Ա. Լոպուխին
15-17․ Եվ Տեր Աստված Նոյին ասաց.[15]«Դո՛ւրս եկ այդ տապանից դու, քո կինը, քո որդիները և քո որդիների կանայք, դուրս հանիր քեզ հետ նաև բոլոր կենդանիներին, բոլոր տեսակներին՝ թռչուններից մինչև անասունները, և երկրի վրա սողացող բոլոր սողուններին: Թող նրանք սողան երկրի վրա։ Աճեցե՛ք եւ բազմացե՛ք երկրի վրա»։ (Սինոդական թարգ․)
Ինչպես ժամանակին Նոյը մտավ տապան, Աստծո յուրահատուկ կարգադրության համաձայն, այնպես էլ դուրս է գալիս դրա միջից՝ նախապես ստանալով սրա համար աստվածային հայտնություն: Ջրհեղեղի մասին հիշողությունը հնագույն աշխարհի ամենատարածված ավանդություններից մեկն է, ընդ որում, այդ պատմազրույցների մանրամասնությունները հաճախ զարմանալիորեն համընկնում են աստվածաշնչյան ջրհեղեղի պատմության հետ: Ի մասնավորի, պետք է ասել, որ դա հանրահայտ շումերական՝ Իզդուբարի կամ Գիլգամեշի մասին պոեմն է: Այն հայտնաբերվել է հնադարյան սեպաձև արձանագրություններում, որոնք կազմում են, այսպես ասած, «քաղդեացիների ծագումնաբանությունը»: Այս պոեմի և աստվածաշնչյան պատմության զուգահեռ համադրումը ոչ մի կասկած չի առաջացնում դրանց սերտ առնչության վերաբերյալ, իսկ վաղնջականությունն ու սեպաձև տեքստերի վավերականությունն աստվածաշնչյան ջատագովական ուղղությանը տալիս են հզոր միջոց ռացիոնալիստական քննադատության դեմ պայքարելու համար: Այդ մասին ավելի մանրամասն տես Ս.Ս. Գլագոլևի աշխատություններում՝ «Сверхъестественное откровение и естественное богопознание» («Գերբնական հայտնություն և բնական աստվածաճանաչողություն») և «О происхождении человеческого рода» («Մարդկային ցեղի առաջացման մասին»):
Աճեցե՛ք և բազմացե՛ք երկրի վրա... Աստվածային կարգադրության այս բառերի առիթով, որոնք անմիջականորեն վերաբերում են կենդանիներին, նաև՝ մարդկանց, սուրբ Հովհան Ոսկեբերանն ասում է հետևյալը. «Տե՛ս, թե ինչպես է այս արդարը վերստին ստանում այն օրհնությունը, որին արժանացել էր Ադամը նախքան պատվիրանազանցությունը: Ինչպես է նա իր արարումից անմիջապես հետո լսել՝ Աստուած օրհնեց նրանց ու ասաց. «Աճեցե՛ք, բազմացե՛ք, լցրե՛ք երկիրը... » (Ծննդ. 1:28), այժմ էլ այն արդարն է աճում ու բազմանում երկրի վրա, որովհետև ինչպես Ադամն էր մինչև ջրհեղեղը բոլոր ապրողների սկիզբն ու արմատը, այնպես էլ՝ այս արդարը ջրհեղեղից հետո դառնում է, ասես, բոլորի թթխմորը, սկիզբն ու արմատը» (XXVI Զրույց):
--------------------------------
[15](Էջմիածին թարգ․) Տէր Աստուած Նոյին ասաց.
(Արարատ թարգ․) Եվ Աստված խոսեց Նոյի հետ ու ասաց.
(Գրաբար) Եւ խօսեցաւ Տէր Աստուած ընդ Նոյի և ասէ.

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: