Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 4:24

Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)

«Եվ Նրա համբավը տարածվեց ամբողջ Ասորիքով մեկ. և Նրա մոտ բերեցին բոլոր հիվանդներին, տարբեր հիվանդություններից ու ցավերից տառապողներին, դիվահարների, լուսնոտների ու անդամալույծների, և Նա բժշկեց նրանց։
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 4:23
   

Սրբ. Ներսես Շնորհալի (†1173)

Եւ նրա համբաւը տարածուեց ամբողջ Ասորիքում. եւ նրա մօտ բերեցին բոլոր հիւանդներին, որոնք տառապում էին պէսպէս ցաւերով ու տանջանքներով. ե՛ւ դիւահարների, ե՛ւ լուսնոտների, ե՛ւ անդամալոյծների. եւ նրանց բժշկեց:

   

   Նրա համբավը տարածվեց Ասորիքի ամբողջ երկրով, և Նրա մոտ բերեցին զանազան ցավերից ու տանջանքներից տառապող բոլոր հիվանդներին, դիվահարներին, լուսնոտներին ու անդամալույծներին, և բժշկեց նրանց:

   Հեռավոր տեղերից գալը ցույց է տալիս նրանց հավատի մեծությունը, ինչ պատճառով և ձրի էին բժշկություն ստանում: Տե՛ս դու այս ավետարանչի անփառասեր միտքը, մանավանդ նրա մեջ գտնվող [Սուրբ] Հոգու. բժշկվածներին ոչ թե մեկառմեկ է թվարկում, այլ շատերին մեկ խոսքով նշում՝ «հիվանդություններ» ու «զանազան ցավեր» կոչելով այն, ինչ մեր բնությունը սովոր է կրել մարմնի կազմու-թյան անբարեխառնությունից, որից և [առաջանում են] ցավեր ու նեղություններ՝ ըստ [մարմնի մեջ նյութերի] առավելության և նվազության: Իսկ նեղությունների մեջ ամենամեծերը [ավետարանիչը] անունով է նշում. «դիվահարներին, – ասում է, – լուսնոտներին ու անդամալույծներին»: Դևերից պատճառվող տանջանքները հայտնի են նրանց, ովքեր տեսել են, և լուսնոտությունը ևս դրանց [կարգից] է, բայց ո՛չ մշտական բռնվածությամբ, այլ ըստ նոր կամ հին լուսնի, որից և անունն է ստացել: Իսկ անդամալույծը մեծ նեղություն է թե՛ իր, թե՛ տեսնողների համար, քանի որ տանը մեռածի պես ընկած՝ ողջ [մարդու] պես ուտում ու խմում է:

   [Հիսուսն այս] բոլոր եկածներին մեկ հրամանով բժշկեց: Եվ որքան Նրա հրաշքների համբավը տարածվում էր, այնքան ավելի ու ավելի շատ էր ժողովուրդ գալիս ամեն կողմից, ինչպես և ասում է [ավետարանիչը]:

   

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

Եւ նրա համբաւը տարածուեց ամբողջ Ասորիքում. եւ նրա մօտ բերեցին բոլոր հիւանդներին, որոնք տառապում էին պէսպէս ցաւերով ու տանջանքներով. ե՛ւ դիւահարների, ե՛ւ լուսնոտների, ե՛ւ անդամալոյծների. եւ նրանց բժշկեց:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 4:23