Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)
«Երբ Հովհաննեսը տեսավ շատ փարիսեցիների և սադուկեցիների, որոնք գալիս էին իր մոտ՝ մկրտվելու, ասաց նրանց. «Իժերի՛ ծնունդներ, ո՞վ ձեզ զգուշացրեց փախչել գալիք բարկությունից»»։
Ինչո՞ւ է Քրիստոս ասում, որ հրեաները չէին հավատում Հովհաննեսին: Որովհետև դա չէր կարող հավատ լինել` այն դեպքում, երբ նրանք չէին ընդունում Հիսուսին` Նրան, Ում մասին Հովհաննեսը քարոզում էր: Հրեաները, ինչպես երևում է, ականջալուր էին եղել և՛ մարգարեների քարոզչությանը, և՛ Օրինատուի խոսքերին, սակայն, այդուհանդերձ, Քրիստոս հրեաներին հանդիմանում է իրենց անփութության համար, քանի որ նրանք չէին ընդունում Իրեն, Ում մասին իսկ մարգարեացել էին մարգարեները: « Որովհետև, եթե դուք հավատայիք Մովսեսին, - ասում է Նա, - կհավատայիք այդ դեպքում ուրեմն և Ինձ» (Հովհ. 5:46):
Իսկ ավելի ուշ, երբ Քրիստոս հրեաներին հարցրեց` «Հովհաննեսի մկրտությունը որտեղի՞ց էր», նրանք իրար մեջ այսպես էին մտորում. «Եթե ասենք՝ մարդկանցից, ժողովրդից վախենում ենք, եթե ասենք՝ երկնքից, մեզ կասի՝ իսկ ինչո՞ւ չհավատացիք Նրան (հմմտ. Մատթ. 21:25–26): Այսպիսով, այդ բոլորից ակնհայտ է դառնում, որ հրեաները եկել էին մկրտվելու և մինչև իսկ մկրտվեցին, սակայն հավատ չընծայեցին իրենց քարոզված վարդապետությանը։
Հովհաննես ավետարանիչը նույնպես մեզ բացահայտում է հրեաների չարությունը, երբ, խոսելով այն մարդկանց մասին, որոնք ուղարկվել էին Մկրտչին հարցնելու, թե «Դու Եղիա՞ն ես», կամ` «Դո՞ւ ես Քրիստոս», անմիջապես հավելում է. «Եվ եկողները փարիսեցիների կողմից էին» (տե´ս Հովհ. 1:21 հմմտ. 1:24):
Ուրեմն ի՞նչ։ Մի՞թե հասարակ ժողովուրդը ճիշտ նույն կերպ չէր մտածում։ Այո, ադպես էր, ինչպես նշում է ավետարանիչը, սակայն տարբերությունն այն էր, որ հասարակ ժողովուրդը պարզ սրտով էր այդպես մտածում, մինչդեռ փարիսեցիները ցանկանում էին բռնել նրան: Այդ հասարակ մարդկանց մասին ավետարանիչն ասում է, որ նրանք եկան ու մկրտվեցին Հովհաննեսի ձեռքով՝ խոստովանելով իրենց մեղքերը: Իսկ ահա փարիսեցիների մասին ավետարանիչը նույնը չի ասում, այլ նշում է. «Երբ Հովհաննեսը տեսավ շատ փարիսեցիների և սադուկեցիների, որոնք գալիս էին իր մոտ՝ մկրտվելու, ասաց նրանց. «Իժերի՛ ծնունդներ, ո՞վ ձեզ զգուշացրեց փախչել գալիք բարկությունից»: Հոգու ինչպիսի՜ անվախություն։ Որքա՜ն խիստ է նա խոսում այն մարդկանց հետ, ովքեր մշտապես մարգարեների արյան ծարավն են ունեցել, ա´յն մարդկանց հետ, ովքեր ոչնչով ավելի լավը չեն օձերից: Ինչպիսի՜ն ազատությամբ է նա դատապարտում թե՛ հենց նրանց, և թե՛ նրանց, ովքեր ծնել են իրենց։
Այսպես, կարող ես ասել` «Հովհաննեսը խոսում էր մեծ ազատությամբ», սակայն պետք էր հարցնել հետևյալը. «Այդ ազատությունը որևէ հիմք ունե՞ր: Չէ՞ որ նա տեսավ, որ հրեաները ոչ թե մեղանչում, այլ ապաշխարում էին: Ուստի այդ դեպքում թվում էր, թե Հովհաննես Մկրտիչը ոչ թե պետք է մեղադրեր հրեաներին, այլ գովաբաներ և ընդուներ նրանց միայն այն բանի համար, որ նրանք, հեռանալով քաղաքից և թողնելով իրենց տները, եկել էին իր քարոզությունը լսելու: Մենք ի՞նչ կարող ենք ասել այս մասին։ Ա´յն, որ Հովհաննեսը կարևորում էր ոչ թե տվյալ պահին գերիշխող հանգամանքները, ոչ թե այն ամենը, ինչ կատարվում էր ներկայում, այլ ա´յն, ինչ նրանց մտքում էր. Հովհաննես Մկրտիչը տեսավ հրեաների գաղտնի մտքերը, որոնք Աստված հայտնեց իրեն։ Հրեաները պարծենում էին իրենց նախնիներով, և հենց դա էր նրանց կորստյան պատճառը, որ և անփութության էր մատնել իրենց. ահա թե ինչու է Հովհաննեսն արմատախիլ անում հրեաների հպարտության բուն արմատը։ Այդ միևնույն պատճառով էր նաև Եսային նրանց անվանում Սոդոմի և Գոմորի ժողովրդի առաջնորդներ (տե´ս Ես. 1:10), իսկ մեկ այլ մարգարե էլ ասում էր. «Միթե եթովպացիների որդիների պես չե՞ք դուք» (հմմտ. Ամոս 9:7): Եվ այդպես բոլորը նրանց (հրեաներին) զգուշացնում են հեռու մնալ այդօրինակ նախապաշարմունքից՝ խոնարհեցնելով իրենց անթիվ չարիքների աղբյուր հպարտությունը։ Սակայն դու կասես` մարգարեներն արդարացիորեն այդպես վարվեցին, որովհետև նրանք տեսան, որ հրեաները մեղանչում են: Այդ դեպքում, ուրեմն, ինչո՞ւ և ի՞նչ նպատակով Հովհաննե´սը պետք է նույն կերպ վարվեր, երբ հրեաներին տեսնում էր արդեն իսկ հնազանդ կարգավիճակում։ Նրա´ համար, որպեսզի էլ առավել փափկացնի նրանց։
Եթե մեկը ուշադրությամբ հայացք գցի Հովհաննես Մկրտչի խոսքերին, անգամ այս հանդիմանության մեջ էլ հրեաների նկատմամբ գովասանքի տարրեր կգտնի, որովհետև իր այս խոսքերը Հովհաննեսն արտասանեց զարմանքից: Այդ զարմանքն առաջացել էր այն պատճառով, որ հրեաները, թեև ուշացումով, սակայն, այդուամենայնիվ, կարողացել էին անել այն, ինչը մի ժամանակ անհնարին էր թվում: Ահա թե ինչու Հովհաննեսի կողմից նրանց հասցեագրված հանդիմանությունն ավելի շուտ մատնացույց էր անում հրեաներին իր կողմը գրավելու և ապաշխարության մղելու Հովհաննես Մկրտչի ցանկությունը: Այն ժամանակ, երբ Հովհաննեսը, ըստ երևույթին, իր խոսքերով խոցում է հրեաներին, այդ միևնույն ժամանակ նա իրականում բացահայտում է և՛ նախկինում հրեաներին համակած անհուն չարությունը, և՛, միաժամանակ, ներկայումս նրանց հետ տեղի ունեցած զարմանահրաշ ու անսպասելի փոփոխությունը: «Ինչպե՞ս է դա հնարավոր, - կարծեք թե` հարցնում էր Հովհաննես Մկրտիչը, - որ նրանք, այդպիսի ծնողների զավակներ լինելով և այդքան վատ դաստիարակություն ունենալով, հանկարծ սկսեցին ապաշխարել։ Որտեղի՞ց ծագեց նման փոփոխությունը: Ո՞վ է փափկացրել նրանց կարծր սիրտը։ Ո՞վ է բուժել այն, ինչ անբուժելի էր թվում…»:
Տե´ս, թե Հովհաննես Մկրտիչն ինչպես է հենց ամենասկզբից խոցում հրեաներին՝ նրանց գեհենի մասին պատմելով։ Հովհաննեսը հրեաների հետ չէր խոսում սովորական աղետների մասին` ասելով, օրինակ. «Ո՞վ ձեզ զգուշացրեց փախչել թշնամիներից, բարբարոսների արշավանքից, գերությունից, սովից և համաճարակից»: Ոչ և ոչ. Հովհաննես Մկրտիչը հրեաներին սպառնում է մեկ այլ պատժով, որի մասին նրանք դեռևս հստակ պատկերացում չունեին: Հովհաննեսն այդ մասին ասում է. «Ո՞վ ձեզ զգուշացրեց փախչել գալիք բարկությունից»։
Հովհաննեսը փարիսեցիներին իրավացիորեն անվանեց «իժերի ծնունդներ»: Ինչպես այդ կենդանին է, ինչպես ասում են, իրեն ծնած մոր արգանդը կրծելով և նրան սպանելով լույս աշխարհ գալիս, այդպես էլ փարիսեցիներն արեցին՝ սպանելով իրենց հայրերին ու մայրերին և իրենց ձեռքերով «պատառոտելով» օրենքի ուսուցիչներին։
Սրբ. Ներսես Շնորհալի (†1173)
Եւ նա տեսնելով սադուկեցիներից եւ փարիսեցիներից շատերին, որոնք եկել էին իր մկրտութեանը, ասաց նրանց. «Իժերի՛ ծնունդներ, ո՞վ ձեզ սովորեցրեց փախչել վերահաս բարկութիւնից:
Տեսնելով, որ սադուկեցիներից ու փարիսեցիներից շատերը եկել են իրենից մկրտվելու՝ ասաց նրանց. «Իժերի՛ ծնունդներ, ո՞վ ձեզ ցույց տվեց փախչել գալիք բարկությունից»:
Իր մեջ եղած աստվածային Հոգու իմաստությամբ՝ ընտրողապես է խոսում իր մոտ եկածներից յուրաքանչյուրի հետ: Խառնիճաղանջ ժողովրդին, որ պարզամիտ ու անմեղ էր, ասում է. «Ապաշխարե՛ք, որովհետև մոտեցել է երկնքի արքայությունը» (3։2), իսկ փարիսեցիների ու սադուկեցիների հասցեին սաստող խոսքեր է ասում: Եվ հիրավի՛. որովհետև հոգու աչքով տեսավ, որ նրանք ոչ թե հավատով, այլ նենգավոր կեղծավորությամբ են եկել մկրտության, ինչպես Սիմոն մոգը՝ առաքյալների մոտ 117: Սա հայտնապես ցույց է տալիս Հովհաննես ավետարանիչը, որովհետև [գրում է, որ] Երուսաղեմում գտնվող քահանայապետերը [Մկրտչի] մոտ մարդ են ուղարկում և հարցնում. «Քրիստո՞սն ես դու, Եղիա՞ն, թե մարգարեն» (Հովհ. 1։19–21): Ուղարկվածները փարիսեցիներից էին, և նրանց հարցուփորձի նպատակը ոչ թե այն էր, որ կամենում էին ստուգել՝ [Մկրտչին] պատվելու համար, այլ քանի որ տեսան, որ նա իբրև մարգարե պատվվում է ժողովրդից, նախանձից վառված՝ մտածեցին խոսքով նենգել նրան: Եթե ասեր. «Քրիստոսն եմ», նրա այդ խոսքով կդատեին նրան, թե ստախոս է, որովհետև գիտեին, որ նա ղևտացիների ցեղից է, մինչդեռ Քրիստոսը [պիտի լիներ] Դավթի ցեղից: Իսկ երբ պատասխանեց. «[Քրիստոսը] չեմ», ասացին. «Իսկ ինչո՞ւ ես մկրտում, եթե Քրիստոսը չես» (Հովհ. 1։25): Նույն մտքով նաև Տերն էր հայտնապես ասում նրանց մասին. «Ժողովուրդն ու մաքսավորներն արդարացրին Աստծուն Հովհաննեսի մկրտությամբ մկրտվելով, իսկ փարիսեցիներն ու օրենսգետները, նրանից չմկրտվելով, Աստծո խորհուրդն անարգեցին իրենց մեջ» (Ղուկ. 7։29–30): Նաև երբ Քրիստոսը հարցրեց նրանց. «Հովհաննեսի մկրտությունը որտեղի՞ց էր՝ երկնքի՞ց, թե մարդկանցից» (Մատթ. 21։25), պատասխանեցին, թե չգիտեն: Թեպետ գիտեին, որ երկնքից էր, սակայն [այդպես ասացին], որովհետև [Քրիստոսը] կարող էր ասել. «[Այդ դեպքում] դուք ինչո՞ւ չեք հավատում Իմ մասին նրա վկայածներին»: Իսկ եթե [ասեին, որ Հովհաննեսի մկրտությունը] մարդկանցից էր, ժողովուրդը կքարկոծեր նրանց, քանի որ Հովհաննեսին մարգարե էր համարում 118:
Ուրեմն՝ քանի որ [փարիսեցիներն ու սադուկեցիներն] այսպիսի մտադրությամբ էին գալիս Հովհաննեսի մոտ, և քանի որ նա մարգարե էր, հասկացավ նրանց սրտի չարությունը և ժողովրդին թողնելով՝ ահազդու խոսքով դիմեց նրանց. «Իժերի՛ ծնունդներ»: Նրանց պատշաճորե՛ն համեմատեց չարաթույն կենդանու հետ. որովհետև ինչպես որ այդ կենդանին է սպանում իր մորը՝ ուտելով նրա որովայնը, և ապա դուրս գալիս [նրա միջից], այդպես էլ սրանք սպանեցին իրենց ծնողներին՝ մարգարեներին, և դուրս եկան Աստծո օրենքից՝ իբրև մորից: Եվ ինչպե՞ս իժերի նման չէին նրանց հայրերը, որ անապատում բյուրավոր երախտիքներ ընդունելով [Աստծուց]՝ հորթին երկրպագեցին և ցանկանում էին Եգիպտոս վերադառնալ 119, ուստի Մովսեսը նրանց կոչում է «Սոդոմի այգիներ» ու «Գոմորի որթատունկեր» 120: [Փարիսեցիներին ու սադուկեցիներին] Տերը [նույնպես] «օձ» է կոչում 121 նրանց անդարձ չարության և թաքուն պահված թույնի պատճառով, որ միշտ ծարավ էին արդարների արյանը: Դավիթն էլ է [իր ցեղին] կոչում «չար ու դառնասիրտ» (Սաղմ.77։8), իսկ Եսային՝ «Սոդոմի իշխաններ» (Ես. 1։10):
Իժ է նաև հակառակասեր Վիշապը, և իժերի ծնունդներ՝ նրա կամքին հետևողները: [Հովհաննեսը] մարգարեների պես չասաց այն, ինչ սովոր էին նրանք լսել՝ փախուստ մարմնավոր պատերազմներից ու գերություններից, այլ [խոսեց] գալիք բարկությունից ու գեհենի կրակից [փախուստի] մասին:
Իսկ ի՞նչ է [նշանակում] «ո՞վ ձեզ ցույց տվեց փախչել» — ը:Ինչպես եթե մի դետ, ավելի հարմար դիտանոցից տեսնելով թշնամիների գալուստը, աղաղակի երկրի [բնակիչներին], որ զգուշանան, սակայն նրանք անհոգ գտնվելով՝ արհամարհեն դետի աղաղակը, իսկ երբ տեսնեն, որ թշնամիները հարձակվում են սպանելու, փախչեն ու ապավինեն դիտանոցին, պատշաճ կլինի, որ դետն ասի նրանց. «Երբ ազդարարում էի փախչել, ինչո՞ւ չէիք լսում. այժմ ո՞վ ձեզ ցույց տվեց փախչել ու այստեղ գալ», ահա սա՛ նկատի ունի նաև Հովհաննեսի այս խոսքը: Աստված ավելի առաջ ասես բարձր դիտանոցից ձեզ կանչեց Օրենքի և մարգարեների միջոցով՝ զգուշանալու մեր բնությանը թշնամու [բերած] զանազան մահերից և առաքինի վարքով գնալու դեպի Իրեն: Այժմ, երբ խրատիչները լռեցին, և Դատավորը մոտեցել է, դատաստանի ժամանակը՝ հասել, ո՞վ ձեզ ցույց տվեց փախչել ներում չիմացող Նրա բարկությունից և ապաշխարության դիմել: [Հովհաննեսը] չի խոսում տանջանքներից ու կրակից փախուստի մասին, այլ բարկությունից, որն ավելի սաստիկ է՝ ըստ աստվածային Պողոսի. «Աստծո բարկությունը հասնելու է մարդկանց ամեն ամ-բարշտության ու անիրավության վրա» (Հռոմ. 1։18): Նաև՝ «....կփրկվենք, – ասում է, – գալիք բարկությունից» (Հռոմ. 5։9): Սրանցից սովորում ենք, որ մեղավորների համար գեհենի կրակից էլ ծանր է Արարչին իրենց վրա բարկացած տեսնելը: Այն այստեղ [Նրա ցուցաբերած] բարկության նման չէ, որը [մեր] խրատի և դարձի համար է, այլ ներում չունեցող է ու հավիտենական, այնպես որ [մեղավորները] տեսնելու են, որ ոմանք կանչվելու են առաջ և պսակվելու են, իսկ իրենք բարկությամբ մերժվելու են Աստծո երեսից:
Սակայն [Հովհաննեսը] շարունակ ահազդու խոսքեր չի ասում, այլ դառնում ու ավելի մեղմ խոսքերով է խրատում, ինչպես հայրերը՝ որդիներին:
Ստեփանոս Սյունեցի (†735)
Եւ նա տեսնելով սադուկեցիներից եւ փարիսեցիներից շատերին, որոնք եկել էին իր մկրտութեանը, ասաց նրանց. «Իժերի՛ ծնունդներ, ո՞վ ձեզ սովորեցրեց փախչել վերահաս բարկութիւնից:
«Տեսնելով սադուկեցիներից և փարիսեցիներից շատերին, որ գալիս էին նրա մոտ մկրտվելու, ասաց նրանց. «Իժերի՛ ծնունդներ, ո՞վ ձեզ սովորեցրեց փախչել վերահաս բարկությունից»:
[Այսպես ասաց] աներևույթ թշնամուն և նրա սպասավորներին, քանզի նրանք են իժերի որդիներ և ծնունդներ, ովքեր ընթանում են նրա վարդապետության հետ և վարժվում: Արդ, Հովհաննեսը տեսնելով, որ իրեն մոտենում են թյուր և կամակոր մտքերով՝ չխոստովանելով իրենց մեղքերը, նրանց իժերի ծնունդներ և որդիներ անվանեց: «Որտեղի՞ց իմացաք, -ասում է, -թե բարկություն է գալու և հարկ է փախչել բարկությունից, ինչո՞ւ եք մեղքերի խոստովանություն ցուցադրում, որը, սակայն դուք չեք խոստովանում»:
Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)
7-10. Եւ նա տեսնելով սադուկեցիներից եւ փարիսեցիներից շատերին, որոնք եկել էին իր մկրտութեանը, ասաց նրանց. «Իժերի՛ ծնունդներ, ո՞վ ձեզ սովորեցրեց փախչել վերահաս բարկութիւնից: Այսուհետեւ ապաշխարութեան արժանի գործեր կատարեցէ՛ք. եւ մի՛ յաւակնէք ասել դուք ձեզ, թէ՝ Աբրահամը մեր հայրն է. ասում եմ ձեզ, որ Աստուած կարող է այս քարերից էլ Աբրահամի որդիներ դուրս բերել. որովհետեւ կացինն ահա ծառերի արմատին է դրուած: Ամէն ծառ, որ բարի պտուղ չի տայ, կտրւում եւ կրակն է գցւում:
Հովհաննեսի քարոզություններց, թե ինչպես էր զրուցում ժողովրդի կամ ինչ ոճով էր խոսում իրեն դիմողների հետ, մեզ քաղվածքներ են տալիս Ավետարանիչները: Սակայն ամեն ինչում դժվար չէ տեսնել այն խստակրոն անապատականին, որ ո՛չ հանդիմանություն էր խնայում և ո՛չ էլ քաշվում էր կծու ճշմարտություններն ասելիս:
Իժի ծնունդներ բացականչությամբ էր Հովհաննեսը ողջունում իրեն դիմողներին, լինեին նրանք ժողովրդի պարզ զանգվածից, ինչպես նշում է Ղուկասը, կամ թե սադուկեցիների և փարիսեցիների դասակարգից` ըստ Մատթեոսի հիշատակության: «Կարծում եք արդյոք,-ասում էր Հովհաննեսը,- թե ապաշխարության արտաքին ձևով կարելի՞ է խուսափել աստվածային բարկությունից. ո՛չ, այլ, սրա հետ միասին, անհրաժեշտ է նաև ապաշխարությանն արժանի արդյունքներ ևս ցույց տալ: Լինելով Աբրահամի զավակներ` մի՛ մեծամտացեք: Աբրահամի զավակներ կոչվելը ոչ թե ձեր, այլ Աստծո գործն է, քանզի Աստված քարերից էլ կարող է Աբրահամի զավակներ ստեղծել: Շտապեցե՛ք դրսևորել ապաշխարության արդյունքները: Կացինը մոտեցել է ծառարմատին: Անպտուղ ծառը շուտով կկտրվի և կնետվի կրակը»:
Այս առիթով տարբեր խավերի անհատներ, առանձին-առանձին մոտենալով, իրենց վիճակին օգտակար խրատ էին հարցնում: Նախ հասարակ ժողովուրդն է հարցնում, թե` ի՞նչ անի: Հովհաննեսը տալիս է ողորմության խրատը. «Երկու հագուստ ունեցողը թող մեկը տա չունեցողին»: Այնուհետև նույն հարցով մոտենում են մաքսավորները: Սրանց Հովհաննեսն արդարության խրատն է տալիս. «Ձեզ տրված հրամանից ավելին մի արեք, որ նշանակում է, թե ձեր իրավունքից ավելին մի պահանջեք»: Հերովդեսի գալիլիացի զինվորները ևս գալիս են` նույն հարցը տալու: Վերջիններս էլ պատգամում է չափավորության և կանոնավարության խրատը. «Ձեր թոշակով գոհացե՛ք, մի՛ նեղեք, մի՛ զրպարտեք, մի՛ հափշտակեք»:
Հովհաննու բարոյական քարոզները, անգամ այս համառոտ ամփոփումներում, շատ նման են Ավետարանում Հիսուսի տված խրատներին, միաժամանակ հաստատաում են Հովհաննեսի ու Հիսուսի քարոզած Երկնքի Արքայության նույնությունը:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: