Եզեկիելի մարգարեության մեկնություն 28։3

Ա. Լոպուխին

«Ահա, դու Դանիելից իմաստուն ես, գաղտնիք չկա, որ ծածկված լինի քեզանից»։ [3] (Սինոդական թարգ․)
   
   Սա մի հատկանշական վկայություն է այն փառքի մասին, որը Դանիելը ձեռք բերեց Նաբուգոդոնոսորի երազների բացատրության շնորհիվ (հմմտ․ Դան․ 4։6): Չնայած որ Եզեկիելը որպես իր մարգարեության ընթերցողներ իր մտքում ուներ հրեա գերիներին, որոնց Դանիելը կարող էր հայտնի լինել ոչ միայն իր իմաստությամբ («դանու» եզրույթը սանսկրիտում նշանակում է «իմաստուն»), այդուհանդերձ մարգարեն, ըստ երևույթին, ենթադրում է, որ այն ժամանակվա արևելքի այս առաջին իմաստունը Տյուրոսի թագավորին նույնպես անհայտ չէր։ Նաբուգոդոնոսորի համաշխարհային համբավն ու նշանակությունը նույնօրինա համբավ ապահովեցին նաև Դանիելի համար:

    «Գաղտնիք չկա, որ ծածկված լինի քեզանից» - սլավոներենում՝ «իմաստությունը քեզ չպատժեց իր խորամանկությամբ» (ուսուցիչների կարիք չունես)։ Եբրայեցերեն «սատում»՝ «գաղտնիք» բառին Յոթանասնից թարգմանությունը տվել է անձնական նշանակություն՝ այն տարընթերցելով, հավանաբար, որպես «Խարտումոմ» (բաբելոնի գիտուններ), իսկ «գամամ»՝ «կապել», «փակել» բառը տարընթերցել են «գամամ» (արամեական բառ)՝ «ճանաչել, հայտնել»։ «Խորամանկություն» բառը հաջորդ համարի առաջին բառի կրկնությունն է։
--------------------------------
[3](Էջմիածին թարգ․) Մի՞թէ դու աւելի իմաստուն ես, քան Դանիէլը, կամ մի՞թէ իմաստուններ են քեզ խրատել իրենց հանճարով:
(Արարատ թարգ․) Ահա դու Դանիելից իմաստուն ես. ոչ մի գաղտնիք մութ չէ քեզ համար։
(Գրաբար) Միթէ իմաստնագո՞յն իցես քան զԴանիէլ, կամ իմաստունք խրատեցին զքեզ հանճարովն իւրեանց ․