Ա. Լոպուխին
«Եվ Սամարիան քո մեղքերի կեսի չափ չի մեղանչել. դու նրանց գերազանցեցիր քո պղծություններով և քո գործած բոլոր պղծությունների պատճառով քո քույրերն ավելի արդար գտնվեցին, քան դու»։ [51] (Սինոդական թարգ․)
Սամարիայի մասին շատ ավելի քիչ է խոսվում, քան Սոդոմի մասին. Սամարիային տրամադրված է ընդամենը կես համար։ Իսկապես որ, Հյուսիսային թագավորությունում կռապաշտությունը երբևէ այնպիսի զարգացման չի հասել և այնպիսի ծայրահեղությունների չի հանգեցրել (խոսքը մարդկային զոհաբերությունների մասին է), որպիսիք կարելի է հանդիպել Հարավային թագավորությունում։ Բացառություն են կազմում միայն Աքաբի ժամանակները, երբ գերակշռում էր Յահվեի պաշտամունքը՝ միայն թե այդ պաշտամունքը մատուցվում էր հորթերի տեսք ունեցող կուռքերին։ Այն հանգամանքը, որ Սամարիան ավելի լավն էր, քան Երուսաղեմը, հատկապես ցավալի էր հրեաների համար, քանի որ դա խոցում էր վերջիններիս ինքնասիրությունը․ չէ՞ որ հրեաներն Իսրայելի թագավորության արագ անկումը համարում էին որպես Աստծո անբարյացակամության ակնհայտ նշան, որը դրսևորվում էր թե՛ առհասարակ ամենքի և թե՛ մասնավորապես Իսրայելի (Հյուսիսային) թագավորության հանդեպ:
«Ավելի արդար գտնվեցին» - սլավոներենում ավելի ստույգ՝ «դու արդարացրիր քո քույրերին»՝ իհարկե հարաբերական առումով. Երուսաղեմի մեղքերը թույլ տվեցին Սոդոմի և Սամարիայի մեղքերն ավելի մեղմ լույսի ներքո դիտարկել:
--------------------------------
[51](Էջմիածին թարգ․) Շամրինն անգամ քո մեղքերի կէսը չգործեց: Իսկ դու բազմապատկեցիր քո անօրէնութիւնները աւելի, քան նրանք, նաեւ արդարացրիր քո քոյրերին այն անօրէնութեան մէջ, որ ինքդ էլ էիր գործել:
(Արարատ թարգ․) Սամարիան քո մեղքերի կեսի չափ չի մեղանչել. դու նրանցից ավելի շատացրիր քո գարշելի արարքները և քո արած բոլոր պիղծ բաներով արդարացրիր քո քույրերին։
(Գրաբար) Նա՝ և Շամրին զկէս յանցանաց քոց ո՛չ յանցեաւ. և յաճախեցեր զանօրէնութիւնս քո առաւել քան զնոսա, ա արդարացուցեր զքորս քո յամենայն անօրէնութիւնս քո զոր արարեր։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: