Ծննդոց գրքի մեկնություն 32:9

Ա. Լոպուխին

9-11․ Եվ Հակոբն ասաց. «Իմ հայր Աբրահամի Աստվա՛ծ, իմ հայր Իսահակի Աստվա՛ծ, Տե՛ր, ինձ ասացիր. «Գնա՛ քո ծննդավայրը և բարի՛ք կանեմ քեզ»: [9] Ես արժանի չեմ բոլոր այն արդարություններին ու ճշմարտություններին, որ արեցիր քո ծառային, որովհետև ցուպը ձեռքիս՝ անցա Հորդանանի այս կողմը, իսկ հիմա բաժանվել եմ երկու մասի: Փրկի՛ր ինձ իմ եղբայր Եսավի ձեռքից, որովհետև ես նրանից վախենում եմ. գուցե նա գա և հարվածի ինձ ու մայրերին` իրենց երեխաների հետ»: (Սինոդական թարգ․)
   
   Չունենալով համապատասխան ուժ ընդդեմ ակնկալվող վտանգի՝ Հակոբը աղոթքով դիմում է հայրերի Աստծուն: Աստվածաշնչում սա առաջին աղոթքն է, բացառությամբ Աբրահամի աղոթքի, որով  միջնորդում էր սոդոմացիների համար (Ծննդ. 18:23-32 ): Այս աղոթքը, այնուամենայնիվ, ունի ճշմարիտ աղոթքի բոլոր հատկանիշները, և տարբերվում է անկեղծությամբ, մանուկի պարզությամբ, Նրա առաջ դրսևորված խոնարհությամբ, Աստծուն ուղղված գոհունակությամբ և  միայն Նրա վրա հույս դնելով: Աղոթքի սկիզբն Աստվածային փրկության վերաբերյալ Տիրոջը ուղղված խոստովանություն է, այստեղ մատնանշվում է նաև խոստման համաձայն իր երկիրը վերադառնալու և այնտեղ մնալու առնչությամբ Հակոբին ուղղված Աստվածային անմիջական հրամանը (Ծննդ  31:13)։ Աստծո կողմից իրեն խոստացված և արդեն տրված մեծագույն բարությունների դիմաց  Հակոբը զգում է իր ոչնչությունը և անարժանությունը: Առավել ևս, որ Աստվածային նախախնամության արդյունք էր նաև Միջագետքում նրա հարստանալը: Քանի որ նա Միջագետք  գնալիս միայն ձեռնափայտ է ունեցել: Հրեա մեկնիչները ուշադրություն են դարձրել «bemaqeli»-«գավազան կամ գավազանի միջոցով» թարգմանվող բառի կազմությանը: Նրանք հավատում էին, որ  Հակոբը գավազանով է բաժանել Հորդանանը: Թախանձագին աղոթելով փրկության համար՝ Հակոբը արտահայտում է վախ իր ամբողջ ընտանիքի համար, «որ Եսավը չսպանի նրան և մայրերին երեխաների հետ» (հ. 11): Վերջին դարձվածքը տարածված արտահայտություն է (Ովսե  10:14, Բ Օրենք 22։6),  նշանակում է ամբողջականություն և դրա հետ նաև՝ դաժանություն, արյունարբությամբ բնաջնջում:
--------------------------------
[9](Էջմիածին թարգ․) Եւ Յակոբն ասաց. «Իմ հայր Աբրահամի Աստուա՛ծ, իմ հայր Իսահակի Աստուա՛ծ, Տէ՛ր, ինձ ասացիր, թէ՝ «Գնա՛ քո ծննդավայրը եւ բարիք կ՚անեմ քեզ»:
(Արարատ թարգ․) Եվ Հակոբն ասաց. «Ո՛վ իմ հայր Աբրահամի Աստված, և իմ հայր Իսահակի Աստված, ո՛վ Տեր, Դու ասացիր ինձ. «Վերադարձի՛ր քո երկիրը և քո ծննդավայրը, ու քեզ բարիք կանեմ»:
(Գրաբար) Եւ ասէ Յակոբ. Աստուած հաւր իմոյ Աբրաամու, եւ Աստուած հաւր իմոյ Իսահակայ, Տէր որ ասացեր ցիս թէ երթ յերկիր ծննդեան քո` եւ բարի արարից քեզ: