Եզեկիելի մարգարեության մեկնություն 23։16

Ա. Լոպուխին 

«Նա սիրահարվեց նրանց իր աչքերի մի հայացքով և պատգամաբերներ ուղարկեց նրանց մոտ՝ Քաղդեա»։ [16] (Սինոդական թարգ․)
   
    «Եվ նա սիրահարվեց նրանց իր աչքերի մի հայացքով» - Հուդայի ծանոթությունը քաղդեացիների շքեղությանն ու ճոխությանը, որը ներկայացված էր պատկերներում, հրեաներին դրդեց քաղաքական և առևտրային հարաբերություններ հաստատել այդ հզոր միապետության հետ: Այս միևնույն ծանոթությունը հետզհետե հանգեցրեց նաև քաղդեական կռապաշտության ընդօրինակման գործընթացին։

   «Եվ պատգամաբերներ ուղարկեց նրանց մոտ՝ Քաղդեա» - պատգամաբերներ սկսել էր ուղարկել դեռևս Աքաաբը (Դ Թագ․ 17:7), բայց, ամենայն հավանականությամբ, այստեղ խոսքն ավելի ուշ ուղարկված մի դեսպանության մասին է, որն առաքվել էր այն բանից հետո, երբ Բաբելոնի տիրապետությունը համաշխարհային նշանակություն էր ձեռք բերել: Հնարավոր է, որ այդ դեսպանությունն ուղարկվել էր Կարքեմիշում Նաբուգոդոնոսորի տարած հաղթանակից հետո։ Այն, որ դրա վերաբերյալ լուրերը չեն պահպանվել, դա միայն ցույց է տալիս, թե որքան են մեր աչքերից քողարկված Հուդայի թագավորության՝ վերջին տասնամյակներում վարած քաղաքականության մանրամասները: Մարգարեն միայն նշում է, որ միաբանության հաստատման առաջին քայլերն արվել են հենց Հուդայի կողմից:
--------------------------------
[16](Էջմիածին թարգ․) իրենց երիտասարդ հասակում պոռնկացան Եգիպտոսում: Այնտեղ ճմռթուեցին նրանց ստինքները, այնտեղ նրանք զրկուեցին իրենց կուսութիւնից:
(Արարատ թարգ․) Նրանք պոռնկություն արեցին Եգիպտոսում, իրենց երիտասարդ ժամանակ պոռնկություն արեցին. այնտեղ ճմլվեցին նրանց կրծքերը, և այնտեղ շոշափեցին նրանց կուսական ստինքները։
(Գրաբար) և պոռնկեցան յԵգիպտոս ‘ի մանկութեան իւրեանց. ա՛նդ անկան ստինք իւրեանց. ա՛նդ արկան ‘ի կուսութենէ իւրեանց: