Ա. Լոպուխին
Երբ Թամարին տանում էին, նա գրավներն ուղարկեց իր սկեսրայրին` ասելով. «Ես հղիացել եմ այն տղամարդուց, որին պատկանում են այս գրավները»: Եվ ավելացրեց. «Ճանաչի՛ր, ո՞ւմն են այս մատանին, ժապավենը և գավազանը»: [25](Սինոդական թարգ․)
Երբ Հուդան վճռականորեն (ինչպես վարվեց իր սերնդակից Դավիթը Բերսաբեի հետ, Բ Թագ. 12:5) Թամարի մահվան վճիռը կայացրեց, չնայած այն բանի, որ ինքն իր անազնիվ քայլով անձամբ էր մեղավոր Սելոմի հետ Թամարի ամուսնության հարցում, Թամարը շատ նրբանկատ քայլ կատարեց՝ ուղարկելով Հուդայի իրերը, որոնք մինչ այս խնամքով պահել էր: Թամարը չի հայտնում Հուդայի անունը. միայն իրերի միջոցով հիշեցնում է կատարվածի մասին (հ. 18): Թալմուդն ու Միդրաշը, գովերգելով Թամարի այս քայլը, որ վերջինս չպախարակեց սկեսրայրի բարի համբավը, այն էլ այն դեպքում, երբ հենց իրեն էր սպառնում մահվան վտանգը, բարոյախրատական հետևություն են անում՝ ասելով, որ նա կգերադասեր մահանալ, քան թե խայտառակել մերձավորին: «Երբ Թամարին տանում էին» արտահայտությունից Միդրաշը եզրակացնում է, որ նրա կողմից նշված իրերն արդեն կորած էին, բայց Աստված հրաշքով նրան նմանատիպ իրեր է տվել (Beresch. r. Par. 85.s. 421, 422):
--------------------------------
[25](Էջմիածին թարգ․) Իրեն տանելու ճանապարհին Թամարը գրաւներն ուղարկեց իր սկեսրայրին՝ ասելով. «Ես յղիացել եմ այն տղամարդուց, որին պատկանում են այս գրաւները»: Եւ աւելացրեց. «Ճանաչի՛ր, ո՞ւմն են այս մատանին, մանեակը եւ գաւազանը»:
(Արարատ թարգ․) Եվ մինչ նրան դուրս էին հանում, նա գրավներն ուղարկեց իր սկեսրայրին՝ ասելով. «Ես հղիացել եմ սրանց տիրոջից»: Նաև ասաց. «Խնդրեմ, ճանաչի՛ր, թե ո՞ւմ են պատկանում այս կնիքը, ժապավենը և գավազանը»:
(Գրաբար) Եւ մինչդեռ տանէին զնա, առաքեաց առ սկեսրայրն իւր` եւ ասէ. Յառնէ` ոյր այդ գրաւականք են` յղի եմ ես: Եւ ասէ` Ծանիր ո՞յր իցէ մատանիդ` գինդդ` եւ գաւազանդ:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: