Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 3:4

Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)

«Ինքը՝ Հովհաննեսը, ուղտի բրդից հագուստ ուներ և կաշվե գոտի` իր գոտկատեղին, իսկ նրա կերակուրը մորեխ ու վայրի մեղր էր»։
   
    Տեսնու՞մ ես, թե ինչպես որոշ բաներ մարգարեները կանխագուշակեցին, որոշ բաներ էլ թողեցին Ավետարանիչներին։ Ինչո՞ւ է, որ Մատթեոսը թե՛ մարգարեություններն է մեջբերում, և թե՛ ինքն իրենից է հավելում՝ ավելորդ չհամարելով խոսել նաև այդ արդարի (Հովհաննես Մկրտչի) հագուստի մասին։ Բոլոր դեպքերում, տարօրինակ ու զարմանալի էր մարդկային մարմնում նմանատիպ համբերություն տեսնելը. հենց դա էլ հատկապես գրավում էր հրեաներին։ Նրանք Հովհաննես Մկրտչի մեջ տեսան մեծն Եղիային: Այն տեսարանը, որին հրեաներն ականատես եղան, նրանց հիշեցրեց այդ սուրբ մարդու (Եղիայի) մասին և դեռ մի բան էլ` ավելի մեծ տպավորություն թողեց նրանց վրա։ Եվ իսկապես, այն առաջինը (Եղիան) սնվում էր թե´ քաղաքներում և թե´ տներում, մինչդեռ այս երկրորդը (Հովհաննես Մկրտիչը) իր ծննդից ի վեր մշտապես ապրում էր անապատում։ Հովհաննեսը Նրա´ նախակարապետն էր, Ով պետք է վերացներ նախկինում եղող ամեն «հնություն», ինչպիսիք էին` աշխատանքը, անեծքը, վիշտը և քրտինքը: Ահա´ թե ինչու Հովհաննեսն ինքն էլ պետք է ունենար այդօրինակ շնորհին բնորոշ որոշակի «նշաններ» և ավելի վեր կանգնած լիներ այդ «հին» դատապարտությունից: Եվ Հովհաննեսը հենց այդպիսին էր, որ կար։ Նա ոչ բերք էր մշակում, ոչ հող էր փորում, ոչ էլ ճակատի քրտինքով հաց էր վաստակում, սակայն, այդուհանդերձ, նա պատրաստի սեղան ուներ, հագուստն էլ ավելի դյուրությամբ էր ձեռք բերում, քան սեղանը, իսկ օթևան գտնելու համար էլ նույնիսկ ավելի քիչ էր մտածում, քան հագուստի մասին։
    Նա ո´չ տան կարիք ուներ, ո´չ անկողնու, ո´չ սեղանի, ո´չ էլ նմանօրինակ որևէ բանի, այլ, թեպետ իր մարմնավոր լինելուն, մի տեսակ հրեշտակային կյանք էր վարում։ Ահա թե ինչու նա հագնում էր մազից (բրդից) պատրաստված հագուստ, որպեսզի արդեն իսկ իր հագուստի միջոցով մեզ ուսուցաներ հեռանալ մարդկային մեղքից և որևէ կերպ կապված չմնալ երկրի, այլ վերադառնալ այն նախկին մեծապատվությանը, որը մի ժամանակ` նախքան ծածկոցի ու հագուստի կարիքը զգալը, վայելում էր ինքը` Ադամը:
    Այդպիսով, Հովհաննեսի հագուստն ինքնին ծառայում էր թե´ որպես թագավորական արժանապատվության, և թե´ որպես ապաշխարության նշան: Ինձ մի´ հարցրու, թե նա, ապրելով անապատում, որտեղի՞ց կարող էր բրդյա հագուստ և գոտի ձեռք բերել: Եթե դու այս մասին հարցնես, այնուհետև շատ այլ հարցեր էլ կմոգոնես, ինչպես, օրինակ՝ ձմռանը կամ արևային տապի ժամանակ Հովհաննեսն ինչպե՞ս է ապրել անապատում` հատկապես դեռևս չհասունացած տարիքում, թույլ ու դեռևս բավականաչափ չամրացած մարմնով։ Ինչպե՞ս կարող էր նրա մանկական մարմինը դիմանալ եղանակային այդպիսի փոփոխություններին, այդպիսի անսովոր սննդակարգին ու անապատային կյանքի մյուս դժվարություններին: Այժմ որտե՞ղ են այն հույն փիլիսոփաները, որոնք ունայնամտորեն պայքարում էին ցինիկ անամոթության դեմ։ Նրանք ի՞նչ օգուտ կարող էին ունենալ տակառի մեջ փակվելուց, սակայն այդուհետ զանազան ստորությունների անձնատուր լինելուց: Ո՞ւր են այդ փիլիսոփաները, որոնք, առերես արհամարհելով բոլոր տեսակի պատիվները, միևնույն ժամանակ ունեին բազմաթիվ մատանիներ, գավաթներ, ծառաներ և աղախիններ ու իրենց շրջապատել էին այլատեսակ շքեղությամբ՝ այդպիսով տրվելով երկու տարբեր ծայրահեղությունների։ Հովհաննեսը, սակայն, այդպիսին չէր. նա անապատում ապրում էր այնպես, ասես ապրեր երկնքում (դրախտում)` միաժամանակ խստորեն պահելով փիլիսոփայության բոլոր կանոնները, և այդ նույն անապատից էլ, ինչպես հրեշտակ` երկնքից, նա իջավ քարոզելու քաղաքներում ու համայն տիեզերքի կողմից պսակվեց որպես բարեպաշտության առաջամարտիկ` միևնույն ժամանակ լինելով թե´ փիլիսոփա` փիլիսոփայության ասպարեզում, և թե´ երկնքին «արժանի» ճգնակյաց:
    Եվ դեռ ավելին, Հովհաննեսն այդպիսին էր արդեն այն ժամանակ, երբ մեղքը դեռևս չէր խորտակվել, օրենքը դեռևս չէր դադարել գերիշխող լինելուց, երբ մահը դեռ չէր շղթայվել, երբ դեռևս չէին քանդվել պղնձյա դարպասները, այլ երբ դեռ տիրապետում էր Հին Կտակարանը: Այդպիսին է խիզախ և անկոտրում հոգին. նա ամենուր ոտք է դնում և հաղթահարում է բոլոր խոչընդոտները: Այդպիսին էր նաև Պողոսը` արդեն Նոր Կտակարանում։ Սակայն Հովհաննեսն ինչո՞ւ էր իր հագուստի հետ նաև գոտի կապում, - կհարցնես դու։ Այդպիսին էր հին ժամանակներում ընդունված սովորույթը` նախքան փափուկ ու փքուն հագուստի գործածությունը: Ճիշտ այդպես` գոտի էր կապում նաև Պետրոսը, ինչպես և Պողոսը. «Այն մարդուն, - ասում են նրանք, - որի գոտին է այս» (Գործք 21:11):
    Այդ նույն կերպ էր հագնված նաև Եղիան: Սրբերից յուրաքանչյուրն էլ նույն ձևով էին հագնվում, քանի որ նրանք մշտապես աշխատանքի մեջ էին. կա՛մ ճանապարհորդում էին, կա՛մ մի ինչ-որ այլ անհրաժեշտ գործ էին անում ու տքնում էին: Այսուհանդերձ, միայն այս պատճառով չէ, որ նրանք այս կերպ էին հագնվում, այլ նաև ա´յն պատճառով, որ նրանք արհամարհում էին բոլոր տեսակի պաճուճանքներն ու նախընտրում էին խստակյաց ու խստաշունչ կյանքը: Իսկ դա Ինքը` Քրիստոս էլ առաքինության մեծագույն գովեստի է արժանացնում. «Ի՞նչ տեսնելու ելաք, - ասում է նա, - փափուկ զգեստներով զարդարված մա՞րդ. ահա նրանք, որ փափուկ բաներ են հագել, թագավորների պալատներում են» (Մատթ. 11:8):
   

Սրբ. Ներսես Շնորհալի (†1173)

Եւ ինքը՝ Յովհաննէսը, ուղտի մազից զգեստ ունէր եւ կաշուէ գօտի՝ իր մէջքին, իսկ նրա կերակուրն էր մորեխ ու վայրի մեղր:
   
    Հովհաննեսը կրում էր ուղտի մազից հագուստ և մեջքին՝ կաշվե գոտի:
   
Որոշ բաներ մարգարեներն ասացին, որոշ բաներ էլ թողեցին ավետարանիչներին: Ուստի Մատթեոսը նախ մարգարեի խոսքն է ներկայացնում, ապա իրենը: Եվ այդ արդարի հագուստի նկարագրությունը հենց այնպես չի անում, որովհետև հույժ զարմանալի էր մարդկային մարմնի մեջ այդպիսի ժուժկալություն տեսնելը: Այնուհետև հրեաների մեջ արթնացնում է մեծ Եղիայի հիշատակը և սրան՝ [Հովհաննեսին], ավելի մեծ ու զարմանալի ցույց տալիս. որովհետև առաջինը քաղաքներ ու տներ էր մտնում ու սնվում, իսկ սա խանձարուրից իսկ բնակվում էր անապատում, որովհետև պետք էր, որ երկրի անեծքն ու մարդկանց քրտինքը  110 խափանել Պատրաստվողի կարապետը այդպիսի ձևով հանդես գար: Ուստի ոչ հող էր մշակում, ոչ ակոս բացում, ոչ երեսի քրտինքով ուտում հացը, այլ [նրա] սեղանը կազմվում էր հեշտությամբ և ինչպես պատահեր: Կրում էր ուղտի մազից հագուստ, որպեսզի խրատի մեզ ընթանալ դեպի Ադամի առաջին ազնվականությունը, որում նա հագուստի և վերարկուի կարիք չուներ: [Հովհաննեսի] այս կերպարանքը խորհրդանշում էր ապաշխարությունն ու արքայությունը. ապաշխարությունը՝ սգավորի զգեստի պատճառով, իսկ արքայությունը՝ անկարիք լինելու:

    [Հովհաննեսն] այդ զգեստը կրում էր նաև Մեծ Կուսորդու խոնարհության նմանությամբ, Ով ծառայի կերպարանք հագավ  111 և դրանով սպասում էր Ոչխարի՝ խաչով մորթվելուն, որպեսզի անմաքուր կենդանու բուրդը վերածեր իմանալի և լուսակեզ մաքրափայլ գեղմի:

    Կիսամաքուր կենդանու բուրդը խորհրդանշում էր նաև փարիսեցիների կեղծավորությունը. [Հովհաննեսը] սուգ էր հագել նրանց կուրության պատճառով՝ ըստ մանուկների մասին այն առակի, որը Տերը [պատմեց] Հովհաննեսի վերաբերյալ, թե՝ «Ողբացինք, և չկոծեցիք» (Մատթ. 11։16–17):

    Մի՛ զարմացիր, թե որտեղից էր նա գտնում այդ հագուստն ու գոտին, այլապես պիտի քննես նաև մնացածը, թե ինչպես էր ձմեռը կամ ամառը փափուկ մարմնով շրջում անապատում: Ամեն ինչ Աստծո տեսչությա՛նը վերագրիր, որ ամեն ինչում խնամք է տանում արդարների մասին, որոնց ոչ միայն կյանքը, այլև ոսկրերն է անկորուստ պահում՝ ըստ գրվածի  112: Այդպես էլ սրան էր անապատում պահում ասես երկնքում և աշխարհում նրան ցույց տալիս իբրև երկնքից իջած հրեշտակ:

    Իսկ ինչո՞ւ էր մեջքին գոտի կապում՝ հարցնում են: Առաջին սրբերի սովորության համաձա՛յն, ինչպես որ Եղիան, Պետրոսն ու Պողոսն էլ էին գոտևորված՝ ասես կազմուպատրաստ թե՛ մարմնավոր և թե՛ հոգևոր գործերին ու ճանապարհի ընթացքին: Գոտու միջոցով խրատվում ենք նաև անբան կենդանիների պես առանց կապանքների չպահել մեր մեջքը՝ [մարմնական] ցանկության համար, այլ աշխարհիկ սիրո տարփանքը վերափոխել աստվածայինի [հանդեպ սիրուն]: Իսկ [գոտու] կաշվից լինելը խորհրդանշում էր այն կրողի ախտերի մեռելությունը:

     Նրա կերակուրը մորեխն ու վայրի մեղրն էին:
   
Մորեխը, ըստ Օրենքի, ուտելի էր 113, նմանապես և մեղրը, թեև չէր ընծայվում Սեղանին  114: Ուստի նա, ով [իր վարած] կյանքով վեր էր Օրենքից, մոտենում էր երկուսին էլ ո՛չ անխորհրդապես՝ միայն իբրև կյանքի պահպանմանն անհրաժեշտ կերակուրների, այլ իբրև Օրենքից բխող խորհուրդների: Որովհետև ինչպես որ մորեխն է անարյուն ու երկնաթռիչ, այդպես էլ նա էր ախտերից մաքուր և երկնային առաքինությամբ, և իր կերած մեղրի քաղցրությամբ էլ ճաշակում էր [Սուրբ] Հոգու իմաստությունը, որը Դավիթը շատ ավելի քաղցր է համարում, քան մեղրախորիսխը 115: Նաև՝ «Քաղցր են իմ քիմքում Քո խոսքերը՝ ավելի, քան մեղրը՝ բերանիս համար» (Սաղմ. 118։103): Եվ [սա] դեռ Օրենքի մանուկների [կաթի] քաղցրությունն էր և ո՛չ թե կատարյալների ավետարանական կատարյալ կերակուրը:
   

Ստեփանոս Սյունեցի (†735)

Եւ ինքը՝ Յովհաննէսը, ուղտի մազից զգեստ ունէր եւ կաշուէ գօտի՝ իր մէջքին, իսկ նրա կերակուրն էր մորեխ ու վայրի մեղր:
   
    «Եվ ինքը՝ Հովհաննեսը, քարոզում էր, նա ուխտի մազից զգեստ ուներ և կաշվե գոտի՝ իր մեջքին, իսկ նրա կերակուրն էր մորեխ ու վայրի մեղր»:
    Ուղտի մազ էր հագել՝ վերացնելու համար նրանց կուրությունը, ովքեր կուլ էին տալիս ուղտերին (Մատթ. 23։24) և մերկացել էին Գառից՝ Քրիստոսի զգեստից: Եվ ինչպես Հակոբը Հովսեփի վրա ողբալու ժամանակ մազեղեն քուրձ էր կապել մեջքին (Ծննդ. 37։34), նույնպես և Հովհաննեսը՝ մորթիով, որ կապված էր մեջքին, ողբում էր Իսրայելի մեջքի պտուղը և նրանց հոգիների ամլության մեռելությունը, ինչպես Եղիան ողբում էր ժողովրդի վրա:
    Իսկ «մորեխով կերակրվել» ասում է՝ ցույց տալով նրանց հոգու կերակուրը, թե վեմի վրա հիմնված չէին, այլ օդագնաց և շարժուն էին, ինչպես մորեխը: Նաև ուտում էր վայրի մեղր, այլ ոչ ընտանի, խորհրդանշելով նրանց ամբարշտության վայրագությունը, որ թողած ընտանի բարեպաշտության քաղցրությունը՝ վայրաբնույթ ամբարշտությամբ [էին սնվում], որը չէր գործադրված մովսիսական և մարգարեական վարդապետությունից՝ ընտանի անխայթ մեղուների կողմից, այլ արտաքին պիծառների, ինչը միառժամանակ քաղցր էր թվում քիմքին, իսկ քիչ հետո ավելի էր դառնանում, քան լեղին, որովհետև Հովհաննեսի գործը ողբալն էր ու [ժողովրդին] կոչ անելը կոծի ու [սգի]: Ինչպես ասում էին մանուկները. «[Ձեզ համար] ողբ երգեցինք, [բայց դուք լաց] ու կոծ չարեցիք» (Մատթ. 11։17)՝ ակնարկելով Հովհաննեսի գալուստն ու վարքը:
   

Ա. Պ. Լոպուխին (†1904)

«Իսկ ինքը՝ Հովհաննեսը, ուղտի մազից հագուստ ուներ և մեջքին՝ կաշվե գոտի, իսկ նրա կերակուրը մորեխ ու վայրի մեղր էր»։ (Սինոդական թարգ․)[4]
   
    (Մարկ. 1։6)։ Կարելի է ենթադրել, որ Հովհաննեսի կենսակերպը նկարագրելով` ավետարանիչն այստեղ նույնպես կամեցել է մատնացույց անել Հովհաննես Մկրտչի մասին մի հին մարգարեություն՝ Եղիա մարգարեի կենսակերպի նախօրինակով։
    «Ուղտի մազից հագուստ ուներ» - ճանապարհորդների խոսքերի համաձայն` իրենց կոշտությամբ աչքի ընկնող այդօրինակ հագուստներ ներկայումս նույնպես (հիմնականում դերվիշները) հագնում են արևելքում։
    «Իսկ նրա կերակուրը մորեխ ու վայրի մեղր էր» - այստեղ գործածվող «մորեխ» («akrida») մատնանշվում են մորեխների այն տեսակները, որոնք ներկայումս նույնպես որպես սնունդ օգտագործվում են Նեջայում և Հեջասում: Մորեխների խանութներում այն վաճառվում է ըստ չափի։ Որպես կերակուր պատրաստելիս այդ մորեխներին ողջ-ողջ գցում են աղով համեմված եռման ջրի մեջ: Որոշ ժամանակ անց այդ մորեխներին հանում և չորացնում են արևի տակ։ Անգլիացի գիտնական, դոկտոր Թոմսոնը, որը երկար տարիներ ապրել է Պաղեստինում և այդ երկրի մասին մի շատ լավ գիրք է գրել, ասում է. «Սիրիայում ոչ ոք մորեխ չի ուտում` բացի ծայրամասային սահմաններում ապրող բեդվիններից, և մորեխների այս տեսակի մասին սովորաբար ասվում է, որ այն ցածրակարգ սնունդ է և ամենքն արհամարհանքով են վերաբերվում այդ կերակուրին` որպես ժողովրդի ստորին խավերին բավարարող մի սննդատեսակի։ Ինքը` Հովհաննես Մկրտիչը հենց այդպիսի մի խավի է պատկանել` կա´մ ստիպված լինելով այդպես ապրել, կա´մ էլ սեփական կամընտրութեամբ: Հովհաննես Մկրտիչը նույնպես բնակվում էր անապատում, որտեղ ներկայումս նույնպես օգտագործվում է այդօրինակ սնունդ: Ահա թե ինչու է Ավետարանում գեթ մի պարզ ճշմարտություն ներկայացվում. Հովհաննես Մկրտչի առօրյա կերակուրը մորեխներն էին, հավանաբար, յուղի մեջ տապակված և մեղրի հետ խառնված, ինչպես և այժմ էլ պատրաստվում է»։
    «Վայրի մեղր» խոսքերի ներքո մեկնիչներից ոմանք հասկանում են արմավենու, թզենու և այլ ծառերի հյութը կամ էլ, այսպես կոչված, «պարսկական մանանան»։ Այսպիսի տեսակետի հիմնավորումն այն է, որ հունարենում մեղրը պարզապես կոչվում է «μέλι»՝ առանց «ἄγριον» («վայրի») բառի հավելումի։ Որպես սույն հիմնավորման հաստատում` մեջբերվում են նաև Պլինիոսի («Պատմություն», 15։7) և Դիոդորոս Սիկուլոսի (19, 94, վերջնահատվածը) աշխատությունները, որոնցում ասվում է, որ Նաբաթեացիները «աճեցնում են շատ մեղր («μέλι»), որը կոչվում է «վայրի» («ἄγριον») և որը նրանք գործածում են որպես ջրի հետ խառնված ըմպելիք։ Մեկնիչների մյուս խումբը, սակայն, ընդունում է, որ «վայրի մեղրը» սովորական մեղվի մեղրն է, որը մեղուները հավաքում են ծառերի խոռոչների և ժայռափոսերի մեջ։
Տրիստրամի հաղորդած տեղեկությունների համաձայն` Պաղեստինում վայրի մեղուները շատ ավելի են, քան թե փեթակներում պահվող մեղուները, իսկ ահա հարավային շրջաններում վաճառվող մեղրը ստացվում էր վայրի պարսերի մեղուներից։ Տրիստրամն ասում է, որ, իսկապես, շատ քիչ վայրեր կան, որոնք Պաղեստինի նման այդքան հարմար են մեղուների բնակության համար: Իսկ ահա Հրեաստանի անապատում մեղուներն ավելի շատ են, քան Պաղեստինի ցանկացած այլ հատվածում, և մեղրը մինչ օրս էլ որպես կենցաղային կերակուր է ծառայում բեդվինների համար, որոնք այն մեղրախորիսխներից քամում և պահում են մորթիների մեջ: Չի կարելի չհամաձայնել այն տեսակետին, որ «վայրի մեղր» բառերի այսպիսի ընկալումը նախորդից ավելի բնական է։ Հրեական օրենքը թույլատրում էր որպես կերակուր մորեխներ ուտելը (Ղևտ. 11:22), իսկ վայրի մեղուների պատրաստած մեղրի կիրառության մասին խոսվում է Աստվածաշնչում (Բ Օրին. 32:13, Դատ. 14:8, Ա Թագ. 14:25-27, Սաղմ. 80։17)։

--------------------------------
[4](Էջմիածին թարգ․) Եւ ինքը՝ Յովհաննէսը, ուղտի մազից զգեստ ունէր եւ կաշուէ գօտի՝ իր մէջքին, իսկ նրա կերակուրն էր մորեխ ու վայրի մեղր:
(Արարատ թարգ․) Եվ ինքը՝ Հովհաննեսը, ուղտի բրդից հագուստ ուներ և մեջքին՝ կաշվե գոտի։ Նրա կերակուրը մորեխ ու վայրի մեղր էր։
(Գրաբար) Եւ ինքն Յովհաննէս ունէր հանդերձ ի ստեւոյ ուղտու, եւ գօտի՛ մաշկեղէն ընդ մէջ իւր. եւ կերակուր նորա էր մարա՛խ եւ մե՛ղր վայրենի: