Եզեկիելի մարգարեության մեկնություն 41։6

Ա. Լոպուխին

«Կողային սենյակները երեսուներեքն էին՝ մի սենյակը մյուս սենյակի կողքին. դրանք կցված էին շուրջանակի՝ տաճարի ա՛յն պատին, որն այդ սենյակների համար էր, այնպես որ դրանք (սյուները) կապված էին դրա (այդ պատի) հետ, բայց բուն տաճարի պատերին չէին դիպչում»։[6] (Սինոդական թարգ․)
   

    «Կողային սենյակները», որոնք պետք է որ նախատեսված լինեին սրբազան սպասքը և ընծայաբերությունները պահելու համար, «երեսուներեքն էին՝ մի սենյակը մյուս սենյակի կողքին»։ Բառացիորեն՝ «և կողային սենյակները՝ սենյակը սենյակի կողքին, երեք և երեսուն անգամ»: Սույն արտահայտությունը կարելի է հասկանալ ոչ միայն «33» իմաստով։ «Անգամ», եբրայեցերենում՝ «պեամիմ» բառն այստեղ ավելորդ է․․․ուստի կարելի է եզրակացնել, որ այս արտահայտությունը կարող է նշանակել՝ «սենյակների վերևում 3 սենյակներ կային, և դա 30 անգամ»։ Իսկ սա էլ համապատասխանեցնելով Յոթանասնից և մյուս հնագույն թարգմանությունների հետ՝ ստացվում է «3» և «30»։ Այսինքն՝ «30 սենյակ կար, և սա՝ 3 անգամ», այսինքն՝ 3 հարկերից յուրաքանչյուրում կար 30 սենյակ։ Սողոմոնի տաճարում նմանօրինակ սենյակների թիվը հիշատակված չէ (Գ Թագ․ 6:8)։ Թալմուդն այստեղ հաշվում է 38 սենյակներ՝ 15-ը հյուսիսում, 15-ը՝ հարավում, և 8-ը՝ արևմուտքում։ Իսկ ահա Թարգումը Եզեկիելի տաճարում հաշվում է 33 սենյակներ՝ յուրաքանչյուր հարկում 11 սենյակ: Նկատի ունենալով այս ավանդույթը և թարգմանությունների համաձայնությունը 33 թվի հետ (Յոթանասնից թարգմանության մեջ նույնպես՝ «երեսուներեք սենյակ») սույն կաղապարի հասկացողության հարցում չի կարելի պաշտպանել 30 x 3-ի տեսակետը: Եվ բացի դա՝ շատ ավելի հեշտ է տաճարի ամբողջ պատի երկարությունը բաժանել 33 սենյակների միջև, քան թե՝ 30-ի միջև․․․Այնուամենայնիվ, թե՛ 30-ը, և թե՛ 33-ը խորհրդանշական թվեր են։ Հաջորդիվ ցույց է տրվում, թե սենյակներն ինչ առնչություն ունեին տաճարի պատի հետ։

    «Դրանք կցված էին շուրջանակի՝ տաճարի ա՛յն պատին, որն այդ սենյակների համար էր» - բառացիորեն՝ «և դրանք մտնում էին այն պատի (պարսպի) մեջ, որը տաճարի համար («լէ») է՝ շուրջը եղող սենյակների համար»: Այստեղ խոսվում է մեկ այլ պատի մասին, որի լայնությունը նշված է 9-րդ համարում։ Ինքը՝ տաճարի պատը դժվար թե մատնանշվեր այդքան շատ բառերի կիրառության «միջոցով»։ Դեռ ավելին, հետագայում էլ ասվում է, որ սենյակները չէին դիպչում բուն տաճարի պատին։

    «Այնպես որ դրանք (սյուները) կապված էին դրա (այդ պատի) հետ, բայց բուն տաճարի պատերին չէին դիպչում» - հմմտ․ Գ Թագ․ 6։6․․․ Վուլգաթայում՝ «et erant eminentia», ինչից ենթադրվում է, որ սենյակի լայնակի պատերը՝ տաճարի պատից ձգվող հենարանների տեսքով, որոնք որպես բաժանարար էին ծառայում սենյակների միջև, ոչ միայն հասնում էին կողային հավելադրված կառույցների արտաքին պատին, այլ նաև որոշակիորեն դուրս էին ցցվում այդ պատի եզրագծից։
--------------------------------
[6](Էջմիածին թարգ․) մի կողմից միւսը՝ երեսուներեք կանգուն: Տաճարի որմերի եւ բոլորաձեւ կից շինութիւնների միջեւ կար մի անջրպետ, որպէսզի նրանք, ովքեր ուզենային նայել ցած, ընկնէին ու երբեք չմօտենային տաճարի որմին:
(Արարատ թարգ․) Եվ կողմնակի սենյակները՝ երեք սենյակ սենյակի վրա երեսուն անգամ. քիվեր կային երեսուն անգամ. քիվեր կային շուրջանակի տաճարի պատի մեջ, որ շինված էին այդ սենյակների համար, որ հենվեին, առանց տաճարի պատին հենվելու։
(Գրաբար) և 'ի կողմանէ' ի կողմ երեսուն և երիս կանգունս կրկին. և անջրպետ 'ի մէջ որմոց տաճարին շուրջանակի շուրջ զկողմամբքն. զի լինիցի ա՛յնոցիկ որք անկանիցին զնոքօք հայել. և ամենևին մի՛ մերձենայցեն յորմ տաճարին։