Եզեկիելի մարգարեության մեկնություն 44։31

Ա. Լոպուխին

«Քահանաները չպիտի ուտեն որևէ մի լեշ կամ գազանների կողմից բզկտված որևէ սատկած բան՝ լինի դա թռչուն, թե անասուն»։ [31] (Սինոդական թարգ․)
   
    Քահանաների սնվելուն վերաբերող դրական (հաստատական) պահանջը զուգակցվում է բացասական (ժխտական) պահանջի հետ. հավասարապես արգելվում է ուտել թե' կենդանիների, և թե' թռչունների կողմից պատառ-պատառ արված «nevela» - «դիակ», «լեշ», և «trefa» - «բզկտված» (կենդանիների կողմից) որևէ բան: Դա անելն արգելվում է նաև, առհասարակ, բոլոր իսրայելացիներին՝ համապատասխանաբար Ելից 22:20-րդ և Բ Օրին. 14:21-րդ համարներով, բայց աշխարհիկ մարդկանց համար այդ արգելքն այնքան խիստ չէ, որքան քահանաների պարագայում է. ըստ Ղևտ. 17:15-րդ, 16-րդ և 11:39-րդ ու 40-րդ համարների` ով այդպիսի մի բան է ուտում, անմաքուր է դառնում մինչև երեկո, հետևաբար, աշխարհականի դեպքում այդպիսի կերակուր ուտելու պատճառով անզգուշորեն պղծվելը ներելի զանցանք է համարվում: Մինչդեռ քահանայից ակնկալվող առանձնահատուկ սրբությունը, թե' ըստ Եզեկիելի, և թե' նաև ըստ Մովսեսի օրենքի (Ղևտ. 22:8), պահանջում է անվերապահ զգուշություն ցուցաբերել այս հարցում:

--------------------------------
[31](Էջմիածին թարգ․) Քահանաները չեն ուտելու որեւէ մեռելոտի, լինի գազան, յօշոտած թռչուն կամ անասուն»:
(Արարատ թարգ․) Քահանաները ոչ մի սատկած կամ բզկտված թռչուն թե անասուն չպիտի ուտեն»։
(Գրաբար) Զամենայն զմեռելոտի և զգազանաբեկ, ‘ի թռչնոց և յանասնոց, մի՛ ուտիցեն քահանայքն: