Եզեկիելի մարգարեության մեկնություն 40։14

Ա. Լոպուխին

«Իսկ սյուները նա հաշվեց վաթսուն կանգուն, յուրաքանչյուր սյունը՝ գավթի և դարպասի մոտ»։ [14] (Սինոդական թարգ․)
   

   «Իսկ սյուները նա հաշվեց վաթսուն կանգուն» - բառացիորեն՝ «Եվ կառուցեց սյուները, որոնք 60 կանգուն էին»։ Նախևառաջ անհասկանալի է, թե ինչու է այս գլուխներում ամենուր գործածվող «չափել» բայը այստեղ փոխարինվել «կառուցել» բայով՝ այն դեպքում, երբ տաճարը կարծես թե արդեն պատրաստ է, և միայն դրա չափումներն են կատարվում։ Մեկնաբանները կարծում են՝ ա՛յն պատճառով, որովհետև այստեղ նշվում է սյուների բարձրությունը, իսկ այդ բարձրությունն անկարելի էր չափել եղեգով, ինչով որ մինչև այժմ կատարվում էր ամեն կառույցի չափումը, այլ հարկ էր այդ բարձրությունը որոշել մեկ այլ, ստույգ չնշված մի եղանակով։ Այնուհետև անհասկանալի է այն, թե խոսքը հատկապես ո՛ր սյուների մասին է՝ սենյակների միջև գտնվող սյուների՞ (10-րդ համար), թե՞ նախասրահի 2 սյուների մասին (9-րդ համար)։ Ավելի շուտ, կարծես թե, այստեղ խոսվում է նախասրահի 2 սյուների մասին, քանի որ միայն դրանք կարող էին այդպիսի չափազանց մեծ բարձրություն ունենալ (տաճարի ամբողջ նկարագրության մեջ 60 թիվը որևէ այլ տեղում երբևէ չի հիշատակվում)՝ ծառայելով որպես դարպասի օբելիսկներ («օբելիսկ» - հետզհետե նեղացող քարե սյունանման կոթող․ Սողոմոնի տաճարում այդպիսի «դեր» ունեին Յաքինը և Բոազը): Եվ վերջապես, հստակորեն չի սահմանվում, թե սյուների ո՛ր չափումն է տրված 60 կանգուն թվով. միայն այս թվի մեծությունն է այստեղ մեզ ստիպում ենթադրել, որ խոսքը բարձրությա՛ն չափումի մասին է․․․
--------------------------------
[14](Էջմիածին թարգ․) Դռան կամարի թռիչքը, դռան շուրջը գտնուող խուցերի հետ, վաթսուն կանգուն էր:
(Արարատ թարգ․) Սյուները վաթսուն կանգուն արեց. նաև գավիթի սյուները դարպասներում՝ շուրջբոլորը։
(Գրաբար) Եւ զմիջոց կամարի դրանն, և զկոզակս նորին 'ի վաթսուն կանգնոյ շուրջ զդրամբն. և զմիջոց սրահին արտաքնոյ,