Եզեկիելի մարգարեության մեկնություն 32։5

Ա. Լոպուխին

«Եվ քո մարմնի միսը պիտի ցրեմ լեռների վրա, և ձորերը պիտի լցնեմ քո դիակներով»։ [5] (Սինոդական թարգ․)
   

   Այստեղ մարգարեի մտքի առջև հառնում են պատերազմում զոհված եգիպտացի մարտիկների դիակները, որոնք լցնում են լեռներն ու ձորերը: Հիպերբոլիան (չափազանցությունը) այստեղ հասցված է ապշեցուցիչ չափերի․ սպանված ծովահրեշի մսով է լցվելու ոչ միայն ծովի ափը, այլ նաև՝ հեռավոր լեռներն ու ձորերը։

   «Դիակներով» - եբրայեցերեն բառի իմաստը հստակ չէ․ «ռամմութ» բառը նույնարմատ է «ռիմմա» բառի հետ, որ նշանակում է «որդ», ինչից էլ կարող ենք բխեցնել «լեշ» իմաստը։ Յոթանասնից թարգմանությունը տարընթերցել է «դամ» (որ գրելաձևով նման է) – «արյուն» իմաստով։ Սրանից հետևելով էլ՝ Վուլգաթան թարգմանում է «sanies» - դեղնավուն հեղուկ։ Այդ պարագայում պատկերն ավելի արտահայտիչ է ստացվում. ձորերի խոռոչները, ինչպես գավաթներ, կլցվեն այդ դեղնավուն հեղուկով, որ սովորաբար ցայտում է արյան հետ մեկտեղ։ Հատկանշական է, որ սեպագիր արձանագրություններում առկա են այնքան նման արտահայտություններ, որ ոմանք ենթադրում են, որ Եզեկիելը փոխառել է դրանք։ Օրինակ՝ Թիգլաթ-Պալասար Առաջինի թողած արձանագրություններում ասվում է (Соll. III, 53-56). «Նրանց մարտիկների դիակները ես դիզեցի լեռների բարձունքների վրա և նրանց մարտիկների արյունը հեղեցի կիրճերում» (Muller, Ez. - Stud. 56-58): Այս նմանությունը, ինչպես տեսնում ենք, բառացի չէ և միանգամայն բացատրվում է բովանդակության ընդհանրության հանգամանքով։
--------------------------------
[5](Էջմիածին թարգ․) Մարմինդ գցելու եմ լեռների վրայ ու ձորերը լցնելու եմ քո արիւնով:
(Արարատ թարգ․) Եվ քո մարմինը սարերի վրա պիտի դնեմ և քո դիակներով լցնեմ ձորերը։
(Գրաբար) Եւ տաց զմարմինս քո ‘ի վերայ լերանց, և լցուցից զձորս յարենէ քումմէ.