Ա. Լոպուխին
«Եվ ասաց նա ինձ. «Հյուսիսի սենյակները և հարավի սենյակները, որոնք հրապարակի դիմաց են, սուրբ սենյակներ են, որոնցում Տիրոջը մոտեցող քահանաները պիտի ուտեն սրբազան զոհաբերությունները․ հենց այնտեղ նրանք պիտի դնեն սրբազան զոհաբերությունները, և առաջավորության հացը, ու մեղքի համար մատուցվող զոհաբերությունը ու հանցանքի համար մատուցվող զոհաբերությունը, որովհետև այդ տեղը սուրբ է»»։ [14] (Սինոդական թարգ․)
«Երբ քահանաներն այնտեղ մտնեն, նրանք այդ սուրբ տեղից դուրս չպիտի գան դեպի արտաքին գավիթը, մինչև որ այնտեղ չթողնեն իրենց զգեստները, որոնցով ծառայում էին, որովհետև դրանք սուրբ են. նրանք պետք է հագնեն ուրիշ հագուստներ և հետո միայն դուրս գան ժողովրդի մոտ»։
բ) Սրբազան սենյակների երկրորդ նշանակությունը քահանաների համար որպես «հանդերձարան» ծառայելն էր: Այդ սենյակներում քահանաները գավիթ՝ ժողովրդի առջև դուրս գալուց առաջ պետք է հանեին այն սրբազան հագուստները, որոնցով նրանք աստվածապաշտություն էին կատարում, որպեսզի, ինչպես որ հավելում է Եզեկ․ 44:19-րդ համարը, «իրենց սրբազան հագուստով չդիպչեն ժողովրդին» (և ժողովրդի մեջ մտնելով՝ զերծ լինեն որևէ տեսակի պատահական պղծության ենթարկվելուց)։ Անկասկած հենց այս նույն սենյակներում, չնայած որ այստեղ ինչ-ինչ պատճառներով այդ մասին ոչինչ չի ասվում, քահանաները նաև զգեստավորվո՛ւմ էին՝ հագնելով իրենց այն հագուստները, որոնցով պետք է աստվածապաշտություն կատարեին (համաձայն Եզեկ․ 44:17-րդ համարի վկայության՝ այդ «զգեստափոխությունը» կատարվում էր «ներքին գավթի դարպասի մոտ»): Այսպիսի խնամքով քահանաները պաշտպանվում էին ոչ միայն մեղքի ախտից, այլ նաև աշխարհային ամեն տեսակի հարձակումներից, որքան էլ դրանք անմեղ ու մաքուր լինեն։ Այդպիսով Աստվածության գաղափարը պետք է «պաշտպանված» լինի իր հետ ամեն տեսակի «արարածային» շփումից։ Այս նույն կերպ Աստվածության գաղափարը «պաշտպանվում» է նաև քրիստոնեության մեջ, իսկ մասամբ էլ նաև՝ հետաքսորական շրջանի հուդայականության մեջ:
«Երբ քահանաներն այնտեղ մտնեն» - եբրայեցերենում այս միտքն արտահայտվում է ավելի հակիրճ՝ «bevoam» բառի միջոցով՝ «նրանց մուտքի ժամանակ»։
«Եվ հետո միայն դուրս գան ժողովրդի մոտ» - բառացիորեն՝ «Եվ հետո մոտենում են նրան, ինչ ժողովրդի մեջ է»: Քահանաները միայն իրենց աստվածապաշտական զգեստները հանելուց հետո կարող են հաղորդակցվել ժողովրդի և այն ամենի հետ, ինչը «պատկանում» է ժողովրդին՝ սկսած մարդկանց գտնվելու վայրից մինչև նրանց բերած պարագաները, և այդպես շարունակ։ Յոթանասնից թարգմանության մեջ այսպես է․ «Ու ոչ ոք, բացի քահանաներից, թող չմտնի այնտեղ, և [քահանաները] թող դուրս չգան սրբարանից (ամենաուղիղ ուղիղ իմաստով, այսինքն՝ քահանայական սենյակներից դեպի արտաքին գավիթ դուրս չգան)», որովհետև նրանք սրբություններ են մատուցում («prosagonteV» կարող է նշանակել նաև «մոտենալ», այսինքն՝ «մոտենալ Աստծուն», որ համապատասխանում է եբրայեցերեն «karav» - «մոտենալ» բառին), և թող որ (ուրիշները) չդիպչեն նրանց զգեստներին, որոնցով նրանք ծառայություն են մատուցում, որովհետև դրանք սուրբ են, ուստի ժողովրդին մոտենալիս թող որ ուրիշ հանդերձներ հագնեն»։
--------------------------------
[14](Էջմիածին թարգ․) ու ոչ ոք, բացի քահանաներից, չի մտնելու այնտեղ: Սրանք էլ այն սուրբ տեղից պէտք չէ որ դուրս գան արտաքին գաւիթը, որպէսզի ամէն անգամ որ Տիրոջ մերձենան՝ սուրբ մնան, ժողովրդին մօտենան իրենց պատմուճաններով, որոնցով պաշտամունք են մատուցում, որովհետեւ սուրբ են դրանք, այլ ժողովրդին մօտենալիս ուրիշ հանդերձներ հագնեն»:
(Արարատ թարգ․) Երբ քահանաներն այնտեղ մտնեն, սուրբ տեղից դուրս չպիտի գան դեպի արտաքին գավիթը, այլ այնտեղ պիտի դնեն իրենց զգեստները, որոնցով նրանք պաշտոն են մատուցում, որովհետև դրանք սուրբ են. թող ուրիշ հագուստներ հագնեն և մոտենան ժողովրդին վերաբերող բաներին»։
(Գրաբար) Եւ մի՛ ոք մտցէ անդր, բա՛ց 'ի քահանայիցն։ Եւ ո՛չ ելանիցեն 'ի սրբութենէ անտի 'ի սրահն արտաքին. զի յամենայն ժամանակի որ մերձենանն ՝ սո՛ւրբ կացցեն. և մի՛ մատչիցին 'ի պատմուճանս իւրեանց որով պաշտիցինն, զի սո՛ւրբ է այն. և զգեցցին ա՛յլ հանդերձ յորժամ մերձենայցեն 'ի ժողովուրդն:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: