Ծննդոց գրքի մեկնություն 7:17

Ա.Լոպուխին

17-20․ Եվ երկրի վրա քառասուն օր (և քառասուն գիշեր) ջրհեղեղ եղավ, և հորդացավ ջուրն ու բարձրացրեց տապանը, և տապանը կտրվեց երկրից: [17] Ջուրն ավելի ու ավելի վարարեց, ողողեց երկրը, և տապանը լողում էր ջրերի վրա: Եվ ջուրն այնքան սաստկացավ երկրի վրա, որ ծածկեց երկնքի տակ գտնվող բոլոր բարձրաբերձ լեռները: Տասնհինգ կանգուն ավելի վեր բարձրացավ ջուրը, և ծածկեց (բոլոր) լեռները: (Սինոդական թարգ․)

   

   Այս համարներում մեծ հետևողականությամբ պատկերվում է հեղեղի աստիճանական ծավալումն ու ահագնացումը: «Աստիճանականությունը,- ասում է սուրբ Ֆիլարետը,- ճշգրտությամբ և լարվածության ուժով, ցույց է տալիս նկարագրվող գործողությունների վիթխարի չափերը. «ջրհեղեղ եղավ», «հորդացավ ջուրը»,«ջուրն ավելի ու ավելի վարարեց», «ջուրն այնքան սաստկացավ»:

   Եվ երկրի վրա քառասուն օր…ջրհեղեղ եղավ ... Եթե հիմա մեկ-երկու ժամ տևողությամբ ինչ-որ տեղատարափ անձրև, առաջացնում է երբեմն սոսկալի հեղեղումներ և ավերածություններ, ապա հեշտ է պատկերացնել, թե ինչ չափերի ջրային զանգված պիտի առաջացներ քառասուն օրվա տևողությամբ հորդառատ անձրևը: Ավելին` եթե պատկերացնենք, որ մոտավորապես այդքան ջուր էլ երկրի ընդերքից էր դուրս եկել, ապա ջրային այդ անեզր օվկիանոսի պատկերն ավարտուն կդառնա:

   Տասնհինգ կանգուն ավելի վեր բարձրացավ ջուրը, և ծածկեց (բոլոր) լեռները ... Տասնհինգ կանգունը կազմում է շուրջ 25 ոտնաչափ: Արդի գիտնական մեկնիչների մեծ մասի կարծիքով, հարկ չկա այս բառերն հասկանալ բացարձակ իմաստով, թե ջուրն այնքան շատ էր, որ 25 ոտնաչափ էլ գերազանցել էր ամենից բարձր լեռնագագաթները, ինչպիսիք են Հիմալայները, Կորդիլերները: Սա չի կարելի թույլ տալ գլխավորապես այն պատճառով, որ մենք անկարող ենք պատկերացնել, թե ինչի վրա էր պահվում նման խորությունը: Փորձով մենք գիտենք, որ ինչքան էլ մեծ լինի մեզ հայտնի ջրավազանի խորությունը, միշտ, սակայն, նրան շրջապատող ցամաքի գիծը պետք է նրա մակերևույթից փոքր-ինչ բարձր լինի, որ ջուրը կողքերից չթափվի: Հետևաբար, երևակայելով համաշխարհային ջրհեղեղի մասին, մենք ի զորու չենք պատկերացնելու մեր հողագնդի մակերևույթն այն ձևով, որ նա ամբողջությամբ և բացարձակապես ծածկված լինի առանց բացառության միայն ջրով: Սրանով հանդերձ` Աստվածաշնչում հազվադեպ չեն այն օրինակները, երբ ամբողջը վերցվում է մասի փոխարեն, այն է` ամբողջ երկիրը այս կամ այն տեղանքի փոխարեն (Ծննդ. 41:57, Ելք 9:25, 10:15, Գ Թագ,. 10:24, Գործք  2:5): Լիովին կարող է թույլատրելի համարվել, որ այստեղ ևս «ողջ երկիրը» և «բոլոր լեռները»եզրույթների ներքո հասկացվում են հողատարածքներն ու լեռները հենց նույն այն երկրամասի, ինչը նախաստեղծ մարդկանց համար բնակավայր էր ծառայել, և որը տարածված է եղել Տիգրիս ու Եփրատ գետերի ավազանում, որտեղ ամենից բարձր կետը Արարատ լեռն էր: Այսուհանդերձ, Աստվածաշունչը, մասնավորապես` Նոր Կտակարանը, Նոյի ժամանակներում տեղի ունեցած ջրհեղեղը համարում է «համաշխարհային», տիեզերական ունիվերսալության առումով սա համադրելով սպասվելիք այն համաշխարհային աղետի հետ, որն աշխարհին սպառնում է ժամանակաների վերջում, այն է` կրակի միջոցով աշխարհի վախճանը` նախքան նոր երկնքի և նոր երկրի հայտնվելը (Մատթ.24:37 և շարունակությունը, Պետրոսի 2-րդ նամակ 3:5–7, Պետրոսի 1-ին նամակ 3:20):
--------------------------------
[17](Էջմիածին թարգ․) Երկրի վրայ քառասուն օր ու քառասուն գիշեր ջրհեղեղ եղաւ: Յորդացաւ ջուրն ու բարձրացրեց տապանը, եւ տապանը կտրուեց գետնից:
(Արարատ թարգ․) Եվ երկրի վրա քառասուն օր ջրհեղեղ եղավ: Ջրերը շատացան, տապանը շարժեցին, և այն բարձրացավ երկրի վրայից:
(Գրաբար) Եւ փակեա՛ց Տէր Աստուած արտաքոյ նորա զտապանն։ Եւ եղև ջրհեղեղ զքառասուն տիւ և զքառասուն գիշեր ի վերայ երկրի։ Եւ բազմացա՛ւ ջուրն և վերացոյց զտապանն. և բարձրացաւ յերկրէ։