Եզեկիելի մարգարեության մեկնություն 13։6

Ա. Լոպուխի

«Նրանք ունայն բաներ են տեսնում և սուտ գուշակություն են անում՝ ասելով. «Տերն ասաց», մինչդեռ Տերը նրանց չի ուղարկել, և նրանք սպասում են, որ խոսքը կկատարվի»։ (Սինոդական թարգ․)[6]
   
   Հրեաստանին սպառնացող մոտալուտ արհավիրքը կանխելու համար նախորդ համարում հիշատակված ներազդուն միջոցների փոխարեն սուտ մարգարեները դիմում են հանգստացնող, սակայն ակնհայտորեն կեղծ կանխատեսումների և տեսիլքների «օգնությանը»՝ դրանք ներկայացնելով որպես աստվածային ներշնչվածության արդյունք:

   «Ասելով. «Տերն ասաց»» - բառացիորեն ընդօրինակում են ճշմարիտ մարգարեներին, որոնք շատ հաճախ էին կիրառում այս բանաձևը։

   «Եվ սպասում են, որ խոսքը կկատարվի» - Եբրայեցերեն այս արտահայտությունը կարելի է թարգմանել հետևյալ կերպ. «Եվ նրանք հավատում են, որ խոսքը կիրականանա»։ Ելնելով բոլոր տեսակի կանխատեսումների կախարդական զորության հանդեպ այն ժամանակ գերիշխող հավատամքից՝ կեղծ մարգարեները համոզված էին իրենց մարգարեությունների կատարման մեջ, չնայած որ Աստված բոլորովին այլ կերպ էր խոսում ճշմարիտ մարգարեների միջոցով: Հերոնիմոս Երանելին այս հատվածը մեկնաբանում է այսպես․ «Թեև նրանք ցանկանում են ոտքի կանգնել և վեր բարձրանալ, սակայն անկարող են դա անել»։
--------------------------------
[6](Էջմիածին թարգ․) սուտ տեսիլքներ էին տեսնում, սնոտի գուշակութիւններ անում ու ասում էին՝ «Այսպէս է ասում Տէրը»: Բայց ես՝ Տէրս, չէի ուղարկել նրանց: Եւ սկսեցին ուրիշ խօսքեր էլ մէջտեղ գցել:
(Արարատ թարգ․) Նրանք ունայն տեսիլք և սուտ գուշակություն են տեսնում, երբ ասում են. Տերն է ասում, երբ Տերը նրանց չի ուղարկել, և նրանք սպասում են, որ իրենց խոսքը կատարվի։
(Գրաբար) որ տեսանէին զստութիւն, և պատմէին զըղձութիւն սնոտի. որք ասէին. Ա՛յսպէս ասէ Տէր. և ես Տէր ո՛չ առաքեցի զնոսա. և սկսան յարուցանել բանս: