Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 9:28

Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)

«Երբ Նա տուն հասավ, կույրերը մոտեցան Նրան։ Եվ Հիսուս նրանց ասաց. «Հավատո՞ւմ եք, որ Ես կարող եմ դա անել»։ Նրանք ասացին Նրան. «Այո՛, Տե՛ր»»։
   
   Կույրերին Իր հետ տուն տանելով՝ Քրիստոս նաև հարց է ուղղում նրանց: Հիսուս հիմնականում բժշկում էր միայն խնդրանքով, որպեսզի մարդիկ չկարծեին, թե Նա Իր փառասիրությունից ելնելով Ինքն իսկ է նման հրաշքներ կատարելու առիթներ փնտրում, և նաև՝ ցույց տալու համար, որ Իր կողմից բժշկվողներն արժանի էին բժշկության: Ու նաև՝ որպեսզի ականատեսները չասեին, թե եթե Հիսուս բժշկում էր միայն Իր ողորմությամբ, ապա ուրեմն բոլորը պետք է բժշկվեին: Չէ՞ որ նույնիսկ մարդասիրությունը որոշ չափով համաչափվում է բժշկվողների հավատին: Բայց Քրիստոս նրանցից հավատ չի պահանջում միայն այս հիշյալ պատճառներով:

   Քանի որ կույրերը Հիսուսին անվանում էին Դավթի Որդի, ուստի Նա, կույրերին բարձրացնելով դեպի իմացության ավելի վսեմ մակարդակի և սովորեցնելով, թե ինչպիսի ընկալում պետք է ունենալ Փրկչի մասին, հարցնում է նրանց. «Հավատո՞ւմ եք, որ Ես կարող եմ դա անել»:

   Քրիստոս չասաց. «Հավատո՞ւմ եք, որ Ես կարող եմ աղերսել Իմ Հորը, կարող եմ Նրանից խնդրել», այլ ասաց. «Հավատո՞ւմ եք, որ Ես կարող եմ դա անել»:

   Այդուհետ կույրերը Հիսուսին այլևս չեն անվանում «Դավթի Որդի», այլ իրենց միտքն ավելի վեր են բարձրացնում և խոստովանում են Քրիստոսի տիրական իշխանությունը:
   

Հովհաննես Ծործորեցի (†1338)

Երբ նա տուն եկաւ, կոյրերը մօտեցան նրան: Յիսուս նրանց ասաց. «Հաւատո՞ւմ էք, որ ես այդ բանը ձեզ կարող եմ անել»: Նրանք ասացին նրան՝ այո՛, Տէ՛ր:
   
   Երբ տուն եկավ, կույրերը մոտեցան Նրան:

   Առանց հետ դառնալու, ճանապարհի այդքան երկարությունը [կտրելով], մինչև տուն հասան և այն պաղատանքով մոտեցան [Նրան]:

   Հիսուսը հարցրեց նրանց. «Հավատո՞ւմ եք, որ կարող եմ դա անել ձեզ համար»:

   Այս հարցով սպասում է աղաչանքի և ապա բժշկում, որպեսզի չկարծվի, թե հրաշքներ գործելով սնափառությամբ առաջ է նետվում: Նաև ա՛յլ նպատակով. որպեսզի ցույց տա, որ [կույրերն] արժանի էին բժշկության, ինչպես որ Իր չարչարանքների կողքին դարձյալ հրաշագործում էր՝ հրեաներին կորացնելու և առաքյալներին հաստատուն դարձնելու համար: Այլև քանի որ «Դավթի Որդի» էին կանչում, ավելի բարձր ուսուցում է ընծայում՝ այն, թե ի՛նչ է հարկավոր իմանալ Նրա մասին. «Հավատո՞ւմ եք,- ասում է,- որպես Աստծո». ոչ թե՝ «Հավատո՞ւմ եք, որ կարող եմ բարեխոսել Հոր առաջ կամ աղաչել Աստծուն», այլ՝ «[Հավատո՞ւմ եք], որ Ե՛ս իսկ կարող եմ, իբրև Արարիչ, բացել ձեր աչքերը»:
   

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

Երբ նա տուն եկաւ, կոյրերը մօտեցան նրան: Յիսուս նրանց ասաց. «Հաւատո՞ւմ էք, որ ես այդ բանը ձեզ կարող եմ անել»: Նրանք ասացին նրան՝ այո՛, Տէ՛ր:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 9:27