Ծննդոց գրքի մեկնություն 31:43

Ա. Լոպուխին

43-44. Պատասխան տվեց Լաբանն ու ասաց Հակոբին. «Դուստրերդ իմ դուստրերն են, որդիներդ իմ որդիներն են, հոտերդ իմ հոտերն են։ Այն ամենը, ինչ տեսնում ես դու, իմն են։ Արդ, հիմա ես ինչպե՞ս կարող եմ վատություն անել իմ դուստրերին ու նրանց որդիներին։ [43] Արի ես ու դու դաշինք կնքենք։ Դա թող վկայություն լինի իմ ու քո միջև»։ Նա, իր խոսքը շարունակելով, նրան ասաց. «Ահա մեր միջև  որպես վկա Աստծուց բացի ոչ ոք չկա»։ (Սինոդական թարգ․)
   
   Համոզվելով, որ Հակոբի նախատինքները արդար  են՝ Լաբանը դուստրերի և թոռների հանդեպ դրսևորած քնքշանքով նրան հավաստում է, որ որևէ վատ մտադրություն չունի իրեն հարազատ Հակոբի ընտանիքի նկատմամբ և որպես ընկերասիրության երաշխիք՝ նրա հետ դաշինք է կնքում, որի իմաստն ու բովանդակությունը տրված են ստորև (հմր. 50 և 52).
   ա) Հակոբը պարտավորվում է լավ վերաբերվել Լաբանի դուստրերին և սահմանվածից ավելի չավելացնել իր կանանց թիվը
   բ) երկուստեք՝ թե՛ Հակոբը և թե՛ Լաբանը միմյանց նկատմամբ թշնամական նպատակներով չպետք է անցնեն բլրի վրա իրենց իսկ կողմից դրված սահմանը։
--------------------------------
[43](Էջմիածին թարգ․) Պատասխան տուեց Լաբանն ու ասաց Յակոբին. «Դուստրերդ իմ դուստրերն են, որդիներդ իմ որդիներն են, հօտերդ իմ հօտերն են: Այն ամէնը, ինչ տեսնում ես դու, իմն են ու իմ դուստրերինը: Արդ, հիմա ես ինչպէ՞ս կարող եմ վատութիւն անել իմ դուստրերին ու նրանց որդիներին:
(Արարատ թարգ․) Եվ Լաբանը պատասխանեց ու ասաց Հակոբին. «Այս աղջիկներն իմ դուստրերն են, այս որդիներն իմ որդիներն են, այս հոտերն իմ հոտերն են, և ամեն ինչ, որ տեսնում ես, իմն են: Եվ այսօր ի՞նչ անեմ իմ աղջիկներին կամ նրանց ծնած զավակներին:
(Գրաբար) Պատասխանի ետ Լաբան` եւ ասէ ցՅակոբ. Դստերքդ` դստերք իմ են, եւ ուստերքդ` ուստերք իմ են, եւ խաշինքդ` խաշինք իմ են. եւ ամենայն ինչ զոր դու տեսանես` իմ է եւ դստերացդ իմոց: Եւ արդ զի՞նչ արարից դոցա այսաւր` կամ որդւոց դոցա զոր ես ծնայ: