Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 28:2

Հովհաննես Ծործորեցի (†1338)

Եւ ահա մեծ երկրաշարժ եղաւ, որովհետեւ Տիրոջ հրեշտակը երկնքից իջնելով՝ մօտեցաւ, դռնից վէմը մի կողմ գլորեց ու նստեց նրա վրայ:

   

   Եվ ահա մեծ երկրաշարժ եղավ, որովհետև Տիրոջ հրեշտակը, երկնքից իջնելով, մոտեցավ քարը մի կողմ գլորեց դռնից և նստեց նրա վրա:

   Գրվեց, որ խաչելության ժամանակ ևս երկրաշարժ եղավ, բայց չասվեց` «մեծ», իսկ այժմ ավետարանիչն ասում է. «Ահա մեծ երկրաշարժ եղավ»:Երբ կանայք մոտենում էին գերեզմանի տարածքին, հանկարծակի երկիրն ահավոր շարժվեց: Ինչո՞ւ: Որպեսզի ամենքը տեղից վեր թռչեին և իմանային պատահածը: Հարության ժամանակ ևս` խոր գիշերը, երկրաշարժ եղավ, թեպետ Մատթեոսն [այդ մասին] չի խոսում, բայց այն ոչ ոք չիմացավ, զինվորներից բացի, ովքեր նստել հսկում էին, որպեսզի չասեին, թե երբ պահապանները գնացին, այդ ժամանակ [Հիսուսը] հարություն առավ: Իսկ երբ եկան կանայք, է՛լ ավելի մեծ [երկրաշարժ] եղավ, որպեսզի թե՛ կանայք, թե՛ այլք հավատային, և արթնանար ու սթափվեր նրանց միտքը, նաև որպեսզի ցույց տրվեր, որ հարությունը խաչելությունից մեծ ու սքանչելի է, քանի որ նրանով է փառավորվում խաչելությունը:

   Այլև Սողոմոնը գրում է. «Երեք բանից է շարժվում երկիրը և չորրորդին չի կարողանում դիմանալ» (Առակ. 30:21) մեծության պատճառով, որովհետև Տիրոջ հարությունից մեծ ի՞նչ շարժում կա, որում ամբողջ աշխարհի ժողովուրդները տեղից ելնելով շարժվեցին իրենց կրոններից ու սովորություններից, առաքելական քարոզությունների մեկ խոսքով հավատացին Քրիստոսին և Նրա հարությանը: Սա իմանալով էր Տերն ասում. «Ոչ ոքի մի՛ պատմեք այդ երևման մասին, մինչև Մարդու Որդին մեռելների միջից հարություն առնի» (Մատթ. 17:9): Այն խորհրդանշում էր համընդհանուր հարությունը, որի ժամանակ մեծ շարժ է լինելու` ըստ մարգարեության. «Մյուս անգամ ևս կշարժեմ երկինքն ու երկիրը» (Անգե 2:6)

   «Որովհետև Տիրոջ հրեշտակը, երկնքից իջնելով, մոտեցավ [քարը] մի կողմ գլորեց»: Ինչո՞ւ հարությունից հետո՛ հրեշտակը քարը հեռացրեց և ոչ թե նախքան հարությունը: Նախ` [հարությունից առաջ] չհեռացրեց, որպեսզի իմանային, որ [Հիսուսը] կնքված քարի հետևից է հարություն առել, այլև` որ հրեշտակի օգնության կարիքը չուներ, ինչպես որ [դրա կարիքը չուներ] նաև փորձության ժամանակ 1661: Ապա` [այդպես եղավ] կանանց համար, որպեսզի հավատային, որ [Հիսուսը] հարություն է առել, որովհետև նրանք էին, որ այդ ժամանակ տեսան Նրան գերեզմանում: Նույն պատճառով էլ նաև երկրաշարժը եղավ, որպեսզի իմանային, որ հրեշտակն է քարը գլորել: Իսկ երկնքից նրա իջնելը նշանակում էր, որ Հարուցյալը երկնային էր ու երկնքում էր աստվածությամբ, և Նրա տնօրենությունը Հոր կամքով եղավ, այդ պատճառով էլ հրեշտակը սպասավոր եղավ ինչպես Նրա ծննդյան ու խաչելության ժամանակ, այդպես էլ հարության:

   Իսկ ի՞նչ է [նշանակում] «նստեց նրա վրա»-ն: Նշանակում է Տիրոջ հաղթանակը մահվան հանդեպ, որ մեր այս բնությամբ հաղթեց մահվանն ու չարչարանքներին` ոտնակոխ անելով այն, ինչը խրոխտանում էր` քարե խուփի պես ճզմելով մարդկանց: Այլև թեթև են հրեշտակային բնությունները, և անմարմինները քառակի վրա են, ինչպես ասաց մե Կը 1662: [Ավետարանական այս խոսքը] սովորեցնում է նաև, որ հրեշտակներն են լինելու համընդհանուր հարության ազդարարները, որովհետև հրեշտակապետի ձայնով, վերջին շեփորով, ի Քրիստոս բոլոր մեռյալները հարություն են առնելու 1663` դուրս գալով գերեզմաններից, և ոչ հողը, ոչ քարե խուփերը չեն խանգարելու:

   

Ստեփանոս Սյունեցի (†735)

Եւ ահա մեծ երկրաշարժ եղաւ, որովհետեւ Տիրոջ հրեշտակը երկնքից իջնելով՝ մօտեցաւ, դռնից վէմը մի կողմ գլորեց ու նստեց նրա վրայ:

   
   «Եվ ահա մեծ երկրաշարժ եղավ, որովհետև Տիրոջ հրեշտակը, երկնքից իջնելով, դռնից վեմը մի կողմ գլորեց ու նստեց նրա վրա» և այլն:
   Գրված է, որ խաչելության ժամանակ երկրաշարժ եղավ (Մատթ. 27:51), բայց ոչ մեծ իսկ այժմ գրված է՝ մեծ երկրաշարժ, քանի որ հարությունը մեծ և սքանչելագույն է, քան խաչելությունը:

   

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

2-4. Եւ ահա մեծ երկրաշարժ եղաւ, որովհետեւ Տիրոջ հրեշտակը երկնքից իջնելով՝ մօտեցաւ, դռնից վէմը մի կողմ գլորեց ու նստեց նրա վրայ: Նրա տեսքը փայլակի նման էր, ու նրա զգեստը՝ սպիտակ, ինչպէս ձիւնը: Նրա ահից պահապանները խռովուեցին եւ մեռելների պէս եղան:

   
   Չարչարանքներին, խաչելության ու մահվան տխրազգաց հիշատակների հաջորդեցին հարության, կենաց ու փրկության ուրախալի հիշատակումները։ Հիսուսի մարդկային սովորական կյանքի պատմությունը ավարտեցինք, բայց դեռ վերակենդանացման ու փառավորյալ կյանքի պատմություններն ունենք մեր առջև։ Անշուշտ, ոչ թե բնական դիպվածների բնական ընթացքը ու կերպեր պիտի պատմենք, այլ գերբնական գործերի գերբնական ձևերը պիտի բացատրենք, շարունակաբար պիտի անցնենք սքանչելիքից սքանչելիք։ Ամենագլխավորը, որ պետք է հաստատ իմանանք այն է, որ հարուցյալ ու փառավորյալ մարմինները, նյութական մարմիններին հատուկ պայմանների, պահանջների և կարիքների չեն ենթարկվում, ինչը որպես սկզբունք ընդունում է ուղղափառ վարդապետությունը ո՛չ միայն հարուցյալ Հիսուսի մարմնի, այլև բոլոր մարդկանց համար, երբ կատարածի ժամանակ հարուցյալ ու փառավորյալ մարմիններ ստանան։ Ընդունված է, թեփառավորյալ մարմինները այլևս չեն ենթարկվում նյութական ծանրության, բնական անթափանցելիության, սննդի անհրաժեշտության, ապականացու փոփոխությունների, ինչպես նաև այդպիսի նյութի հարակից և դրանից անբաժան պայմաններին։ Իբրև եթերային էակներ, թափանցելով մտնում և դուրս են գալիս, անարգել տեղափոխվում, միաժամանակ լինում են տեսանելի և անտեսանելի, ոչ ավելանում են, ոչ նվազում, ապրում են առանց նյութական միջոցների ու չեն մեռնում։ Ունեն նյութեղեն մարմին, նաև հոգեղեն կյանք և, ինչպես Հիսուս ասաց, մարդիկ «յորժամ ի մեռելոց յարիցեն, իբրև զհրեշտակս իցեն՝ որ յերկինս են»։ Մարկ. 12:25։ Այսուհետև այդ պայմանների համաձայն պարտավոր ենք քննել և բացատրել Հիսուսի գործերը։
    Հիսուսի հարությունը տեղի ունեցավ միաշաբթի առավոտյան, արևագալի հետ։ Արարչագործության սկզբում ընդհանուր արարածի վրա նախ ցոլաց լույսը և լույսի ծագումը եղավ աշխարհի բոլոր բարդությունների խորհրդանիշը և նույն ինքն' Աստված, բարդությունների ու զորությունների աղբյուրը, լույսի նմանությամբ նկատվեց մարդկանցից և կոչվեց «Արեգակն արդարութեան»։ Նյութական լույսի ծագման հետ, ընդհանուրիս ծագեց նաև փրկության ու հաղթության լույսն Հիսուս, Օծյալն Քրիստոս և Փրկիչն աշխարհի, փարատեց գերեզմանի ու մահվան խավարը և մխիթարեց թախծյալ մարդկությանը։ Հարությունյան պարագաները չեն պատմում ավետարանիչները, որովհետև պատմական պայմանների հետ առնչվող գործողություն չեն։Ինչ հանգամանքներ, որ գտնում ենք պատմված ավետարանիչների կողմից, հարության ավարտելուց հետո տեղի ունեցած եղելություններ են, հարությունը տեղի է ունեցել դրանից առաջ։ Հիսուս Իր կյանքը վերանորոգել է յուրովի, Ինքը Իր իշխանությամբ Իրենից հեռացրել է մահվան զորությունը, ինչպես նախօրոք ասել էր, թե «Իշխանութիւն ունեմ դնել զանձն իմ, եւ իշխանութիւն ունեմ միւսանգամառնուլ զնա» Հովհ. 10:18։ Հիսուսի հրեշտակի գալու ու գերեզմանի քարը վերցնելու անհրաժեշտությունը չունեցավ, որպեսզի Ինքը այնտեղից կարողանար դուրս գալ, այլ Հիսուս դուրս եկավ փակված գերեզմանից' դեռ գերեզմանի կափարիչը չվերցվաած, «Ի կոյս վիմէն» սկսելով Իր այս նոր կյանքը, ինչպես «Ի կոյս մօրէ» էր սկսել իր առաջին կյանքը։ Հետեւաբար չպիտի կարողանանք պատմել, թե ինչպես հարություն առավ, վերակենդանացման, գերեզմանից դուրս եկավ, ինչպես առանց պահապաններից նկարվելու հեռացավ գերեզմանից և, ինչպես Արեմաթացու պարտեզը մտնելով, ոչ ոքի կողմից չնշմարվեց ու չնկատվեց։
    Հիսուս հարություն էր առել, Հիսուս դուրս էր եկել գերեզմանից, բայց հարություն առնելը պիտի նորահրաշ կերպով հայտնվեր, ծանուցվել աշխարհին և ահա այս դեպքում է, որ կատարվում են երկնային հրաշալի նշանները։ Գերեզմանի շուրջ հանկարծական մի շարժում է զգացվում, երկիրն ու ամեն ինչ ցնցվում են ուժեղ կերպով։ Գերեզմանի կնքված կափարիչը շարժվում է տեղից ու գլորվում, բացվում է գերեզմանի դուռը։ Ներսը դատարկ է, մեռյալը կանխավ կենդանացել է ու հեռացել։ Պահապանները, ահուդողի մատնված, ինչ եղածը չեն հասկանում։ Բայց անշուշտ գիտեն, թե ինչու են իրենց այնտեղ կանգնեցրել, թե ինչեր են խոսվել հրեաների կողմից։ Խաչյալ Նազովրեցու արտասովոր և աստվածային անձնավորություն լինելու մասին խոսքերը զինվորների մեջ էլ շրջել էին անշուշտ, որովհետև խաչը պահպանող Հարյուրապետին ու չորս զինվորներն իրենց տեսածը չէին թաքցրել ընկերներից։ Ուստի, գերեզմանի պահապաններն էլ շուտով կռահում են, որ ականատես են եղել մի հրաշալի գործողության։ Մինչ այդ շփոթության մեջ վեր են բարձրացնում աչքերը, ահա իրենց առջև, գլորված կափարիչի վրա մի նոր տեսարան է բացվում։ Նրա վրա նստած էր նորօրինակ մի պահապան, բոլորովին լուսե մի անձ, երեսը փայլակի պես փանլուն, ողջ զգեստը ձյունից ավելի ճերմակ. «Տեսիլ նորա իբրեւ զփայլակն, եւ հանդերձ նորա սպիտակ իբրեւ զձույն»։ Խեղճ զինվորները, արդեն հուզված, բոլորովին սարսափահար են լինում նոր տեսարանի առջև։ Չեն իմանում անելիքները, խռովեցան, գույները գցեցին, դռները դողացին, գրեթե անշունչ, անզգա դարձան. «Եղեն իբրեւ զմեռեալս»։
   Ավետարանը չի ասում, թե որքան տևեց տեսիլքը, անշուշտ այն տևական չեղավ։ Պահապան զինվորները մի փոքր ոգի առան, երբ կրկին չտեսան լուսավոր ու ահարկու պահապանի, իրենց հավաքեցին, և բացված ու դատարկված գերեզմանի առջև իրենց մնալու անհրաժեշտությունն այլևս չկար, ուստի լավագույնը համարեցին քաղաք վերադառնալ և եղածն իրենց հրամանատարին ու նրա միջոցով էլ կայսերական կառավարչին իմացել, որպեսզի իմանա եղելությունը և կարգադրի ինչ որ պատշաճ կհամարի։