Եզեկիելի մարգարեության մեկնություն 32։17

Ա. Լոպուխին

«Տասներկուերորդ տարում, նույն ամսվա տասնհինգերորդ օրը Տիրոջ խոսքը հասավ ինձ»։ [17] (Սինոդական թարգ․)
   

   Ամիսը նշված չէ։ Այդ ցուցումը, ամենայն հավանականությամբ, կարող էր բաց թողնվել գրագիրների կողմից ա՛յն պարագայում, եթե ամիսը լիներ նույնը, ինչ մարգարեական նախորդ ելույթի դեպքում էր, այսինքն՝ 12-րդ ամսին։ Այդ պարագայում արդեն ներկայիս խոսքը նախորդից «հեռու» կլիներ ընդամենը 15 օրով, ինչը բնական է, եթե նկատի ունենանք այն հանգամանքը, որ այս երկու խոսքերի մեջ բովանդակային առումով սերտ կապ է առկա։ Բայց Յոթանասնից թարգմանության մեջ մատնանշվում է 1-ին ամիսը (իսկ ահա 1-ին համարում առկա տարեթվի մեջ 12-րդ տարին տարընթերցում են «10»-ի կամ «11»-ի, քանի որ երկրորդ ելույթը 12-րդ տարում թողնելու դեպքում դժվարություն կառաջանար հասկանալու, թե ինչո՞ւ է առաջին խոսքի հիշատակությունը հաջորդում երկրորդ ելույթին):
--------------------------------
[17](Էջմիածին թարգ․) Ողբ Փարաւոնի ու Եգիպտոսի վրայ: Տասներկուերորդ տարում, առաջին ամսին, ամսուայ տասնհինգերորդ օրը, Տէրը խօսեց ինձ հետ ու ասաց.
(Արարատ թարգ․) Եվ եղավ տասներկուերորդ տարում՝ առաջին ամսվա տասնհինգերորդ օրը, երբ Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով.
(Գրաբար) Եւ եղև յամին երկոտասաներորդի՝ յամսեանն առաջնում, որ օր հնգետասան էր ամսոյն. եղև բա՛ն Տեառն առ իս՝ և ասէ.