Ծննդոց գրքի մեկնություն 9:18

Ա. Լոպուխին

18-19. Նոյի՝ տապանից դուրս եկած որդիներն էին Սեմը, Քամը և Հաբեթը: Քամը Քանանի հայրն էր: (Սինոդական թարգ․) [18] Այս երեքն էին Նոյի որդիները, և սրանց միջոցով բնակեցվեց ողջ երկիրը: (Սինոդական թարգ․)

   

   Այստեղից սկսվում է աստվածաշնչյան նոր բաժինը` Նոյի որդիների ու հետագա սերունդների պատմությունը (եբրայերեն` «Նոյյանների տոլեդոտ»): Ինչ վերաբերում է Նոյի որդիների անունների նշանակությանը, ապա առավել ընդունելի համարված մեկնաբանության համաձայն` Սեմ բառը նշանակում է «նշան, հետք», այստեղից էլ առաջացել է ընդհանրապես «անունը». հավանական է` Քամ բառն էլ նշանակում է «այրող, սև, մուգ, թուխ», իսկ Հաբեթը ` «տարածում»:

   Քամը Քանանի հայրն էր…Ոսկեբերանի բացատրության համաձայն «Սուրբ Գիրքը սրանով կամենում է ցույց տալ Քամի ծայրահեղ անզսպվածությունը, այն առումով, որ ո’չ մեծ պատուհասը (ջրհեղեղ), ո’չ նեղ ու ծանր կյանքը տապանում ի զորու չեղան նրան զսպելու, և այն ընթացքում, երբ ավագ եղբայրը դեռ չէր հասցրել երեխաներ ունենալ, սա Աստծո այդ մեծ ցասման ժամանակ, երբ կործանվում էր ողջ աշխարհը, տրվեց իր մոլի կրքերին` չսանձահարելով դրանք» (Զրույց 28): Սա ինքնին չի բացառում մեկ այլ մեկնություն, ըստ որի` Քանանն այստեղ նշվում է իբրև ներկայացուցիչ քամի այն տոհմերի, որ քանանացիներ անունն ստանալով և հետագայում ապրելով անմիջապես հրեաների հարևանությամբ, բոլորից շատ շփվեցին աստվածընտիր ժողովրդի պատմության հետ: (Ծննդ. 12:6):

   Եվ սրանց միջոցով բնակեցվեց ողջ երկիրը…Հետագայում (Ծննդ.10,11:1,19:31) մենք կտեսնենք այս մտքի ավելի հանգամանալից պարզաբանումը: Այստեղ կարող ենք նշել միայն, որ Սեմի սերունդները (սեմերը) բնակեցրել են Հայաստանը, Միջագետքը, Սիրիան և Արաբիան: Քամի հետնորդները գաղթել են գլխավորապես Աֆրիկա, և, վերջապես, Հաբեթի սերունդները տարածվել են Ասիայի հյուսիսային կողմերում, Հնդկաստանում, ներթափանցել նաև Եվրոպա և գուցե թե մինչև անգամ Ամերիկա: (Դեյան. 17:26):
--------------------------------
[18](Էջմիածին թարգ․) Նոյի՝ տապանից դուրս եկած որդիներն էին Սէմը, Քամը եւ Յաբէթը: Քամը Քանանի հայրն էր:
(Արարատ թարգ․) Եվ Նոյի տապանից դուրս եկած որդիներն էին Սեմը, Քամը և Հաբեթը, և Քամը Քանանի հայրն էր:
(Գրաբար) Եւ էին որդիք Նոյի որ ելին ի տապանէ անտի. Սէմ, Քամ, Յաբեթ. Քամ էր հա՛յր Քանանո