Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 6:2

Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)

«Արդ, երբ ողորմություն անես, մի՛ փողահարիր քո առաջ, ինչպես կեղծավորներն են ժողովարաններում և փողոցներում անում որպեսզի մարդիկ փառաբանեն նրանց։ Ճշմարիտ եմ ասում ձեզ. նրանք իրենց վարձն արդեն ստացել են»:
   
   «Երբ, - ասում է Նա, - ողորմություն անես, մի՛ փողահարիր քո առաջ, ինչպես կեղծավորներն են անում»։ Փրկիչն այսպես է ասում ոչ թե այն պատճառով, որ կեղծավորները փողային գործիքներ ունեին, այլ քանի որ այդպիսով Հիսուս ցանկանում է ցույց տալ նրանց խորին անմտությունը` այս փոխաբերության միջոցով ծաղրելով և դատապարտելով նրանց։ Եվ Հիսուս իրավացիորեն նրանց «կեղծավորներ» անվանեց։ Նրանց ողորմությունը միայն արտաքնապես ողորմության «տեսք» ուներ, իսկ սրտերը լցված էին դաժանությամբ և անմարդկայնությամբ։ Նրանք ողորմություն էին անում ոչ թե իրենց մերձավորների հանդեպ ողորմածությունից դրդված, այլ փառքի արժանանալու համար։ Ծայրաստիճան դաժանություն է՝ փնտրել միայն սեփական անձի պատիվը և չհոգալ մյուսներին դժբախտությունից ազատելու մասին, երբ վերջիններս մահանում է սովից։ Ուստի Փրկիչը ոչ միայն պահանջում է, որ մենք ողորմություն տանք, այլ նաև ա´յն, որ ողորմություն անենք այնպես, ինչպես հարկն է։
   

Հովհաննես Ծործորեցի (†1338)

Այլ երբ ողորմութիւն անես, փող մի՛ հնչեցրու քո առջեւ, ինչպէս անում են կեղծաւորները ժողովարաններում եւ հրապարակներում, որպէսզի փառաւորուեն մարդկանցից: Ճշմարիտ եմ ասում ձեզ, ա՛յդ իսկ է նրանց վարձը:
   

   Այլ երբ ողորմություն ես գործում, մի՛ շեփորահարիր քո առաջ, ինչպես կեղծավորները՝ ժողովարաններում ու հրապարակներում, որպեսզի փառավորվեն մարդկանցից: Ճշմարի՛տ եմ ասում ձեզ. հենց դա էլ նրանց վարձն է:

   [Սուրբ] Գրքից սովորել ենք, որ ընկերոջը կարեկցելը ողորմություն է: Հետևաբար, երբ սա անում ես, ասում է [Տերը], մի՛ շեփորահարիր քո առաջ: «Շեփոր» բառով հեգնում ու ծաղրում է նրանց բազմաթիվ սին պարծանքները, ովքեր ասես շեփորահարելով՝ ամենքին հայտնի են դարձնում իրենց ողորմությունը: Նաև մի ուրիշ պատճառով է շեփորը հիշատակում: Ինչպես որ շեփորի ձայնն անհոդ ու ցրվող է, այդպես էլ ողորմությունը, երբ հրապարակում ես, օդին բախվելով, տարրալուծվում ու ոչնչանում է: Այսպիսի [ողորմածներին Տերն] իրավացիորեն է «կեղծավոր» անվանում: Որովհետև ողորմածության կերպարանք են ցույց տալիս, բայց անագորույն ու տմարդի բարք, քանի որ [ողորմությունը] ոչ թե ընկերոջ նեղության պատճառով են անում, այլ որ իրենք սին փառք վայելեն: Ուստի ինչ որ ցանկանում են, հենց դա էլ [Տերը] նրանց համար իբրև վարձ է սահմանում՝ [ասելով]. «Ճշմարի՛տ եմ ասում ձեզ. հենց դա էլ նրանց վարձն է»՝ ըստ այսմ. «Քո բերանո՛վ կդատեմ քեզ» (Ղուկ. 19:22):
   

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

Այլ երբ ողորմութիւն անես, փող մի՛ հնչեցրու քո առջեւ, ինչպէս անում են կեղծաւորները ժողովարաններում եւ հրապարակներում, որպէսզի փառաւորուեն մարդկանցից: Ճշմարիտ եմ ասում ձեզ, ա՛յդ իսկ է նրանց վարձը:
   

Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 6:1