Եզեկիելի մարգարեության մեկնություն 40։44

Ա. Լոպուխին

«Ներքին դարպասից դուրս սենյակներ կային երգիչների համար․ ներքին գավթում՝ հյուսիսային դարպասի կողքին, մեկը դեմքով նայում էր դեպի հարավ, իսկ մյուսը՝ հարավային դարպասի կողքին, դեմքով նայում էր դեպի հյուսիս»։ [36] (Սինոդական թարգ․)
   
    Այս համարի եբրայեցերեն տեքստում խոսվում է երգիչների համար նախատեսված սենյակների մասին, ինչը կարող է վկայել, որ նկարագրվող գալիք ժամանակաշրջանում ամենքը երգելու և ուրախանալու են։ Բայց նկատի ունենալով այն հանգամանքը, որ նշյալ սենյակները, ինչպես երևում է 45-րդ և 46-րդ համարներից, նախատեսված էին արդեն քահանաների համար, որոնց Եզեկիելը, նույնպիսի խստությամբ, որպիսի խստությամբ որ դա անում էր Մովսիսական օրենքը, առանձնացնում է ղևտացիներից (երգիչներից և պահակներից) և հաշվի առնելով նաև եբրայեցերեն տեքստում այս համարին առնչվող մյուս անճշտությունները՝ ներկայումս մեկնաբանները բոլորը միաձայն այս հատվածի վերաբերությամբ հետևում են Յոթանասնից թարգմանության առաջարկած տարընթերցմանը՝ «շարիմ» - «երգիչներ» բառի փոխարեն տարընթերցելով «շետայիմ» - «երկու» (սենյակներ) արտահայտությունը:

    «Ներքին դարպասից դուրս» - թե հատկապես որ դարպասի մասին է խոսքը՝ չի ասվում։ Մինչդեռ հաջորդող խոսքերից պարզ է դառնում, որ նկարագրվող սենյակները գտնվում էին հյուսիսային և հարավային դարպասների մոտ։ Յոթանասնից թարգմանությունն ավելի հասկանալի է․ «Եվ ինձ տարավ ներքին գավիթը»։

    «Սենյակներ» - եբրայեցերենում՝ «լիշկոտ» («ներառել», «պարունակել» արմատից), հունարենում՝ «exedpaι» - տան դիմաց գտնվող վերնածածկ մուտք՝ հագեցած նստատեղերով։ Սլավոներենում՝ «խոչընդոտներ» («փակուղիներ»), ասել է թե՝ անանցանելի սենյակներ՝ ի տարբերություն «ֆեե»-ների, որոնք անցանելի էին։ (Fartusov. Plans and facades of Noah’s Ark, the Tabernacle of Moses, 1 and 2 Jerusalem Temples and Solomon’s Palace. M. 1909, 4)։ Վուլգաթայում՝ «gazophylacia» (զարդերի համար նախատեսված գանձարան)․․․

    «․․․կողքին․․» - սլավոներենում՝ «Դարպասի հետևի կողմի հանդիպակաց կողմում», այսինքն՝ դարպասի ա՛յն մասում, որը դուրս է գալիս դեպի ներքին գավիթը։ Ինչպես երևում է հաջորդող խոսքերից՝ այստեղ ակնարկվում է այս և այն դարպասների արևելյան պատի մասին․․․

    «Մեկը դեմքով նայում էր դեպի հարավ» - (եբրայեցերենում ակնհայտ սխալ կա՝ «դեպի արևելք»․ «գադդարոմ»-ի փոխարեն տարընթերցվել է «գակկադիմ»։ Գուցե սա դարպասի արևելյան պատի (որի մոտ գտնվում էին սենյակները) վերաբերյալ տրված ցուցումի մնացուկն է), իսկ մյուսը՝ «դեմքով նայում էր դեպի հյուսիս»։ Այդպիսով՝ սենյակներն իրենց դիմահատվածներով, այսինքն՝ ֆրոնտոններով՝ իրենց դռներով, մեկմեկու դեմ հանդիման են դարձել և ուղղվել են դեպի գավթի միջնահատվածը՝ դեպի զոհասեղանը (հմմտ․ 46-րդ համար)։ Սլավոներենում՝ «Դեպի հյուսիս նայող դարպասները» (այսինքն՝ հարավային դարպասները) ուղղված էին դեպի հյուսիս՝ դեպի սենյակ մուտքով։
--------------------------------
[44](Էջմիածին թարգ․) Ինձ տարաւ ներքին գաւիթը: Ներքին գաւիթն ունէր երկու պատշգամբ, մէկը հարաւային դռան կողմը, որ հիւսիս էր նայում եւ հարաւ դուրս բերում, միւսը՝ հիւսիսային դռան կողմը, որ հարաւ էր նայում ու հիւսիս դուրս բերում:
(Արարատ թարգ․) Դրսում՝ ներքին դարպասի մոտ, երգողների սենյակներն էին, ներսի գավիթում, որը հյուսիսային դարպասի կողքին էր, և նայում էին դեպի հարավ, և մյուսը՝ արևելյան դարպասի կողքին, դեպի հյուսիս էր նայում։
(Գրաբար) Եւ տարաւ զիս 'ի սրահն ներքին. և ահա երկու պատշգամք 'ի ներքոյ սրահին, մի ընդ հարաւո՛յ դրանն որ հայէր ընդ հիւսւսի, և հանէր ընդ հարաւ. և մի ընդ հիւսւսոյ դրանն որ հայէր ընդ հարաւ, և հանէր ընդ հիւսւսի: