ մյուս յուղաբեր որի սկսած գործի, որին մասնակցում են երկու Մարիամն էլ, որ ուրբաթ երեկո՝ մինչև ուշ ժամը մնացել էին գերեզմանի մոտ, նաև Սողոմոն, որ նախորդ երեկոյան անշուշտ, իբրև Տիրամոր Հյուրընկալ, գլխավորել էր բոլոր գործերը։ Յուղ և խունկ պատրաստելու գործը հատուկ յուղագործական մի արհեստ էր, որը կանայք ավելի լավ գիտեին և զանազան հոտավետ խեժեր ծեծելով, հալելով, խառնելով՝ տարբեր տեսակի անուշահոտություն էին ստանում։ Բնական է և դյուրիմանալի այդ յուղաբեր կանանց Հիսուսի գերեզմանի նկատմամբ զգացած հետաքրքրությունը և իրենց խմբի երկու ժիր և արի նպատակն էր գերեզմանը տեսնել, եղածն իմանալ, ապահով մի լուր լսել, մյուսներին և գլխավորապես Տիրամայր Մարիամին հաղորդել։
    Թե ինչ տեսան, ինչ իմացան, ինչ ազդեցություն ունեցան և ինչ լուր բերեցին, դժվար է ճշտել։ Յուղաբեր որի ամբողջ հոգսը Հիսուսի մարմինը խնկելու փափագն էր, և այդ նպատակով էր կատարվում խնկերի ու յուղերի պատրաստությունը։ Եթե երեկոյան տեսան, որ գերեզմանը փակված ու կնքված է, իսկ հռոմեացի զինվորները, նիզակները ձեռքներին կանգնած գերեզմանն են պահպանում, անշուշտ պիտի հուսախաբություն զգային՝ իրենց նպատակին չհասնելու համար, քանի որ ո՛չ զինվորները պիտի թողնեին իրենց մոտենալ գերեզմանին, ո՛չ իրենք պիտի հանդգնեին կնիքները կոտրատել ու գերեզմանը բացել։ Եթե եկան տեսածների մասին լուր տալու, կնքված գերեզմանը հսկող զինվորներին տեսնելու մասին հաղորդելու, անշուշտ խեղճ յուղաբորների մտադրությունը տակնուվրա եղավ և շփոթվեցին։ Շատ հավանական է, որ նույնիսկ երկու Մարիամ ների գերեզման գնալուց առաջ, ծածուկ չմնաց քահայնապետերի Պիղատոսին դիմելը, զինվորներով գերեզման գնալը, գերեզմանը կնքելու և պահապան զինվորներ կանգնեցնելու գործողությունը։ Հովհաննեսը կամ առաքյալներից ուրիշները ևս այդ լուրն իմացան և հաղորդեցին իրենց խնամակալ կանաց, ու այսպես թե այնպես, յուղաբեր կանայք իրենց մտադրությունն իրականացնելու դժվարությունը զգացած պիտի լինեին։
    Այնուհետև տեսնում ենք, որ գերեզմանից վերադառնալուց հետո շարունակում են իրենց պատրաստությունները և մտքերը չեն փոխում, քանի որ առավոտյան էլ ճանապարհ են դուրս գալու՝ գերեզման գնալու համար։ Հաստատուն վստահություն ու հավատք կա այդ երանելի կանաց սրտում, թե իրենց Հիսուսը պիտի օգնի իրենց՝ նպատակը հաջողության հասցնելու գործում և ով գիտի, թե դեռ ինչ անակնկալ հանգամանքներ կարող են ծագել։ Եւ ի վերջո, անհավանական չենք գտնում ենթադրել, թե այդ կանանց սրտում եղածը՝ հնարավորը արած լինելու գոհունակության զգացումն է։Հիսուսի մարմինը խնկելու նպատակն ունեն նրանք, եթե դուռը բացվի՝ ներսից, իսկ եթե չբացվի՝ դրսից, բայց միշտ կարող են իրենց յուղերն ու խունկը մատուցել, ձեռքներին եկածն անել և Հիսուսի մարմնին որևէ պատիվ ընծայել՝ վկայել իրենց զգացումը և գոհություն տալ իրենց սրտին։
    Անցողիկ ուշադրություն ենք հրավիրում այստեղ, թե ավետարանների ասածի համաձայն յուղաբերների պատրաստությունները միշտ մարմինը խնկարկելու էին ծառայում, ինչը կատարվում է գերեզմանում դրված պատանյալ մարմնի շուրջը խունկ դնելով կամ ծխելով։ Մարկոսը մի անգամ ևս գործածում է «զի օծեցին զնա» բացատրությունը, որը պետք է պարզապես խնկելու իմաստով հասկանալ, որովհետև ենթադրել իսկ չէ, որ յուղաբերները դիտավորություն ունեցած լինեն Հիսուսի մարմինը, որ Հովսեփը «պատեաց պաստառակելու», իսկ Հովսեփն ու Նիկոդեմոսը «պատեցին կտաւովք խնկովք հանդերձ, որպես օրէն էր Գրքից պատել», իրենք երկու օր հետո քանդեն, հանեն պատանքից և, օծելուց հետո նորից պատանու ու հանգեցնեն իր տեղում։
    Շաբաթ օրվա գործերը ավարտած և միաշաբաթվա հրաշալի օրվա պատմությանը չանցած, ուզում ենք մի պահ առաքյալների վիճակը հիշել։ Ավետարանը բնավ ոչ մի հիշատակություն չի թողնում Գեթսեմանի պարտեզից ցրված իննի մասին։ Քահանայապետարանում՝ իր ուրախության համար վշտացյալ և զղջացող Պետրոսի արտասվելով հետո, նրա մասին էլ հիշատակություն չունենք։ Հովհաննեսին էլ մինչ այդ խաչի ներքևում տեսանք և դրանից հետո նրա արածի մասին գրված չէ։Սակայն միաշաբաթվա օրը նրանց գտնում ենք համախմբված, ինչը ցույց է տալիս, թե նախորդ օրն ինչ- որ բան են արել։ Հիսուս Պետրոսին ասել էր, թե ուրախությունից հետո զղջալով, իր ընկերներն էլ քաջություն պիտի ներշնչի Ղուկ. 22:32, և ըստ այդմ, պարտավորվում ենք ասել, թե Պետրոսն իր տկարությունից խորապես ցավ ապրելով, սրտում նորոգեց իր սկզբնական աշխուժությունն ու եռանդը, սկսեց որոնել ընկերներին, որպեսզի Հիսուսի՝ իրենց հանձնված գործը բոլորովին չցրվի։ Նույն ուրբաթ օրը ինքն էլ, ընկերներն էլ, անճանաչ կերպով, Հիսուսի հետ կատարված դեպքերի, չարչարանքների և մահվան պարագաներով հետաքրքրվեցին, մինչև որ Հովհաննեսից լսեցին խաչելության մանրամասները։ Վերջին հրաշալի նշանները գոտեպնդեցին իրենց, հիշեցին Հիսուսի նորից Գալստյան և փառավորության մասին ասածները, անշուշտ երրորդ օրը կենդանանալու և հարություն առնելու խոսքն էլ հիշեցին։ Այսքանը բավարարեց նրանց, որպեսզի կրկին իրար մոտ գան։ Վերջին ընթրիքի վերնատունը, ուր Հիսուսի կտակի քաղցր խոսքեր էին լսել, իրենց զգացումները հուզեց և վերնատան տանտիրոջ հյուրասիրության դիմեցին ու շաբաթ օրը Տասնմեկին առաջին անգամ, առանց Հիսուսի,այնտեղ հավաքվեցին լուռ անաղմուկ։ Հրեաների վախն ու սինեդրիոնի ատելությունը դեռևս ծանրացած էին նրանց սրտին Հովո. 20:19։ Իրենց սրտերում նորից ու նորից ծագում էր Հիսուսի վերստին գալստյան քաջալերությունը, և խեղճերն այդ երկու հակառակ զգացմունքների մեջ շվարած՝ ու վարանոտ ժամեր էին անցկացնում՝ չիմանալով ու վստահ չլինելով, թե վաղվա օրը, որ Հիսուսի ակնարկած երրորդ օրն էր, ինչ նորություն պիտի բերի։