Եզեկիելի մարգարեության մեկնություն 28։1

Ա. Լոպուխին

1-2. «Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ»։ [1] «Մարդո՛ւ որդի, ասա՛ Տյուրոսում կառավարողին․ «Այսպես է ասում Տեր Աստված. «Որովհետև սիրտդ բարձրացավ, և դու ասում ես. «Ես աստված եմ, նստում եմ աստծո գահի վրա՝ ծովերի սրտում, և լինելով մարդ և ոչ թե Աստված, դու քո միտքը հավասարեցնում ես Աստծո մտքին»»։(Սինոդական թարգ․)
   

   Մարգարեություն Տյուրոսի թագավորի և Սիդոնի մասին։ Թագավորի մեղքը և պատիժը։ Այդ ժամանակ Տյուրոսի թագավորը Իտոբաալ II-ն էր (I. Fl. S. Arr, 1, 21), բայց քանի որ Տյուրոսի թագավորն ուներ միայն մի աննշան իշխանություն և տիրապետություն, և քանի որ ոչինչ հայտնի չէ ոչ միայն Տյուրոսի, այլ նաև, առհասարակ, սեմական թագավորների՝ իրենք իրենց աստվածացնելու կամ էլ, առավել ևս, իրենց ծագումն աստվածներից բխեցնելու հակումների մասին, ուստի թագավորն այստեղ ընկալվում է (ինչպես Եգիպտոսում՝ փարավոնի վերաբերյալ հետագա մարգարեության մեջ) որպես բուն Տյուրոսի ներկայացուցիչ։ Այդպիսով, ինքնաաստվածացումը, որի համար մարգարեն մեղադրում է Տյուրոսի թագավորին, դա հպարտության միևնույն մեղքն է, որը, այդ մեղքի մյուս դիտանկյունից՝ արտաքին կողմից նկարագրված է 27-րդ գլխում. այստեղ այն դիտարկվում է հոգեբանական, ներքին տեսանկյունից։ Բացի այդ, հին շրջանի մեկնիչներն իրավացիորեն նշում էին, որ շատ հատկանիշներ, որոնք այստեղ վերագրվում են Տյուրոսի թագավորի հպարտությանը, կիրառելի են սատանայի և Աստծուց նրա հեռանալու պատկերը ներկայացնելու համար և, ի դեպ, Տյուրոսի անվան ներքո այն ժամանակ նկատի էր առնվում ամբողջ աշխարհը, որի «իշխանն» այնքան հաճախակիորեն կոչվում էր «սատանա» (Origen, Περι αρχων, Tertul․ Adv. Магс. 2, 10 – մեկնաբանվում է ուղիղ իմաստով, իսկ Հերոնիմոս Երանելին և Թեոդորետոսն այս հատվածի մեկնության մեջ այն դիտարկում են փոխաբերական իմաստով, մինչդեռ Օգոստինոս Երանելին (Ծննդոց 11:25-րդ համարի իր մեկնության մեջ) հերքում է նմանատիպ իմաստը):

   «Կառավարողին» - սլավոներենում՝ «իշխանին»։ Եբրայեցերեն «նագիդ» բառը 12-րդ համարում փոխարինվում է «մելեք» - «թագավոր» բառով, ինչից հետևում է այն, որ այդ կառավարող անձը պետք է որ լինի ավելի մեծ, քան «նասի»-ն՝ «իշխանը»։ Այդ անձի մատնանշումը, ամենայն հավանականությամբ, նպատակ ունի մատնացույց անելու Տյուրոսում թագավորական իշխանության առանձնահատկությունները կամ էլ կարթագենական «սուֆֆեթների» և հրեաների «դատավորների» նման մի բան: Բայց Թագավորաց գրքում այդ կոչումը վերաբերում էր Սավուղին և Դավթին։

   «Ես աստված եմ» - Եզեկիելի համար, որը լեցուն էր Աստծո փառքի հանդեպ նախանձախնդրությամբ, այս արտահայտությունը պետք է որ հատկապես վրդովվեցուցիչ լիներ: Հպարտությունը բնութագրող ցնցող արտահայտություն, որը բացահայտում է նրա բոլոր մթին խորություններն ու սարսափելի էությունը:

   «Աստծո գահի վրա՝ ծովերի սրտում» - Տյուրոսի ծովային դիրքն իր իսկ կարծիքով նրան անհասանելի էր դարձրել, ինչպես որ Աստծո գահն էր։ 103։4-րդ Սաղմոսում Աստված ներկայացված է ջրերի վրա բազմած Էակի կերպարանքով: Տյուրոսացիներն իրենց կղզին սուրբ էին կոչում (Սանհոնիաթոնի երկում)։ Իրենց հատուկ պաշտամունքի յուրաքանչյուր կենտրոնը սրբազան վայր էր համարվում:

   «Միտքը» - սլավոներենում ավելի ստույգ՝ «սիրտը», այսինքն՝ ինքնագիտակցությունը (սեփական ներքին էության հանդեպ ըմբռնումը)։ Երկրի վրա այնպիսի մի վայրում ապրելով, որը կարելի էր համարել Աստծո բնակավայրը՝ Տյուրոսը կարծում էր, որ կարող է գործել և ամբողջությամբ ինքն իրեն տնօրինել իր ընթացքը՝ իր սրտի ցանկությունների համաձայն:
--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) Տէրը խօսեց ինձ հետ ու ասաց.
(Արարատ թարգ․) Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով.
(Գրաբար) Եւ եղև բա՛ն Տեառն առ իս՝ և ասէ.