Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 4:3

Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)

3-4․ «Եվ փորձիչը մոտեցավ Նրան ու ասաց. «Եթե Դու Աստծու Որդին ես, ասա՛, որ այս քարերը դառնան հացեր»»։ «Իսկ Նա ի պատասխան նրան ասաց. «Գրված է. «Ոչ միայն հացով է մարդն ապրում, այլև այն ամեն խոսքով, որ ելնում է Աստծու բերանից»» (Բ Օր. 8:3)»։
   
    Այն բանից հետո, երբ սատանան արդեն իսկ լսել էր Հիսուսի մասին երկնքից իջած ձայնը, որը վկայում էր` «Դա է Իմ սիրելի Որդին» (Մատթ. 3։17), երբ ունկնդրել էր Նրա մասին Հովհաննեսի նույնքան փառահեղ վկայությունը, այդուհետ փորձիչը հանկարծ տեսնում է Հիսուսին քաղցած վիճակում։ Սա շփոթության մեջ է գցում սատանային. վերհիշելով Հիսուսի մասին ասված խոսքերը` նա չի կարողանում հավատալ, որ Հիսուս մի պարզ մարդ էր։ Մյուս կողմից էլ, սակայն, Քրիստոսին քաղցած վիճակում տեսնելով, սատանան չի կարողանում վստահանալ, որ Նա Աստծո Որդին է։ Այդպիսի շփոթության մեջ լինելով՝ բանսարկուն կասկածալից խոսքերով մոտենում է Հիսուսին։ Եվ ինչպես մի ժամանակ, Ադամին մոտենալով, սատանան հորինել էր բացարձակապես գոյություն չունեցող մի պատմություն` այդ եղանակով ճշմարտությունը «պարզելու» համար, այդպես էլ այժմ, հստակ պատկերացում չունենալով մարմնավորման անճառելի խորհրդի մասին, փորձիչն այս անգամ էլ խորամանկորեն նորանոր որոգայթներ է հյուսում իր առջև հայտնված Հիսուսի համար, որպեսզի այդպիսով իմանար այն, ինչն իր համար գաղտնի և անհայտ էր մնացել։
    Եվ ի՞նչ է ասում նա. «Եթե Դու Աստծու Որդին ես, ասա՛, որ այս քարերը դառնան հացեր»։ Սատանան չի ասում` «եթե քաղցած ես», այլ՝ «եթե Դու Աստծո Որդին ես»` կարծելով, թե կարող է գովասանքի խոսքերով խաբել Հիսուսին։ Սատանան քաղցի մասին ոչինչ չի ասում, որպեսզի չթվա, թե ինքն այդ փաստը (այն, որ Հիսուս քաղց էր զգում) Հիսուսի առջև է դնում ու այդպիսով կամենում է նվաստացնել Նրան։ Չըմբռնելով փրկչական տնօրինությանն առնչվող իրադարձությունների ողջ մեծությունը՝ բանսարկուն այս ամենն ամոթալի էր համարում Հիսուսի համար։ Ահա թե ինչու է սատանան շողոքորթում Հիսուսին և Նրան նենգաբար հիշեցնում է միայն Իր արժանավորությա´ն մասին։ Իսկ ի՞նչ է անում Քրիստոս. խորտակելով սատանայի ամբարտավանությունը և ցույց տալով, որ տեղի ունեցածն ամենևին էլ ամոթալի կամ անպատվաբեր չէր Իր աստվածային Իմաստության (Նախիմացության) համար` Հիսուս Ինքն է արտահայտվում և բացահայտորեն խոսում ա´յն ամենի մասին, ինչի մասին գայթակղիչը լռում էր` շողոքորթությունից դրդված: Եվ Հիսուս ասում է. «Մարդը միայն հացով չի ապրում…»։
    Գայթակղիչը, փաստորեն, իր փորձությունը սկսում է որովայնի կարիքին (քաղցը հագեցնելու անհրաժեշտությանը) դիպչելուց։ Նայի՛ր չար հոգու ցուցաբերած այս խորամանկությանը, տե´ս, թե նա ինչով է սկսում իր պայքարն ու ինչպիսի հավատարմությամբ է կառչում իր նենգավորությանը. ինչով որ նա առաջին մարդուն (խոսքն Ադամի և Եվայի մասին է) վռնդեց դրախտից և անթիվ-անհամար պատուհասների ենթարկեց նրան, այդ նույն միջոցով էլ նա այստեղ է ձեռնամուխ լինում իր գայթակղության ճիրանները լարել, այսինքն՝ դարձյալ դիմում է որովայնի անզսպվածությունը «փորձելու» հնարքին։ Եվ այժմ էլ դու շատ անմիտներից կարող ես լսել, որ որովայնն է իրենց պատուհասած անթիվ-անհամար չարիքների պատճառը։ Քրիստոս, սակայն, կամենալով ցույց տալ, որ առաքինագործ մարդուն նույնիսկ ամենադաժան բռնությունը չի կարող ստիպել որևէ անպատշաճ գործողություն կատարելուն` քաղցում է (խոսքը Քրիստոսի վարմունքի մասին է), բայց, այդուհանդերձ, չի համաձայնում սատանայի առաջարկին՝ այդպիսով մեզ ևս սովորեցնելով ոչ մի դեպքում չհնազանդվել բանսարկուին։
    Ու քանի որ առաջին մարդը, սատանային ունկնդրելով, թե՛ զայրացրեց Աստծուն, և թե՛ խախտեց օրենքը, ուստի Տերն ամեն կերպ ոգեշնչում է քեզ երբեք չհնազանդվել սատանային` նույնիսկ այն դեպքում, երբ նրա պահանջն օրենքի զանցառում չի ենթադրի։ Բայց ի՞նչ պետք է հասկանալ «օրենքի զանցառում» (մեղսագործություն) խոսքի տակ։ Ա´յն, որ եթե անգամ դևերը օգտակար թվացող մի որևէ առաջարկ էլ անեն, նույնիսկ ա´յդ դեպքում Տերն արգելում է լսել նրանց։ Ըստ այդմ` Քրիստոս Ինքը դևերին հրամայեց լռել նույնիսկ այն ժամանակ, երբ նրանք հռչակում էին, որ Ինքն Աստծու Որդին է։ Այդ նույն կերպ նաև Պողո´սը դևերին արգելեց աղաղակել, չնայած որ այն, ինչ նրանք ասում էին, «օգտակար» էր թվում։ Սակայն դևերին լիովին ամոթահար անելու և մեր դեմ ուղղված նրանց բոլոր չարամտությունները կանխելու համար, չնայած այն հանգամանքին, որ դևերը փրկարար ճշմարտություններ էին քարոզում, առաքյալը վռնդեց նրանց, փակեց նրանց բերաններն ու հրամայեց լռել (Գործք 16։18):
    Այս միևնույն պատճառով և Քրիստո´ս չհամաձայնեց սատանայի խոսքերին, ու տե´ս, թե ինչ պատասխանեց նրան։ Քրիստոս սատանային պատասխանեց Հին Կտակարանի խոսքերով. «Ոչ միայն հացով է մարդն ապրում…»։ Այս խոսքերը նշանակում են, որ Աստված կարող է նույնիսկ գեթ խոսքով կերակրել քաղցածներին։ Այսպիսով Քրիստոս մեզ սովորեցնում է, որ ոչ մի դեպքում` լինի դա սովի կամ որևէ այլ տառապանքի պատճառով, բնավ չպիտի ուրանանք Տիրոջը։ Իսկ եթե որևէ մեկն ասի, որ այդ դրվագում Փրկիչը պետք է ցույց տար Իր զորությունը, ապա ես նրան կհարցնեմ հետևյալը. ի՞նչ նպատակով և հանուն ինչի՞։ Սատանան իր խոսքերով չէր կամենում հավաստիանալ Քրիստոսի զորությանը, այլ ցանկանում էր, ինչպես ինքն էր կարծում, Քրիստոսին մեղադրել անհավատության մեջ` այն նույն կերպ, ինչպես մի ժամանակ այս նույն բանսարկուն խաբել էր Հիսուսի նախածնողներին (Ադամին ու Եվային) և բացահայտել վերջիններիս` Աստծու հանդեպ ունեցած փոքր հավատը։ Աստծու ասածի բոլորովին հակառակը խոստանալով նախաստեղծներին (Ադամին ու Եվային)` սատանան այդպիսով նրանց համակել (հպարտացրել) էր ունայն հույսերով ու անհավատության մեջ էր գցել, իսկ այդ կերպ էլ` նրանց զրկել էր ա´յն օրհնություններից, որոնք նրանք ունեին նախկինում։
    Քրիստոս, սակայն, Իր համաձայնությունը չի հայտնում սատանային: Փրկիչը հետագայում ճիշտ նույն կերպ պիտի վարվեր նաև հրեաների հետ, որոնք, բանսարկուի չար հոգով առաջնորդվելով, նշաններ էին խնդրում Հիսուսից: Թե´ այս, և թե´ նախորդ դեպքում էլ Քրիստոս մեզ սովորեցնում է, որ եթե նույնիսկ մենք կարող ենք անել այս կամ այն գործողությունը, ապա դա չպետք անենք ապարդյուն ու առանց պատճառի (առհասարակ ոչինչ չպետք է զուր տեղն անել), և անգամ ծայրահեղ անհրաժեշտության դեպքում չպետք է հնազանդվենք սատանային։
   

Սրբ. Ներսես Շնորհալի (†1173)

Եւ փորձիչը՝ սատանան, մօտենալով նրան՝ ասաց. «Եթէ Աստծու Որդին ես, ասա՛, որ այս քարերը հաց լինեն»:
   

     Եվ փորձիչը մոտեցավ և ասաց Նրան. «Եթե Աստծո Որդի ես, ասա՛, որ այս քարերը հաց դառնան»: Տես, թե ինչպիսի խորամանկություն բանեցրեց, որ մոտեցավ ոչ թե երբ[Հիսուսը] պահքի մեջ էր, այլ երբ քաղցեց:

       Իսկ ինչպե՞ս հասկացավ [Հիսուսի] քաղցելը: [Նրանից հասկացավ, որ Հիսուսը] կա՛մ նշանով, կա՛մ խոսքով ցույց տվեց, որ կերակրի կարիք ունի, որպեսզի դրանով չարին համարձակություն տա, որովհետև առանց այսպիսի բաների [սատանան] չի կարող իմանալ մարդու խորհուրդները: Նաև քանի որ գիտեր, որ մարգարեները մինչև քառասուն օր էին պահք պահում, համբերեց, մինչև մարգարեների [պահեցողության] չափը լրացավ, և ապա՛ սկսեց փորձել: Որովհետև նայում էր՝ տեսնի, [թե Հիսուսն Իրեն ինչպես կպահի]. ասում էր. եթե Աստծո որդի է, ինչպես Հոր հնչեցրած խոսքը վկայեց, կանցնի պահեցողների սահմանը, իսկ եթե սոսկ մարդ է, նույն չափով կժուժկալի: Իսկ Տերը քաղցի մասին հայտնեց նրան քառասնյակի ավարտին՝ ասես կարթին կերակուր հագցնելով, որպեսզի [սատանան] փորձելով կուլ տա Նրան իբրև մարդու, [այդ կերակուրը] նրա քիմքում մնա, և նա հաղթվի ու կործանվի [Տիրոջ կողմից]՝ իբրև Աստծուց:

    Ուստի մոտենալով ասաց. «Եթե Աստծո Որդի ես, ասա՛, որ այս քարերը հաց դառնան»: Քանի որ լսեց ի վերուստ «Դա է Իմ սիրելի Որդին» և Հովհաննեսի այդքան վկայությունները, իսկ հետո տեսավ, որ [Հիսուսը] քաղցեց, ուստի վարանման մեջ ընկավ: Այդ մեծ վկայությունների պատճառով Նրան սովորական մարդ չէր համարում, բայց և Աստծո Որդի էլ չէր համարձակվում [խոստովանել] քաղցած տեսնելու պատճառով: Եվ այսպես մեծ տարակուսանքի մեջ ընկնելով՝ սկսեց խոսել: Ինչպես որ նախկինում Եվայի հետ խորամանկորեն խոսեց, որպեսզի նրանից ճշտեր պատահած բաները, այդպես էլ այստեղ կամեցավ ասես վարմով խոսք քաշել, որպեսզի կարողանար հասկանալ այն իրողությունը, որը նրան հայտնի չէր, քանի որ տեղյակ չէր Տնօրենության անճառ խորհրդին, թե ո՛վ է Նա, որ եկել է:

    Եվ ի՞նչ ասաց. «Եթե Աստծո Որդի ես»: Չասաց. «Եթե քաղցած ես», որպեսզի կարծել չտար, թե նախատում է: Այլ կեղծավորությամբ՝ պատիվ ընծայող խոսքով է դիմում՝ «Եթե Աստծո Որդի ես», որպեսզի կամ դրանով [Հիսուսը] հանձն առներ նրա խնդրանքը կատարել, և նա հասկանար, որ [Հիսուսն] իսկապես Աստված է, ինչպես և վկայվել էր, և այդպիսով ինքը զգուշանար իր անձի համար, կամ էլ, եթե [Հիսուսը] չկարողանար [խնդրանքը] կատարել, հանդիմանվեր, թե մարդ է, Նրա մասին վկայությունները սուտ դուրս գային, իսկ ինքն անհոգանալով ազատվեր տարակույսներից:

       Իսկ ի՞նչ էր խնդրում: «Ասա՛, որ այս քարերը հաց դառնան»: Ինչպիսի՜ հիմարություն: Եթե Աստծո Որդի է, ինչպես և կա, կարիք չունի գոյություններից մեկը մի ուրիշին փոխելու, այլ ոչնչից է արարչագործում, ինչպես այն ամենն, ինչ կա: Եվ այդ դյուրին բանը, որ խնդրում ես՝ այդ քարերը հացի վերածել, մի՞թե այժմ չի կարող անել. պատրաստվում է ավելի դժվարին բաներ գործել, այսինքն՝ բարու հանդեպ քարացած մարդկային հոգիներն առաքինությամբ մաքուր հաց դարձնել՝ Իր աստվածության կամքին իբրև կերակուր:

    Եվ ի՞նչ [պատասխանեց] Քրիստոսը:
   

Ստեփանոս Սյունեցի (†735)

Եվ փորձիչը՝ սատանան, մոտենալով նրան՝ ասաց. «Եթե Աստծու Որդին ես, ասա՛, որ այս քարերը հաց լինեն» :
   

    Արդյո՞ք բանսարկուն լսեց ձայնը, որ ասաց. «Դա՛ է Իմ սիրելի Որդին, որին հավանեցի» (Հովհ. 1։1): [Երկնային] ձայնին թերահավատալով՝ այժմ ասում է, եթե, արդարև, ճշմարիտ էր ձայնը, որ Դու Աստծու Որդի ես, ասա՛, որ այս քարերը հաց լինեն:
   

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

Եւ փորձիչը՝ սատանան, մօտենալով նրան՝ ասաց. «Երե Աստծու Որդին ես, ասա՛, որ այս քարերը հաց լինեն»:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 4:1