Ա. Լոպուխին
«Եվ Իմ զայրույթը պիտի թափեմ Սինի՝ Եգիպտոսի ամրոցի վրա, և պիտի ոչնչացնեմ Նովի բազմությունը»։ [15] (Սինոդական թարգ․)
«Իմ զայրույթը պիտի թափեմ» - տե՛ս սույն մարգարեության 7:8-րդ համարը և այլ տեղիներ։ Այս արտահայտությունն ավելի սաստիկ է, քան այն, ինչ հաջորդիվ ասվում է Նովի մասին. «Պիտի ոչնչացնեմ Նովի բազմությունը»։ Եվ առհասարակ սա մի շատ զորեղ արտահայտություն է, որը ցույց է տալիս այլ քաղաքների հետ համեմատած մի ավելի մեծ վնաս, որը պիտի տեղի ունենա պատերազմի հետևանքով, ինչն էլ իր հերթին պայմանավորված է լինելու Սինի ունեցած դիրքորոշմամբ (տե՛ս հաջորդիվ)։
«Սին» - բառացիորեն՝ «կավ», որ ծագում է եգիպտական «իմտ» արմատից, հետևաբար այստեղ պետք է տարընթերցել «Պելուսիում», քանի որ այս անունը նույնպես հունարենում («phloV») նշանակում է «կավ» (P. 803)։ Նրա հավանական տեղագրության մոտակայքում կան ավերակներ, որոնք ներկայումս կոչվում են «Թինե», որ ղպտերենում նշանակում է «ցեխի քաղաք»։ Գտնվելով Նեղոսի արևելյան վտակի վրա՝ այն իր աշխարհագրական դիրքի շնորհիվ հանդիսանում էր Եգիպտոսի բանալին. հարավային անապատը բանակի համար անանցանելի էր, իսկ Պելուսիումի մոտ էլ անցումը դժվար էր ճահիճների պատճառով։ Դրանից բացի, քաղաքից դեպի արևելք կար բարձր սահմանային պարիսպ (Str. I. c. Diod. I, 57)։ Այս քաղաքը մեծ դեր է խաղացել Սենեքերիմի, Կամբիզի, Արտաքսերքսեսի, Օխոսի, Անտիոքոս Եպիփանեսի, Գաբինիոսի, Կեսարի և Օկտավիանոսի արշավանքների ժամանակ և Եգիպտոսի զենքի պահպանության ամենակարևոր պահեստն է եղել (Caes. Bel. civ. III, 108): Յոթանասնից թարգմանության մեջ՝ «Սաին», այսինքն՝ Սաիսը Հյուսիսային Եգիպտոսում՝ Պելուսիումի մոտ։
«Նով» - Չգիտես ինչու, Յոթանասնից թարգմանության մեջ այստեղ արդեն գործածված է «Մեմֆա» (Մեմֆիս) անվանումը, և ոչ թե Դիոսպոլիս, ինչպես այս համարին հարևան 14-րդ և 16-րդ համարներում։
--------------------------------
[15](Էջմիածին թարգ․) Զայրոյթս թափելու եմ եգիպտացիների Սայիս ամրոցի վրայ ու կորստի եմ մատնելու մեմփացիների զօրագնդերը:
(Արարատ թարգ․) Իմ զայրույթը պիտի թափեմ Սինի՝ Եգիպտոսի ամրոցի վրա և պիտի ոչնչացնեմ Նովի բազմությունը։
(Գրաբար) Եւ հեղից զսրտմտութիւն իմ 'ի վերայ Սասիսայ զօրութեանն Եգիպտացւոց, և կորուսից զբազմութիւն Մեմփացւոց:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: