Ա. Լոպուխին
«Մարդո՛ւ որդի, ո՛ղբ բարձրացրու փարավոնի՝ Եգիպտոսի թագավորի մասին և նրան ասա՛. «Դու որպես երիտասարդ առյուծ ես՝ ազգերի մեջ, և որպես հրեշ՝ ծովերում, որ նետվում ես քո գետերի մեջ և ոտքերովդ ալեկոծում ես ջրերն ու տրորում նրանց աղբյուրները»։ [2] (Սինոդական թարգ․)
«Ողբ» - Եսայի մարգարեն իր մարգարեության 14-րդ գլխում ողբ է բարձրացնում Բաբելոնի վրա։ Եզեկիել մարգարեն մեկ ողբ է բարձրացնում Տյուրոսի, մեկ էլ՝ Եգիպտոսի վրա։
«Երիտասարդ առյուծ» - փարավոնին այս կենդանու հետ համեմատում են՝ նկատի ունենալով նրա ցամաքային հզորությունը, իսկ ծովային հրեշի հետ էլ համեմատում են՝ նկատի ունենալով նրա ծովային հզորությունը։
«Հրեշ» - եբրայեցերենում՝ «տօնկիմ», որ նույնական է 29։3—րդ համարում կիրառված եզրույթի հետ, որն այնտեղ թարգմանվել է «կոկորդիլոս»։ Յոթանասնից թարգմանության մեջ և Վուլգաթայում թե՛ այստեղ և թե՛ այնտեղ թարգմանված է «օձ», «drakwn», «draco»։ Այս «հրեշի» հետագա նկարագրության որոշ առանձնահատկություններ թույլ են տալիս կարծել, որ Եզեկիելը կոկորդիլոսի կերպարին միացնում է նաև գետաձիու կերպարը:
«Նետվում ես» - բառացիորեն՝ «փրփուր ես արձակում», այսինքն՝ քո քթանցքներից փրփուր ես փչում.․․ Երբ կոկորդիլոսը դուրս է ելնում ջրերի խորքից, նա իր քթանցքներով ջուր է բաց թողնում։ Եզեկիելն այստեղից է վերցնում համապատասխան պատկերը՝ փարավոնի հպարտությունը նկարագրելու համար։ Եգիպտոսը հպարտանում էր իր առատ ոռոգմամբ և իր այդ ջրերի միջով բազմաթիվ զորքեր տեղափոխելով, այդպիսով ալեկոծում էր ջրերը: Եգիպտոսի նվաճողական կիրքը և՛ ոչնչացրեց նրա զորությունը, և՛ գրգռեց հարևան ժողովուրդներին:
--------------------------------
[2](Էջմիածին թարգ․) «Մարդո՛ւ որդի, ողբա՛ եգիպտացիների արքայ Փարաւոնի վրայ ու ասա՛ նրան. «Առիւծացար ազգերի մէջ եւ վիշապի նմանուեցիր ծովում: Մարտնչում էիր քո գետերի դէմ, սմբակիդ տակ պղտորում էիր ջրերը, ոտնակոխ էիր անում գետերը»:
(Արարատ թարգ․) «Մարդո՛ւ որդի, ո՛ղբ բարձրացրու Եգիպտոսի փարավոն թագավորի մասին և նրան ասա՛. Ազգերի մեջ դու առույգ առյուծի էիր նմանվում, դու ծովերում վիշապի նման էիր. դու սլանում էիր քո գետերում, ոտքերովդ ալեկոծում էիր ջուրը և պղտորեցնում էիր նրանց գետերը։
(Գրաբար) Որդի մարդոյ՝ ո՛ղբս առ ‘ի վերայ փարաւովնի արքային Եգիպտացւոց՝ և ասասցես ցնա. Առիւծացար ‘ի մէջ ազգաց, և նմանեցար վիշապի՛ ‘ի մէջ ծովու. և ոգորէիր ընդ գետս քո, և առ սմբակ պղտորէիր զջուրսն, և առաթո՛ւր կոխա՛ն առնէիր զգետս քո։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: