Եզեկիելի մարգարեության մեկնություն 40։46

Ա. Լոպուխին

«Իսկ այն սենյակը, որը նայում է դեպի հյուսիս, այն քահանաների համար է, որոնք զոհասեղանը հսկելու ծառայությունն են կատարում։ Նրանք Սադովկի որդիներն են, որոնք Ղևիի ա՛յն որդիներից են, որոնք մոտենում են Տիրոջը, որպեսզի ծառայեն Նրան»։ [46] (Սինոդական թարգ․)
   
    Ձախակողմյան սենյակը, որը նայում էր դեպի հյուսիս, նախատեսված էր ոչ այնքան պատվաբեր պարտականություններ ունեցող քահանաների համար, որոնք պատասխանատու էին ներքին գավթում գտնվող զոհասեղանի հսկողության համար։ Ուստի և այս «դասի» քահանաների իրավասությունների շրջանակը չէր տարածվում գավթից այն կողմ և որևէ կերպ չէր առնչվում սրբազան կառույցին։ Քանի որ մարգարեն առաջին անգամ է, որ հիշատակում է քահանաներին, ուստի նա նշում է այս դասակարգին պատկանող անձանց ցեղային կազմի մասին։ Մովսեսի օրենքի համաձայն՝ քահանայության իրավունք էր տրվում Ահարոնի բոլոր անմիջական հետնորդներին՝ ելնելով պատմական այն հանգամանքներից, որոնք հիշատակված են Եզեկ․ 44։15-րդ համարում (հմմտ․ Գ Թագ․ 2։36, 27, 35, Ա Մնաց․ 29։22), ինչը սահմանափակում էր քահանայության իրավունք ունեցող անձանձ շրջանակը միայն Սադոկի հետնորդների մեջ։ Ղևիի ամբողջ ցեղից միայն նրանք էին, որ պահպանեցին Աստծուն մոտենալու այն առանձնահատուկ իրավունքը, որը քահանաներն «իրացնում» են սրբարանում և զոհասեղանի շուրջ իրենց մատուցած ծառայության ժամանակ:
--------------------------------
[46](Էջմիածին թարգ․) իսկ հիւսիս նայող պատշգամբը՝ այն քահանաների համար, որոնք խորանի ծառայութիւնն են կատարում: Դրանք Սադոկի որդիներն են, ղեւտացիների ցեղից, որոնք կարող են մօտենալ՝ Տիրոջը պաշտամունք մատուցելու»:
(Արարատ թարգ․) և այն սենյակը, որ դեպի հյուսիս է նայում, զոհասեղանի ծառայությունը կատարող քահանաներինն է։ Նրանք Սադովկի որդիներն են՝ Ղևիի որդիներից. միայն նրանք են մոտենում Տիրոջը՝ նրան ծառայելու»։
(Գրաբար) Եւ պատշգամն որ հայի ընդ հիւսւսի ՝ քահանայիցն եղիցի որ պահեն զպահպանութիւն սեղանոյն. նոքա են որդիք Սադովկայ ՝ որ մերձենան 'ի Ղևտացւոց անտի պաշտել զՏէր։