Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 9:30

Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)

30-31. «Եվ նրանց աչքերը բացվեցին, և Հիսուս նրանց խստորեն պատվիրեց. «Տեսե՛ք, ոչ ոք չիմանա»։   «Իսկ նրանք դուրս ելան և Նրա համբավը տարածեցին այդ ողջ երկրով մեկ»։
   
   Այնուհետև, բժշկությունից հետո, Քրիստոս կույրերին հրամայում է ոչ ոքի այդ մասին չպատմել, և ոչ թե պարզապես պատգամում, այլ ամենայն խստությամբ հրամայում է։ Ինչպես ասվում է՝ «Հիսուս նրանց խստորեն պատվիրեց․ «Տեսե՛ք, ոչ ոք չիմանա»: Իսկ նրանք դուրս ելան և Նրա համբավը տարածեցին այդ ողջ երկրով մեկ»։ Այնուամենայնիվ, կույրերը չկարողացան զսպել իրենց, այլ սկսեցին անկաշկանդ քարոզել և ավետարանել՝ չնայած կատարվածի մասին լռելու հրամանին: Այն, որ Քրիստոս մեկ այլ դեպքում ասում է. «Գնա՛ և քարոզի՛ր Աստծու փառքը», դա բնավ չի հակասում սույն պարագայում ասված խոսքերին, այլ բոլորովին համապատասխանում է դրան: Քրիստոս մեզ սովորեցնում է ոչ միայն գովասանքի որևէ խոսք չասել ինքներս մեր մասին, այլև զսպել նրա՛նց, ովքեր կցանկանան գովաբանել մեզ։ Բայց եթե փառք է մատուցվում Աստծուն, ապա մենք ոչ միայն չպետք է խոչընդոտենք դրան, այլև պետք է խրախուսենք այդ փառաբանությունը:
   

Հովհաննես Ծործորեցի (†1338)

Եւ բացուեցին նրանց աչքերը: Եւ Յիսուս նրանց խստիւ պատուիրեց եւ ասաց. «Զգո՛յշ կացէք, ոչ ոք չիմանայ»:
   
   Հիսուսը սաստեց նրանց և ասաց. «Զգո՛ւյշ եղեք, թող ոչ ոք չիմանա»:

   Սրանով պատվում է սեփական անձին մեծարանք չփնտրելը: Նաև սաստով խրատում է [կույրերին] չպարծենալ իրենց անձի արժանավորությամբ, որով եթե հպարտանաք, սատանան կիմանա դա, և վերստին կընկնեք անհավատության կուրության մեջ, որովհետև ինչպես որ խոնարհությունը զգուշությամբ բարձրացնում է, այդպես մեծամտությունը բարձրացածին տապալում է:
   

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

Եւ բացուեցին նրանց աչքերը: Եւ Յիսուս նրանց խստիւ պատուիրեց եւ ասաց. «Զգո՛յշ կացէք, ոչ ոք չիմանայ»:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 9:27