Ծննդոց գրքի մեկնություն 6:7

Ա. Լոպուխին

Եվ Տեր Աստված ասաց. «Երկրի երեսից կվերացնեմ մարդուն, որին ստեղծեցի, կվերացնեմ մարդուց մինչև անասուն, եւ սողուններից մինչև երկնքի թռչունները, որովհետև զղջացել եմ, որ ստեղծել եմ նրանց»։ (Սինոդական թարգ․)[7]

   

   Աստված ասաց. «...կվերացնեմ... որովհետև զղջացել եմ, որ ստեղծել եմ...». Սա աստվածային նախախնամության ծրագրերին մարդկային ազատ գործունեության խորը անհամապատասխանության առավել ցցուն արտահայտությունն է և Ամենակարող Աստծո կամքն է՝ ոչնչացնելու այդ աններդաշնակությունը: Ընդ որում, աստվածային դատավճռի համաձայն, մարդու այս տխուր ճակատագրին բաժնեկից էր լինելու նաև նրան շրջապատող ողջ կենդանական աշխարհը, քանի որ ըստ աստվածաշնչյան ուսուցման, մարդու ճակատագրի և բնության կենսագործունեության միջև, գոյություն ունի ամենասերտ բարոյական կապ: Այդ իսկ պատճառով մարդու անկումն ու բարձրացումը համապատասխանաբար արտացոլվում է նաև մնացյալ արարչության վրա (Ծննդ. 8:17, Հռոմ. 8:20 և այլն): Եվ սա, բնավ, մարդկության ոչնչացումը չէր (քանի որ արդար Նոյն ու նրա ընտանիքը փրկվեցին և վերածնեցին այն), այլ միայն աշխարհը ողողած չարի բնաջնջումը՝ համաշխարհային ջրհեղեղի միջոցով (Գ Եզեր. 3:8–9, Ա Պետ. 3:20–21):
--------------------------------
[7](Էջմիածին թարգ․) Տէր Աստուած ասաց. «Երկրի երեսից վերացնելու եմ իմ ստեղծած ամէն մի էակ՝ մարդուց մինչեւ անասուն եւ սողուններից մինչեւ երկնքի թռչունները, որովհետեւ զղջացել եմ, որ ստեղծել եմ նրանց»:
(Արարատ թարգ․) Եվ Տերն ասաց. «Երկրի երեսից պիտի ջնջեմ մարդուն, որին ստեղծեցի, մարդուց մինչև անասուն, մինչև սողուն ու մինչև երկնքի թռչուն, որովհետև զղջում եմ, որ ստեղծել եմ նրանց»:
(Գրաբար) Եւ ասէ Տէր Աստուած. Ջնջեցի՛ց զամենայն մարմին զոր արարի յերեսաց երկրի, ի մարդոյ մինչև յանասուն. և ի սողնոց մինչև ի թռչունս երկնից. զի բարկացա՛յ զի արարի զնոսա։