Ա. Լոպուխին
«Սրանք են ցեղերի անունները։ Հյուսիսային ծայրամասում Եթլոնի ճանապարհի մոտով, որը տանում է դեպի Եմաթ, Ասար-Ենան՝ Դամասկոսի հյուսիսային սահմանից՝ Եմաթի ճանապարհով. այս բոլորը` արևելքից մինչև ծով, Դանի մեկ բաժինն է»։ [1] (Սինոդական թարգ․)
Իսրայելի ցեղերի տեղագրությունը ապագա Սուրբ Երկրում` տաճարի և քաղաքի հետ հարաբերության պայմաններում: Ինչպես որ ապագայում համաչափված և ընդարձակված սահմաններ ունեցող Սուրբ Երկրում տաճարը համարվելու է պտղաբերության աղբյուր, այդպես էլ այդ նույն տաճարը և տաճարի հետ սերտորեն փոխկապակցված քաղաքը ծառայելու են որպես քաղաքի բնակչության կենտրոնատեղի ու ելակետ` Սուրբ Երկրի տարածքը Իսրայելի ցեղերի միջև բաժանելու գործում: Որպես կատարյալ մի երկիր` ապագայի Սուրբ Երկիրը ներկայացվում է իր երկայնքով ճշգրտորեն հյուսիսից դեպի հարավ ձգվող մի «քառակուսի» տարածք, որն արևելքից-արևմուտք տարածվող զուգահեռների երկայնքով ձգվելով` բաժանվում էր 12 հավասար հատվածների, որոնցից յուրաքանչյուրը նախատեսված էր մեկ ցեղի համար (Իսրայելի այդ 12 ցեղերը, որպես իդեալականացված ցեղեր, միմյանց նույնական են համարվում նաև իրենց բնակչության թվաքանակով. դրա հակառակ պատկերն է, սակայն, Թվ. 26:53-56-րդ համարներում և 33:54-րդ համարում): Յուրաքանչյուր ցեղի զբաղեցրած դիրքը նշվում է սրբազան հողակտորից (բաժնից, այն է` Սրբարանից) ավելի մոտ կամ ավելի հեռու լինելու իրողությամբ, ինչն էլ կախված է տվյալ ցեղի ծագումնաբանության առավել մեծ կամ առավել նվազ արժանավորության աստիճանից. Լիայի և Ռաքելի հարազատ որդիները տաճարին ավելի մոտ գտնվող հողատարածքներ են ստանում, քան աղախիններից ծնված որդիները (Լիայի աղախինը Զելփան էր, իսկ Ռաքելի աղախինը` Բալլան): Լիայի և Ռաքելի հարազատ որդիներն անմիջականորեն «շրջապատում» են տաճարը` Հուդայի և Բենիամինի ցեղերի ծավալած պատմական գործունեությանը համապատասխան:
Տաճարից դեպի հյուսիս գտնվում էին Լիայից սերող երեք կարևորագույն ցեղերը (հետևյալ հաջորդականությամբ՝ Ռուբեն, Հուդա, Ղևի – հմմտ. դեռևս Բ Օրին. 33:7-րդ համար), իսկ դեպի հարավ` մնացած ցեղերը: Առաջին խմբի գլխավոր «դիրքը» զբաղեցնում է Ռաքելի ավագ որդին, երկրորդ խմբի «վերնամասում» էլ կանգնած է նույն Ռաքելի կրտսեր որդին: Ավելի ծայրամասային դիրք են զբաղեցնում աղախիններից սերած ցեղերը. նրանցից Լիայի աղախնուց սերող ավագ ցեղը (Գադը) գտնվում է անմիջապես Լիայից սերող ցեղերի կողքին: Ռաքելից սերող ցեղերի կողքին դարձյալ գտնվում են Ռաքելի աղախնուց սերող ցեղերը` Նեփթաղիմի ցեղը՝ իր ծավալած պատմական գործունեությանը համապատասխան, ինչպես նաև` հարևան Ասերի ցեղը։ Պատմականորեն ունեցած նշանակության առումով մեծագույն «զիջողությունն» այն է եղել, որ տաճարը չէր գտնվում Սուրբ Երկրի ամենակենտրոնական հատվածում, այլ մի փոքր տեղաշարժված էր դեպի հարավ (1-29-րդ համարներ): Այդ նույն սկզբունքով ապագա Սուրբ Քաղաքի 12 դարպասներն էլ են բաշխվում 12 ցեղերի մեջ (30-35-րդ համարներ): Լիայից սերող ցեղերը, որոնք տեղակայված էին հյուսիսային կողմում, դարպասներ են ստանում քաղաքի հյուսիսային հատվածում, իսկ հարավում տեղակայվածները՝ հարավային կողմում։ Ռաքելից սերող ցեղերը դարպասներ են ստանում ամենապատվավոր` արևելյան կողմում. այդտեղ է դարպաս ստանում նաև Ռաքելի աղախնուց սերող ցեղերից ավագը (Դանի ցեղը), իսկ կրտսեր ցեղը (Նեփթաղիմը) դարպաս է ստանում քաղաքի տրամագծորեն հակառակ, հանդիպակաց անկյունում (համաչափության պահպանման համար)։ Արևմտյան պարսպի մնացած երկու դարպասները տրվում են Լիայի աղախնուց սերող ցեղերին (տե'ս 16-րդ համարը)։ Այս բոլորը վկայում են ապագա, նոր Իսրայելում սրբության տարբեր աստիճանների առկայության մասին` մի հանգամանք, որը պայմանավորում է նաև ցեղերի` Աստծուն մոտ լինելու տարբեր «հեռավորությունները», ինչն էլ իր հերթին կապված է ժողովրդի ծագման ու զարգացման պատմական առանձնահատկությունների, ծավալած գործունեության և ունեցած պատմական նշանակության հետ։
«Սրանք են ցեղերի անունները։ Հյուսիսային ծայրամասում Եթլոնի ճանապարհի մոտով, որը տանում է դեպի Եմաթ, Ասար-Ենան՝ Դամասկոսի հյուսիսային սահմանից՝ Եմաթի ճանապարհով. այս բոլորը` արևելքից մինչև ծով, Դանի մեկ բաժինն է» - ցեղերի տեղակայումը սկսվում է հյուսիսից, ինչպես որ նշվում է Յոթանասնից թարգմանության առաջին համարում՝ «սրանք են ցեղերի անունները` սկսած հյուսիսից» (երկրի հյուսիսային ծայրից): Այնուհետև Եզեկ. 45:15-17-րդ համարներից կրկնվում է երկրի հյուսիսային սահմանի վերաբերյալ տրված սահմանումը, սակայն շատ ավելի համառոտված և տեղ-տեղ էլ անհասկանալի տեսքով:
«Եթլոնի ճանապարհի մոտով, որը տանում է դեպի Եմաթ, Ասար-Ենան», բառացիորեն` «Եթլոնի ճանապարհին (այդ ուղղությամբ)՝ Եմաթի մուտքի մոտ, Ասար-Ենան»։ Հյուսիսային սահմանի սկզբնակետը չի նշվում` ի տարբերություն Եզեկ. 47:17-րդ համարի («ծովից»), ուստի նորագույն շրջանի մեկնաբանները սույն հատվածի առաջին բառը «վերափոխում» են այդօրինակ մի ցուցումի): Եթլոն, Եմաթ, Ասար-Ենան քաղաքների տաղակայվածության վայրի մասին տե՛ս Եզեկ. 47:15-17-րդ համարների բացատրությունը...
«Ենանի գավիթը» (մուտքի մոտ) - Եմաթի մուտքը ներկայացվում է որպես դեպի Ասար-Ենան տանող ճանապարհ...
«Դամասկոսի հյուսիսային սահմանից՝ Եմաթի ճանապարհով» - բառացիորեն` «Դամասկոսի սահմանը հյուսիսից մինչև Եմաթ»։ Սահմանի նկարագրությունը «վերադառնում» է Ասար-Ենանից՝ նրա ամենաարևելյան եզրագծից, որպեսզի այդպիսով, ինչպես որ Եզեկ. 47:17-րդ համարում էր (այնտեղ կիրառվում է նույնանման, բայց ավելի ընդարձակ մի արտահայտություն), ցույց տրվի ապագա Սուրբ Երկրին կից գտնվող հեթանոսական երկրները, որոնք չպետք է ներառվեին Սուրբ Երկրի տարածքի մեջ...
«Այս բոլորը` արևելքից մինչև ծով» - ըստ երևույթին, այստեղ ուշադրություն է հրավիրվում ցեղերին բաժին ընկնող հողակտորների լայնարձակ տարածվածության վրա. հին ժամանակներում ոչ մի ցեղ չէր տիրապետում Քանանի այսքան լայնընդարձակ տարածության (ասել է թե` Քանանի տարածքին` ամբողջ լայնքով մեկ): Իսկ ինչ վերաբերում է Դանի ցեղին, որի մասին այստեղ խոսվում է, ապա նրան բաժին էր ընկել ամենափոքր հողակտորը` տեղակայված Հուդայի կողքին, ինչն էլ Դանի ցեղին մղում է իր համար տեղ փնտրելու Քանանի ավելի ազատ, դեռևս չնվաճված հյուսիսային հատվածում և այնտեղ իր անունով հիմնելու մի քաղաք, որը հետագայում պետք է համարվեր Սուրբ Երկրի հյուսիսային ծայրակետը (Գ Թագ. 3:10-րդ համար և այլ տեղիներ)...
«Դանի մեկ բաժինն է» - բառացիորեն` «Դանը` մեկ»...
--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) «Սրանք են ցեղերի սահմանները. հիւսիսից սկսած, զառիթափի կողմով, որ բաժանում է Եմաթի ճանապարհը եւ Աւնանի հանգրուանը, Դամասկոսի հիւսիսային սահմանն է՝ Եմաթի կողմից: Դրանց արեւելեան կողմից մինչեւ արեւմուտք՝ մէկ բաժին կը լինի Դանի ցեղին:
(Արարատ թարգ․) «Սրանք են ցեղերի անունները։ Հյուսիսի ծայրից Եթլոնի ճանապարհի մոտով Լեբո-Եմաթ և Ասար-Ենան՝ Դամասկոսի սահմանը մինչև Եմաթ, դեպի հյուսիս. արևելյան սահմանից մինչև ծովը. Դանը՝ մեկ բաժին։
(Գրաբար) Եւ ա՛յս են սահմանք ցեղիցն. իսկզբանէ կողմանն հիւսւսոյ ըստ կողման զառիթափին, որ զատանէ ընդ մուտս Էմաթու հանգրուանին Աւնանու. սահման Դամասկոսի առ հիւսւսով ըստ կողման բնակութեանն Եմաթայ։ Եւ եղիցի նոցա արևելակողմ մինչև ‘ի ծովակողմ՝ Դանայ բաժին մի:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: